Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայացել է Սուրբ Գիրոգիին նվիրված պարի փառատոն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր շրջաններից պարային համույթներ, այդ թվում՝ Վարևանի պարային համույթը։ Փառատոնի ընթացքում պարուսույց Մանվել Սահարյանն արժանացել է «Ամագդարի» շքանշանի։
Մանվել Սահարյանը որպես պարուսույց աշխատում է երկու գյուղում՝ Խանդոյում և Վարևանում։ Վարևանի պարային համույթն իր գործուներությունը սկսել է այս տարի, իսկ Խանդոյի պարային համույթը 7 տարի է ինչ գործում է։ Այս փառատոնին Սահարյանը ներկայացել է Վարևանի համույթի հետ։
Մանվելի համար շքանշան ստանալն անսպասելի է եղել։
«Ինձ համար շատ անսպասելի պարգև էր, քանի որ լինելով երիտասարդ պարուսույց չէի սպասում նման պարգևի, բայց շատ ուրախ եմ, որ երիտասարդ տարիքում իմ ստեղծագործական աշխատանքը գնահատվել է Վրաստանի պարարվեստի միության կողմից, և շնորհակալ եմ սաներիս, որովհետև իրենց փայլուն ելույթների շնորհիվ է, որ արժանացել եմ շքանշանի», – ասում է Մանվելը։
Վերջինս հպարտությամբ է նշում, իր ղեկավարած խմբերը Վրաստանի տարբեր քաղաքներում մասնակցել են տարբեր փառատոնների, իսկ առաջիկայում ծրագրավորում են մեկնել Հայաստան և Եվրոպական երկրներ։
Խանդո և Վարևան գյուղերի պարի համույթների սաները շաբաթական երեք օր են հաճախում պարի, գործում է երեք խումբ, տարբեր տարիքի երեխաների համար՝ 3-6, 7-10 և 10-18 տարեկան։
Մանվելը պարի հանդեպ սեր փոքրուց է ունեցել։ Փոքր տարիքից հաճախել է պարի, իսկ 2017 թվականից սկսել է իր գործունեությունը Smart school ուսումնական կենտրոնում, որից հետո գրեթե չորս տարի է արդեն աշխատում է առանձին։
«Այդ տարիների ընթացքում ես և համույթս արժանացել ենք տարբեր մրցանակների։ 2018 թվականին ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժին։ Ինչպես նաև ապագայում կսպասվի անակնկալներ կապված թատերական արվեստի հետ», – ավելացրեց նա։
Մանվելն առանձնակի ոգևորությամբ է խոսում իր երկու համույթների մասին։