Երևանի Միքայելյան համալսարանական կլինիկայի միջամտական սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բժիշկ-սրտաբան  Արմեն Օքրոյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղից է։ Այս ոլորտում նա Հայաստանում լավագույններից է։ Իր համառ աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ Արմենը կարողացել է ոչ միայն իրականության վերածել իր մանկության երազանքը, այլև հաջողություններ գրանցել։ Մեր հերոսը բժշկի մասնագիտությունն ընտրել է դեռ մանկուց, երբ ծնողների ուղեկցությամբ բժշկի է գնացել։ Այնքան է նրան դուր եկել սպիտակ խալաթով բժիշկը, որ որոշել է՝ բժիշկ է դառնալու։

«Մանկուց ես արդեն ուզում էի դառնալ բժիշկ, ընդ որում ոչ միայն բժիշկ, այլ հենց սրտաբան։ Փոքր հասակում երբ հարցնում էին, թե ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էի՝ բժիշկ-սրտաբան։ Երևի թե, որ խորանամ մեր տոհմածառի մեջ, ապա բժիշկ չի եղել, առաջինը ես եմ», – ասում է Արմեն Օքրոյանը։

Մեր հերոսը հաճախել է Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցը, այնուհետև բարձրագույն կրթությունը շարունակել է Հայաստանում։ Ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։

«Ինչի ընտրեցի Հայաստան, որովհետև կրթությունս ռուսական է, ռուսական կրթությունուվ որոշակի դժարություններ կլինեին Վրաստանում։ Իսկ Հայաստանում հնարավորություն կար ռուսերենով շարունակել կրթությունս»։

Ընդգծենք, որ 2000-ականների սկզբներին Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցրչների համար որևէ խթանիչ նախագիծ չկար համալսարաններում և հենց այդ պատճառով էլ Ջավախքի երիտասարդների 90 տոկոսը բարձրագույն կրթությունը շարունակում էր Հայաստանում։ Այդպիսով, Արմենը ևս ընտրում է Հայաստանում սովորելու տարբերակը։

Jnews-ի հարցին, թե երբևէ չի մտածել հետ՝ Ջավախք վերադառնալու մասին, նա ասաց․

«Ուղղակի ինձ այստեղ հնարավորություն ընձեռնվեց աշխատել և ես այդ գաղափարից չեմ հրաժարվել։ Նաև ուզում եմ ասել, որ հայությունը հայություն է, ես իմ ծառայությունն եմ իրականացնում, ինձ համար տարբերություն չկա։ Ես չեմ տարանջատում Ջավախք կամ Հայաստան»։

Ասում է, որ ծրագրում է առաջիկայում, առաջին իսկ հնարավորության դեպքում որպես բժիշկ գալ Ջավախք։

«Իհարկե, ես չեմ ուզում գոռոզամտությամբ հայտարարել, բայց պլաններիս մեջ կա գալ Ջավախք, որ այս մասնագիտությունը ինչ-որ չափով ներդնենք և զարգացնենք նաև Ջավախքում։ Ի միջիալյոց Հայաստանում շատ սրտաբաններ կան, որ Ջավախքից են և ցանկությունը Ջավախք գալու միայն իմը չէ, մի մեծ խմբով կգանք»։

Չնայած Արմեն Օքրոյանը բազմիցս հնարավորություն է ունեցել որպես բժիշկ ապրել ու աշխատել այլ երկրներում, սակայն նա մինչև հիմա համառորեն հրաժարվում է այդ առաջարկներից։ «Մնալ Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին»․ այս նշանաբանով է առաջնորդվում մեր հերոսը։ Շեշտում է՝ իր ընտրած մասնագիտությունը պետք է ծառայեցնի իր ժողովրդին։

Armen Oqroyan team

Չնայած այն փաստին, որ դժվար է սրտաբան լինել, բազում անքուն գիշերներ անկցացնել, մեր հերոսը երբեք չի փոշմանել, որ ընտրել է հենց բժշկի մասնագիտությունը։

«Կոնկրետ այս մասնագիտության պարագայում լինում են դեպքեր, որ վատ ավարտ են ունեում, ես հետադարձ հայացք եմ կատարում և իմ քայլերը առանձին-առանձին վերլուծում։ Մշտապես փորձում եմ ինչ-որ բան ուղղել, կատարելագործել իմ աշխատանքում, բայց այդ ընթացքում երբեք չի եղել, որ փոշմանեմ ընտրածս մասնագիտության համար։ Ես համոզված եմ ու վստահ, որ ինձանից լավ մասնագետներ կան, բայց ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և ձգտում եմ լավ կատարել այն»։

Արմենը հիմա արդեն տարիների հեռվից, ժպիտը դեպքին պատմում է, թե ինչպես իր հիվանդներից մեկը չի մահացել ու սպասել է իրեն մինչև առավոտ։

«Ուրեմն առավոտվանից մի 15 հիվանդի ենք հերթագրել վիրահատարան։ Ժամն արդեն գիշերվա 3-ը եղավ, մնացել էր վերջին վիրահատությունը, ես ուժասպառ եմ եղել ու պատրաստվում եմ մտնել հիվանդի սենյակ ու ասել՝ կներեք, էլ չեմ կարող, բայց հիվանդը ամբողջ օրը սպասել է իր հերթին։ Մտա հիվանդի մոտ, մինչ ես կսկսեի խոսել, ինքը թե բժիշկ ջան, մեղք ես, գնա հանգստացի, ես չեմ մեռնի, կսպասեմ մինչև առավոտ։ Ասացի շնորհակալ եմ։ Սպասեց ու առավոտյան կատարեցինք վիրահատությունը»։

Armen Oqroyan operacia

Բժիշկ, ինվազիվ-սրտաբան Արմենը Օքրոյանը նախընտրում է մասնագիտական վերելքների մասին չխոսել։ Ասում է՝ իրենից լավագույնները կան, ինքը երկար ճանապարհ ունի անցնելու նրանց շարքին դասվելու համար։

«Ինձանից լավերը կան, ես դեռ ճանապարհ ունեմ անցնելու, որ լավագույներից լինեմ, որովհետև լավագույները սովորաբար քիչ են, ինքնս ինձ այդ քչերի թվում դեռ չեմ համարում։ Ինչ վերաբերվում է անցած ճանապարհիս, դե բոլոր բժիշկների ճանապարհն էլ ծանր է լինում։ Եղել է մի ժամանակահատված, որ ընտանիքիս հետ ամսվա մեջ ընդամենը 5 օր եմ անցկացրել, մնացած 25 օրն աշխատել եմ, հերթապահություններ եմ ունեցել աշխատանքի երեք վայրում՝ շտապ օգնություն, արդինատուրա, դեղատուն և այդ զոհաբերությունը, բերեց իմ հիմիկվա կարգավիճակին, ինչպես նաև՝ ձգտել, աշխատել, չկանգնել ու չբավարարվել ձեռքբերածով»։

Արմենն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Աղջիկը 19 տարեկան է, իսկ տղան՝ 9-ը։ Չնայած նրանք դեռ փոքր են, սակայն երկուսն էլ որոշել են՝ բժիշկ են դառնալու։

«Ես ընդամենը մեկ անգամ եմ իմ երեխաներին հարց տվել, միգուցե այլ մասնագիտություն ընտրեք։ Երկուսն էլ իմ հարցին պատասխանել են, որ ընտրել են բժշկությունը և ես նրանց չեմ հակաճառել։ Ինչ վերբարում է այն հարցին, որ որպես ծնող ուզում եմ, որ երեխաներս բժիշկ դառնան, ապա չէի ուզի, քանի որ դա չարչարանք է։ Մյուս կողմից իմանալով իմ երեխաների ունակությունները, ապա հարց, ինչի՞ ոչ, չէ որ մեզ լավ բժիշկներ են պետք»։

Չնայած Արմենի գրաֆիկը հագեցած է ու խիտ, լինում է մի օրում 10 և ավելի վիրահատություն է անում, բայց մշտապես փորձում է ժամանակ գտնել ու գալ Ջավախք՝ իր ծննդավայր։ Նրա ծնողները Ջավախքում են ապրում, ինչպես նաև հարազատները։ Ամիսը գոնե մեկ անգամ փորձում է գալ նրանց տեսակցության։

«Ես սովորություն ունեմ առնվազն ամիսը մեկ գնալ իմ հայրենի տուն, կարոտում եմ ծնողներիս, իմ մանկությունն այնտեղ է անցել, մանկությանս ընկեներն այնտեղ են։ Այստեղ աշխատանքի բերումով հանգստանալ չեմ կարող, ծնողներիս տեսնելով եմ հանգստանում, շատ դեպքերում կատակով ասում եմ՝ գնամ քնեմ ու գամ։ Քանի դեռ իմ ծնողները այնտեղ են, ես չեմ դադարի այնտեղ գնալ՝ անկախ ամեն ինչից»։

Արմենը նշում է, որ բժշկության մեջ հրաշքներ են լինում, հաճախ անհավատալի, բայց դրանք լինում են և պատմում է անմիջապես իր հետ կատարվածի մասին։

«Վիրահատարանից դուրս եմ գալիս, մեկ էլ հերթապահ սրտաբանը մոտեցավ ու ասաց, որ ագոնալ վիճակում, գրեթե դիակ են բերել, երբ մոտեցա հիվանդին, տեսա դիակային բծեր, բայց քանի որ հիվանդն արդեն հիվանդանոցում է, պետք է ձեռնարկվի ռենաիմացիոն միջոցներ։ Ես էլ իմ խղճի հանգստության համար սկսեցի քայլեր ձեռնարկել, մեր մասանգիտության մեջ կա ժամանակավոր խթանիչ, ռիթմավար, որ տեղադրում ենք սրտի մեջ։ Ասացի եկեք մասաժով պացիենտին տեղափոխենք արհեստական շնչառության, տեսնենք ինչ կստացվի։ Բայց մտածում եմ, միևնույն է հիվանդը կմահանա։ Մի խոսքով տեղադրեցինք, ցուցանիշները վերականգնվեցին։ Դուրս եկա հարազատներին բացատրեցի, որ մի քանի ժամ ռիթմավարով հնարավոր է պահել։ Հաջորդ օրը գործի գալուց միջանցքում այդ տիկնոջ ամուսինը հանդիպեց, արդեն մտածում էի, որ պետք է ցավացկեմ, բայց չհասցրի ու ինքն սկսեց առաջինը խոսել․  «բժիշկ ջան, գիտեք կինս կարագ է ուզում ուտել, կարող ե՞մ տալ»։ Մեջս կասկած մտավ, մտածեցի երևի շփոթել եմ և նա ուրիշ պացիենտի հարազատ է։ Ասացի եկեք գնանք տեսնենք Ձեր կնոջը, մտանք ռեանիմացիա, տեսնեմ այդ կինը գիտակցության է եկել, ողջ ու առողջ է, կարագ ուտելու ցանկությամբ։ Այդ ամենը մեզ համար նույնպես հավատալու չէր, դա հրաշք էր»։

Իսկ ապագայի ծրագրերի մասին խոսելուց Արմենը շեշտում է՝ բժշկությունը դինամիկ շարժվող ոլորտ է, օր օրի այն զարգանում է։ Ինքը կցանկանար սրտաբանի մասնագիտությունն այնքան զարգացնել Հայաստանում, որ այն հասներ եվրոպական, ամերիկյան մակարդակի։ Այսօր նրա միակ նպատակը դա է։