Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն աշխարհում գտնվում է Թբիլիսիում: Ներկա պահին այն դեռ գտնվում է շինարարական-վերակառուցման փուլում, սակայն սպասվում է, որ մինչև տարեվերջ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը կընդունի իր հանդիսատեսին:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ:
Աշխատանքների շրջանակներում արդեն իրականացվել է հին շենքի ամբողջական ապամոնտաժումը, իսկ թատրոնի շինարարական և վերակառուցման աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը Jnews-ի հետ զրույցում ասաց.
«Շինարարությունը ավարտական փուլում է գտնվում, եթե ոչինչ չխանգարի, ապա այս տարվա վերջ կկարողանանք մտնել թատրոն: Սակայն շուրջ երեք տարի տևած շինարարությունը չի խաթարել թատրոնի աշխատանքները: Այս պահին մենք ռուսական թատրոնի շենքում ենք և թատրոնը գործում է, գնում ենք հայաշատ վայրեր, ներկայացումներ ենք խաղում նաև Ռուսթավելու անվան թատրոնում: Առաջիկայում մեկնելու ենք Երևան, Վանաձոր և կարող եմ ասել, որ մեր աշխատելը շենքի հետ կապ չունի: Թե կոնկրետ, երբ կկարողանանք մտնել Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն դժվարանում եմ ասել»:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2017 թվականի նախագծով թատրոնի շենքը վերակառուցվելու էր, սակայն, երբ պարզ դարձավ, որ շենքը գտնվում էր վթարային վիճակում, հետևաբար, նոր նախագիծ մշակվեց: Ըստ որի՝ նախատեսվում է 6403 քմ մակերեսով ամբողջովին նոր շենքի կառուցում։ Նշենք, որ վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Քարթու» հիմնադրամի միջոցներով, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլին: «Քարթու» հիմնադրամը հանրապետությունում շուրջ 900 հուշարձան է վերանորոգել:
Լիդա Ալմասյան