COVID-19-ի մասին և արդյոք այն կարելի է համարել անցած էտապ, ինչպես է կորոնավիրուսն ազդել սեզոնային վիրուսային հիվանդությունների վրա, որ վիրուսն է այժմ տարածված Վրաստանում և շատ ավելիի մասին JNEWS-ը զրուցել է Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իվանե Չխաիձեի հետ։

Կարելի է համարել, որ covid-19-ը անցած էտապ է։

Սա ամենակարևոր հարցն է, քանի որ բոլորը սպասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական հայտարարությանը, որ COVID-19 համավարակն ավարտվել է։ Այն (խմբ. ԱՀԿ) պարզապես չի շտապում հայտարարել: Պատճառը: Դա Չինաստանում, տարեվերջին (2022 թվականի) վարակվածների թվի կտրուկ ավելացումն է։ Այնտեղ՝ 2022 թվականի նոյեմբերին, մեկ օրում վարակվածների թիվը հասավ 1 միլիոնի։ Եվ երկրորդ, հույժ կարևոր հարցը, օմիկրոնի նոր, ենթատարբերակի, այսպես կոչված, XBB1.5-ի ի հայտ գալն է։ Սա այն տարբերակն է, որը բնութագրվում է ամենաարագ տարածմամբ։ Կորոնավիրուսի համավարակի ավարտը կախված է այս երկու գործոններից: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ վարակվածների թիվը չի նվազում, մահերը նվազագույն մակարդակի վրա են, սա շատ դրական տեղեկություն է։ Վերջին մուտացիան, որն ազդել է ոչ միայն հիվանդացության, այլ նաև մահացության աճի վրա, գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին։ Ելնելով դրանից, կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսը սպառել է իր հնարավորությունները լուրջ և ծանր վարակների առումով։ Մենք կարծում ենք, որ մի քանի ամսվա ընթացքում ԱՀԿ-ն կրկին կվերանայի իր գնահատականը և, հավանաբար, 2023 թվականին մենք կլսենք, որ ԱՀԿ-ն կհայտարարի համավարակի ավարտի մասին։

Այնուամենայնիվ, ինչն օգնեց հաղթահարել Covid-19-ը:

Պատվաստվածների և Covid-19-ով հիվանդացածների թիվը հասնում է մեծ տոկոսային արտահայտման` 80%-90%, ինչը նշանակում է, որ աշխարհի շատ երկրներում բնակչության մեծ մասն արդեն որոշակի դիմադրողականություն ունի։ Վրաստանում այս դիմադրողականությունը ստեղծվել է առաջին հերթին վարակվածների մեծ թվի պատճառով։ Քչերն են ստացել պատվաստման ամբողջական չափաբաժինը, երբ խոսում ենք լրիվ չափաբաժնի մասին, դա ոչ թե 2 դեղաչափ է, այլ 3-4: Քանի որ Վրաստանում, ներկայումս շրջանառվող տարբերակի՝ օմիկրոնի դեպքում, պատվաստման երկու չափաբաժինը բավարար չէ։ Վրաստանում այժմ 1 միլիոն 300 հազար մարդ ստացել է երկու դեղաչափ, իսկ մոտ 300 հազարը ստացել է երեք դեղաչափ: Միասին սա մեզ տալիս է որոշակի թվով մարդկանց, ովքեր կամ բնական իմունիտետ ունեն, կամ արհեստական իմունիտետ պատվաստումից հետո:

Եթե ԱՀԿ-ն հայտարարի Covid-19 համավարակի ավարտի մասին, դա նշանակում է, որ վիրուսն այլևս չի սպառնում մարդկությանը:

Ոչ, վիրուսը չի անհետանա, դա ամենավատն է: Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետացել: Հիմա մեր ունեցած տվյալներով, ընդհակառակը, վերջին շաբաթներին տոկոսային հարաբերությամբ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, նրանց թիվն ավելի շատ է, քան գրիպով վարակվածներինը։ Հունվարի սկզբին գրիպի վիրուսն ավելի շատ էր շրջանառվում, իսկ այժմ կորոնավիրուսն է ավելի շատ։

Covid-19-ի հայտնվելուց հետո, սեզոնային վիրուսները, կարծես, փոխել են իրենց վարքագիծը: Ինչպես կբացատրեք դա:

Երբ մենք խոսում ենք վիրուսային վարակների սեզոնայնության մասին, մենք միշտ նկատի ունենք շնչառական վիրուսները, ինչպիսիք են գրիպը, ադենովիրուսը և այլն: Վրաստանում այն սկսվում է աշնան վերջից՝ նոյեմբերի սկզբից մինչև գարնան սկիզբը և ավարտվում մարտի վերջին։ Կորոնավիրուսն ամբողջությամբ փոխեց այս պատկերը, և 2020-2021 թվականներին աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, գրիպի դեպք գործնականում չի գրանցված, բայց կա կորոնավիրուս։ Սա շատ հեշտ է բացատրել, երբ մենք հայտարարում ենք տարբեր կարանտիններ, մեկուսացման միջոցառումներ, կրում ենք դիմակներ, լվանում ենք ձեռքերը, գործում ենք նաև ընդդեմ գրիպի վիրուսի։ Գրիպի վիրուսը անհետացավ երկու տարով, 2022 թվականից սկսած սահմանափակող միջոցառումները մեղմվեցին, մենք հանեցինք դիմակները, գրիպի դեպքերը շատ ավելի շատացան։ Պարադոքսալ իրավիճակ է, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում, մենք նկատում ենք գրիպով վարակվածների թվի աճ ոչ թե ձմռանը, ոչ թե աշնանը, այլ՝ ամռանը։ Վրաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Այս տարի մայիս-հունիս ամիսներին գրիպով վարակման շատ ուժեղ ալիք մենք ունեցանք։ Բայց 2022 թվականի աշնանից սկսած՝ ամեն ինչ արդեն ընթանում է այն սցենարներով, որոնք նկատվում էին մինչև կորոնավիրուսը։ Covid-19-ը երկու տարում փոխեց վիրուսային վարակների քանակն ու պատկերը, սակայն 2022 թվականից սկսած ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ։

Տարեկան միշտ գրանցվել է վարակիչ հիվանդությունների մեկ պիկային փուլ: Վերջին շրջանում դրանք կարծես ավելի շատ են դարձել:

2022 թ-ին պիկը դիտվել է փետրվարին, այնուհետև մայիս-հունիսին, ապա պիկը սկսվել է հոկտեմբերի վերջին, այսինքն՝ երեք պիկ։ Երեքն էլ շնչառական վարակներին բնորոշ չեն: Այսպիսի վիճակ եղավ ոչ միայն Վրաստանում, այլ նաև այլ երկրներում։ Հուսով ենք, որ սա վերջին տարին է, երբ նման պատկեր ենք տեսնում լուրջ վարակների պատմության մեջ։

Որ վիրուս է ներկայումս շրջանառվում Վրաստանում:

Սա ոչ միայն տեսական հարց է, այլ տեղեկություն է նաև բժիշկների համար, քանի որ տարբեր վիրուսներ տարբեր կերպ են բուժվում։ Բարեբախտաբար, մենք ունենք կորոնավիրուսը և գրիպը, հատուկ հակավիրուսային դեղամիջոցներով, բուժելու հնարավորություն։ Ահա Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վերջին տվյալները, որոնք ցույց են տալիս, որ հաստատված դեպքերի լաբորատոր հետազոտությունների տոկոսային հարաբերակցությամբ ամենահաճախը հանդիպում է կորոնավիրուսը և կազմում է մոտ 38%, երկրորդ տեղում գրիպն է՝ 20%: Այս 20%-ից ամենից հաճախ հայտնաբերվում է համավարակային գրիպը կամ H1N1-ը: Այժմ մեզ մոտ հիմնականում շրջանառվում է կորոնավիրուսը, երկրորդ տեղում գրիպի վիրուսն է, այսինքն A տիպի գրիպը, իսկ երրորդում՝ ռինովիրուսը և շնչառական վիրուսները։ Եթե պատճառը կորոնավիրուսն է, ապա մենք ունենք հակավիրուսային դեղամիջոց։ Նման հիվանդներին հնարավոր է բուժել հատուկ Paxlovid դեղամիջոցով, որն օգնում է խուսափել բարդություններից և ծանր ընթացքից։ Եթե վարակված հիվանդը Paxlovid է ընդունում 5 օրվա ընթացքում՝ սկսած առաջին օրվանից, դա նվազեցնում է լուրջ բարդությունների զարգացման վտանգը 89%-ով, իսկ եթե վարակվել և հոսպիտալացվել է գրիպի վիրուսով, ապա կա ANTIFLU դեղամիջոցը։ Այսինքն՝ կախված վիրուսի կոնկրետ տեսակից՝ բժիշկը կարող է կոնկրետ բուժում նշանակել։

Ինչպես կգնահատեք այսօր Վրաստանում տիրող վիրուսային իրավիճակը

Եթե նայեք վերջին երկու-երեք ամսվա տվյալները, ապա շատ պարզ է դառնում, որ շնչառական վիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է տարվա 46-րդ շաբաթում, սա նոյեմբերի վերջն է և վարակի գագաթնակետը գալիս է այդ ժամանակ: Դրանից հետո նկատվում է գրիպի կամ նմանատիպ հիվանդությունների դեպքերի նվազում։ Վարակվածության պիկը արդեն ետևում է, մարտին ակնկալում ենք աննշան աճ և կարող է լինել հիվանդացության նոր աճ, բայց որ ամենակարևորն է, վստահաբար կարելի է ասել, որ շնչառական վարակների պիկն արդեն անցել է։

Ինչպիսին է վիրուսների վարքագիծը երեխաների դեպքում

Այժմ մենք տեղեկություններ ունենք, որ շրջանառվող գրիպի վիրուսները և կորոնավիրուսային վիրուսները տարբեր կերպ են իրենց դրսևորում։ Կորոնավիրուսը երեխաների վիրուս չէ, բայց գրիպը երեխաների վիրուս է։ Հետևաբար, երեխաները գրիպով հիվանդանալու վտանգի տակ են, իսկ կորոնավիրուսի դեպքում՝ մեծահասակները, 65 տարեկանից բարձր անձինք և հղի կանայք։

Ինչպես կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին գրիպից:

Պատվաստումը հիանալի միջոց է։ Կորոնավիրուսի դեմ մենք չենք պատվաստում մինչև 5 տարեկան երեխաներին: Ուզում եմ հիշեցնել ծնողներին, որ մենք խորհուրդ ենք տալիս հոկտեմբերից սկսել երեխաներին գրիպի դեմ պատվաստել, հատկապես մինչև 5 տարեկանը։ Այս տարիքային խմբում ընդգրկված են նաև մինչև 2 տարեկան երեխաները։ Ինչպես նաև պրոֆիլակտիկա է: Մի ուղարկեք երեխաներին փակ տարածքներ, տոնախմբությունների: Ձմռանը փակ տարածքները վարակի պատճառ են հանդիսանում, բայց շատերը, ցավոք, ուշադրություն չեն դարձնում դրան: Երեխաներին պետք է սովորեցնել հաճախակի լվանալ ձեռքերը, ամպայման, երբ նրանք գալիս են փողոցից, զուգարանից օգտվելուց և այլ առիթներով: Լվանալ ջրով կամ ախտահանիչ միջոցներով: