Այսօր՝ մարտի 10-ին, Մեծ Պահքի Միջինքի օրը Նինոծմինդայի և Ախալքալաքի եկեղեցիներում կազմակերպել էին «Հայկական գաթայի» փառատոն:

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում և բակում մարդաշատ էր: Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները նշում են Միջինքը, այսինքն՝ Մեծ պահքի կեսը: Փառատոնի սկիզբը նշանավորվեց աղոթքով առ Աստված և շարականներով, հավատացյալները աղոթում էին և մոմեր վառում: Իսկ եկեղեցու բակում սեղան էր բացված պահքի ուտեստներով՝ ավելուկի աղցան, պասուց (պահքի) տոլմա, դդմի մուրաբա, ընկույզի մուրաբա… Սեղաններին կային չրատեսակներով փլավ և այլ ուտեստներ, սակայն համեղությունների մեջ գլխավոր տեղը զբաղեցնում էր հայկական ավանդական գաթան՝ թե՛ աղի գաթան՝ ախալքախալքյան տարբերակով, և թե՛ քաղցր ավանդական գաթան: Սեղանները զարդարում էին ոչ միայն համեղ ուտելիքները, այլ նաև ավանդական նախշազարդերով սփռոցները և տարազներով տիկնիկները: Վաչիանի ազգագրական համույթը պարեց հավատավոր ժողովրդի համար:

9

1

7

3

Այնուհետև, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը խոսեց Մեծ պահքի և Միջինքի մասին, օրհնեց ներկաներին և սնունդը ու պատվոգրեր, հուշանվերներ հանձնեց գաթա և այլ համեղություններ պատրաստած տանտիրուհիներին:

Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Մեծ պասի քառասունինն օրերի ուղիղ կեսը` չորեքշաբթի. հայտնի էր «Միջինք» անունով և ուներ արարողությունների իր շղթան: Միջինքից սկսած, երեկոյան ժամերգության ընթացքում, սկսում են երգել շարականներ՝ հատուկ ձայնային ելևեջներով՝ դիմելով ավելի հանդիսավոր հանգերանգների: Ջավախքում, ավանդույթի համաձայն, այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում մեջը հուլունք կամ դրամ էին դնում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին։ Իսկ կտրելիս հավասար բաժին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին: Ում բաժնի միջից դուրս գար դրամը, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

6

2

8

4

5

Մեծ պահքը սկսվել է փետրվարի 15-ին, իսկ Զատիկը Հայ առաքելական եկեղեցին կտոնի ապրիլի 4-ին:

Քրիստինե Մարաբյան