Ախալքալաքում վերջին ժամանակներս նկատվում է թունավորման ախտանիշ ունեցող հիվանդություն: Սակայն փորձագետները նշում են, որ սա վիրուս է:
Մի ամիս է, ինչ Ախալքալաքում, տարածվում է հիվանդություն հիմնականում երեխաների վրա, որը ուղեկցվում է տաքության, սրտխառնոցի և փորլուծության հետ միասին: Մեծահասակները նույնպես հիվանդանում են, բայց, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, ինչքան ավելի փոքր է մարդու տարիքը, այնքան դժվար է տանում հիվանդությունը:
Ոմանք սկսում են եռացնել ջուրը, հետո նոր օգտագործել այն, մտածելով, որ պատճառը ջուրն է, ոմանք մեղքը գցում են ձմերուկի և այլ մրգերի վրա: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունն անցնում է 1 օրից, իսկ ոմանք տառապում են մինչ 3-4 օր:
«Ես գիտեի, որ շատ երեխաներ են հիվանդանում: Նրանց մոտ բարձրանում է ջերմությունը, ոմանք ունենում են կոկորդի ցավ, փսխում և սրտխառնոց: Հարևանիս տղան վերջերս հիվանդ էր, հետո իմ տղան նրա հետ խաղալուց հետո հիվանդացավ: Այդ պատճառով ես, կարծում եմ, որ դա հավանաբար վիրուս է: Իմ որդին բարձր ջերմություն ուներ, ամբողջ օրը փսխում էր», – ասաց մի մայր:
Չնայած, որ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը պաշտոնական տվյալներ չունի, սակայն այստեղ ևս մտածում են, որ Ախալքալաքում վիրուս է տարածվում:
«Վտանգ չկա: Մենք հիվանդանոցից տեղեկություններ չունենք: Բայց ես կարծում եմ, որ դա կապված չէ ջրի կամ սննդի հետ, դա վիրուս է: Մեզ մոտ ցերեկը շոգ է, երեկոյան ցուրտ, մարդիկ մրսածություն են ձեռք բերում: Եթե վտանգ լիներ, հիվանդանոցում առնվազն մեկ դեպք կգրանցվեր», – ասում է Ավետ Տոնականյանը:
Իսկ որպեսզի վիրուսը ձեզ չկպչի, պետք է հետևեք ձեր հիգիենային, խմեք շատ հեղուկ, չմրսեք և պահպանեք իմունիտետը վիտամիններով և մրգերով:
Շուշան Շիրինյան