Կուլիկամ գյուղի ամենատարեց բնակիչը, չնայած պատկառելի տարիքին շարունակում է դհոլ նվագել:

95 տարեկան Էսակ (Եսայի) Մկոյանը գյուղում հայտնի է, որպես դհոլահար, կար ժամանակ, որ ոչ մի միջոցառում՝ ուրախությունից մինչև տխրություն, առանց նրա դհոլի ձայնի չէր անցկացվում: Այսօր նա դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն մատները ձգում են դեպի սիրելի գործիքը։

«Ես փոքրուց՝ 8 տարեկանից դհոլ եմ նվագել։ Հայրս երաժիշտ էր և երբ գնում էր հարսանիքների, բանակից զորացրվելու և այլ խնճույքների ինձ միշտ հետը տանում էր, և մենք միասին նվագում ու երգում էինք։ Ճիշտ է, հիմա եմ ծերացել, բայց երբ ձեռքս դհոլ եմ վերցնում անպայման փորձում եմ նվագել»,- ասում է Էսակ պապը։

2

Նա ծնվել է 1925 թ.-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Կուլիկամի միջնակարգ դպրցում, այնուհետև ուսումը շարունակել է Ախալքալաքի տասնամյա դպրոցում։

Այսօր տարիքի պատճառով 95-ամյա դհոլահարի հիշողությունն այնքան էլ լավ չէ, նա ասում է, որ շատ հետաքրքիր իրադարձություններ են եղել իր կյանքում, սակայն չի կարողանում ամբողջությամբ վերհիշել անցյալի դրվագները։

Երեք քրոջ միակ եղբայրը, հիշում է, որ փոքրուց օգնել է ծնողներին, ինչպես գյուղատնտեսական աշխատանքներին, այնպես էլ տնային գործերին։ Ու միաժամանակ հասցրել է երկու դպրոց ավարտել։

Առանձնակի ոգևորությամբ է պատմում իր երիտասարդ տարիների զվարճալի պատմությունները, թե ինչպես էին գյուղական ծանր աշխատանքային օրվանից հետո հավաքվում ամբողջ գյուղով և մինչև լուսաբաց երգում ու պարում։

Էսակ Մկոյանի հայրը նույնպես երաժիշտությամբ է զբացվել, որդին գնացել է հոր ճանապարհով, չի դժգոհում, դհոլը նրա տարերքն է եղել, որը և ապրուստի միջոց է եղել, և հոգու կանչ: Այսօր Էսակ պապի երաժշտական ուղին շարունակում է ծոռնուհին, որը Ռուսաստանի դաշնության Պրյանսկի մարզում երգի մրցույթում գրավել է առաջին պատվավոր հորիզոնական:

95-ամյա դհոլահարը հպարտությամբ է նշում, որ ծոռնուհին շարունակում է իր գործը:

3

Ժաննա Չոգանդարյան