2023 թվականն բեղմնավոր էր մունիցիպալիտետի համար նաև մշակույթի ոլորտում: Մունիցիպալիտետի համար տարբեր հաղթանակներ բերեցին Ախալքալաքի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև մունիցիպալիտետի պարային համույթները։
«Ջավախք» պարային համույթը՝ Լամարա Քսպոյանի ղեկավարությամբ, այս տարի մասնակցել է շուրջ 10 փառատոների («Ջավախքի գարուն», «Ազգային տարազ», «Ջիվանու օր», Անկախության օր, Պարի միջազգային օր, Ասմունքի փառատոնների և այլ տոների) Ախալքալաքում, ինչպես նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ Բակուրիանի, Քոբուլեթի, Թբիլիսի։ Եվ հենց վերջերս՝ դեկտեմբերի 9-19-ը, համույթն այցելեց ԱՄԷ և այնտեղ ստացավ դիպլոմներ ու գավաթներ։
Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը մշակույթի ոլորտում ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ շատ գյուղերում, նույնիսկ այնտեղ, որտեղ գյուղական ակումբ չկա, մշտական հիմունքներով գործում են պարային համույթներ։
«Նրանք մասնակցում են փառատոների ոչ միայն Երևանում և Թբիլիսիում, այլև մեկնում են արտերկիր, այս տարի Կումուրդո գյուղի անսամբլը մեկնել էր Բուլղարիա»,- նշեց Քսպոյանը։
Մունիցիպալիտետի գյուղական համույթների 7 ղեկավարներ Պարարվեստի միության կողմից ստացել են ոսկե մեդալներ, ևս 4 ղեկավարներ՝ շքանշաններ։
Ախալքալաքի արվեստի դպրոցն այս տարի Գիորգոբայի տոնին մասնակցել է Թելավիի փառատոնին, որտեղից սաները վերադարձել են պատվոգրերով։ Դպրոցը բազմաթիվ ցուցահանդեսներ է անցկացրել Ախալքալաքում՝ ինչպես սեփական պատերի ներսում, այնպես էլ այլ միջոցառումների ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դպրոցը շուրջ 4 ամիս վերանորոգման մեջ էր։ Ախալքալաքի արվեստի դպրոցում ընդհանուր առմամբ սովորում է 45 աշակերտ՝ 6 տարեկանից սկսած։
Ախալքալաքի երաժշտական դպրոցի համար 2023 թվականը նույնպես բեղմնավոր էր: Դպրոցի աշակերտները մասնակցել են Բաթումիի «Ապագայի աստղեր» փառատոնին, որտեղ նվագել են նվագախմբի հետ, որտեղ դպրոցն ունեցել է 3 դափնեկիր և 2 մրցանակակիր, ինչպես նաև մեկ ժյուրիի համակրանք մրցանակ։ Բացի այդ, Վրաստանից Փարիզ են մեկնել ընդամենը 4 երաժիշտ, այդ թվում՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցի 2 սաներ՝ Արսեն Կարապետյանը և Անահիտ Ստելմաշովան (դպրոցի նախկին սան)։
«Մուրջի» համույթը տարվա արդյունքներն ամփոփում է՝ որակելով այն հաջողված: Այս տարի համույթը նոր երգացանկ ունի՝ նոր բեմադրությունների պրեմիերաներ են անցկացրել։ Համույթը մասնակցել է նաև Միջազգային փառատոնին Անթալիայում, որտեղ 12 երկրների ներկայացուցիչներ էին, 32 անսամբլ։ Բացի այդ, «Մուրջին» մասնակցել է Սաիրմեում անցկացվող փառատոնին, որտեղ նրանք ստացել են Ֆրանսիայի փառատոնին մասնակցելու ուղեգիր: Նրանք միակն են Վրաստանից, ովքեր մեկնելու են Փարիզի այս միջազգային փառատոնին։
Համույթի տնօրեն Գիորգի Մետրևելին տարվա կարևոր ձեռքբերումը համարում է այն, որ կրտսեր խումբն առաջին անգամ հանդես եկավ մեծ բեմում։