Զակ գյուղի ամբուլատորիան հնարավոր է ձմռանը չգործի։ Պատճառը ջեռուցումն է։ Բանն այն է, խողովակները մակերեսային են տարված և  ջեռուցման համակարգում չկա հակասառեցուցիչ նյութ (անտիֆրիզ`նյութ, որն իջեցնում է հեղուկի սառչելու աստիճանը)։ Տարածքային բժիշկն ասում է՝ հնարավոր է ձմռանը բուժկետը չգործի, քանի որ անհնար է սառնամանիքներին ամբուլատորիայում հիվանդ ընդունել։

Զակ գյուղի տարածքային բժիշկ (Զակ, Գոման և Օլավերդ) Նաիրա Սրմիկյանն ասում է․

«Ջեռուցման խնդրով ես բանավոր դիմել եմ մեր կոորդինատորին՝ Կախա Բերիձեին, մի քանի անգամ տեղեկացրել եմ, մոտ մի շաբաթ առաջ նույնպես։ Նա ասաց, որ ինքը կզբաղվի այդ հարցով։ Իսկ երբ բուժկետը պատկանում էր մունիցիպալիտետին, այդ ժամանակ նույն խնդրով դիմել եմ տեղական իշխանություններին։ Ջրի խողովակները գետնի վրայից է տարված և ձմռանը այն սառչում է»։

2019 թվականին Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ շրջաններում կառուցվեցին ամբուլատորիաներ և շտապ բուժօգնության կենտրոններ: Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս՝ Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում ևս կառուցվել են ամբուլատորիաներ։ Չորս գյուղում նոր ամբուլատորիաներ կառուցելու համար հատկացվել է 360 000 լարի, որից 86 718 լարին ծախսվել է Զակի ամբուլատորիայի կառուցման վրա։ Ամբուլատորիան կառուցվել է 2019-2020 թվականներին, որը շահագործման է հանձնվել 2021 թվականին։ Արդեն երկրորդ տարին է, ամբուլատորիան գործում է, բայց միայն տաք եղանակներին, շաբաթական երեք օր։ Ձմռանը տարածքային բժիշկը ստիպված է լինում հիվանդներին ընդունել կամ գյուղի դպրոցում, կամ էլ տնետուն է անցնում։

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ ամբուլատորիայում ջեռուցման համակարգի միացման հարցերով Հոլդինգն է զբաղվում։

«Ջեռուցման համակարգը դեռ երբևէ միացված չի եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող ասել այդ խողովակներում ջուրը կսառչի՞, թե ոչ։ Բժշկուհին կամ բուժքույրը պետք է գրավոր դիմում ներկայացնեն ինձ, որ ես դիմեմ «Վրաստանի բժշկական հոլդինգին», որպեսզի հետևողական լինեն այս հարցին։ Սակայն պետք է նշեմ, որ ջեռուցման համակարգը միացնելուց հետո ամբուլատորիան պետք է մշտապես բաց լինի, որպեսզի չսառչի և ավելի չվատանա վիճակը»,- ավելացնում է Սիրանուշ Տոնականյանը։

Նշենք, որ բժշկա-սանիտարական առաջնային ծառայությունները և բուժանձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով պետությունը որոշել է Վրաստանի ողջ գյուղական շրջաններում բժշկական ամբուլատորիաները փոխանցել «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Վրաստանի բժշկական հոլդինգին» է փոխանցվել Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, Էխտիլա, Ալաստան, Կարտիկամ և Կումուրդո գյուղերի ամբուլատորիաները։

Կարդացեք նաև՝