Ախալքալաքում 15-ամյա Սեյրան Ջորուխյանի յուրաքանչյուր կիրակի սկսվում և ավարտվում է եկեղեցում։ Սեյրանն ապրում է Ախալքալքում։ Արդեն չորս տարի է ծառայում է եկեղեցում։ Մեր հերոսը որոշել է՝ կրթությունը շարունակելու է Գևորգյան հոգևոր ճեմարանում։
Սեյրանը սկզբից հաճախել է եկեղեցու երգչախումբ, երկու տարի երգչախմբում երգելուց հետո Տեր Հոր հորդորով բարձրանում է խորան։
«Երբ երգչախմբում էի, այդ ընթացքում մեջս ցանկություն առաջացավ հաճախել եկեղեցի, խորան բարձրանալ, հետևում էի հոգևորականներին և ինձ շատ դուր եկավ հոգևոր կյանքը։ Շատ եմ մտածել արդյոք պետք է ինձ խորան բարձրանալ, թե ոչ, որոշեցի, որ պետք է բարձրանամ։ Խորան բարձրանալը նախ և առաջ ավելի է ամրապնդում կապը Աստծո հետ, և հետո ավելի շատ ես մոտենում հոգևոր կյանիքն», – ասում է Սեյրանը։
Մեր հերոսը նշում է, որ եկեղեցի հաճախելով նա շատ բան է սովորել, օրինակ՝ գրաբար և աշխարհաբար։ Մասնակցում է ժամեգություններին, պատարագներին, կնունքի և պսակի արարողություններին։ Ինչպես նաև Տեր Հոր հետ գյուղեր է այցելում։
«Այս տարիների ընթացքում ավելի համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, ըստ այդմ՝ ուզում եմ կրթությունս շարունակել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որպեսզի ապագայում դառնամ հոգևորական։ Իհարկե, երկար եմ մատծել ու հասկացել, որ ուզում եմ հոգևորական դառնալ, քանի որ ինձ շատ է դուր եկել մեր այստեղի հոգևորականների կյանքը, ապրելաձևը», – ավելացնում է նա։
Սեյրանն իր պարտականությունները միշտ պարտաճանաչ կատարում է։ Նախքան պատարագը սկսվելը նա զգեստավորում է քահանային, այնուհետև՝ պատրաստում է պատարագի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչպես նաև սուրբ սեղանը։
Երբ Սեյրանը սկսում է հաճախել եկեղեցի, որոշում է մկրտվել և 13 տարեկան հասակում իր մայրիկի հետ միասին մկրտվում են։ Նրա մկրտության անունը Նարեկ է։
«Եկեղեցին ավելի է ամրապնդում հավատքը, սովորեցնում է մարդկանց կանգնել ճիշտ ուղու վրա և չշեղվել այդ ուղուց։ Պետք է նաև շատ կարդալ Աստվածաշունչ»։
Նա եկեղեցին նկարագում է այսպես՝
«ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿԻ մեջ ունենք մի տող որտեղ ասում ենք հավատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական սուրբ եկեղեցի։
Եկեղեցին մի է և ընդհանրական քանի որ նա միությունն է բոլոր ուղղափառ հավատացյալների, ովքեր թեպետ գտնվում են աշխարհի զանազան կողմերում, սակայն ունենալով նույն հավատը միավորված են մի Եկեղեցու մեջ։
Նաև եկեղեցին Աստվածաշնչում համարվում է Քրիստոսի մարմինը և Քրիստոսն է եկեղեցու գլուխը»:
Սեյրանի ընկերները նորմալ են վերաբերվում նրա ընտրությանը, իր շրջապատից կան երեխաներ, որ հաճախում են եկեղեցի, խորան են բարձրանում։
«Հիմա իմ հասակակիցներից շատերը տարված են հեռախոսային և համակարգչային խաղերով, նրանց շատ է պետք զարգացնել հոգևոր կյանքը, քանի որ նրանց համար դա այլ ուղի է։ Ես նրանց միշտ խորհուրդ եմ տալիս, որ գան եկեղեցի, բարձրանան խորան»։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Սեյրանի մասին խոսելիս ասում է՝ ամենաառաջինն է մտնում եկեղեցի և վերջինը դուրս գալիս։
«Սեյրանը շատ պարտաճանաչ և պատասխանատու է, լուրջ է վերաբերվում ամեն հարցի, պատարագին հատկապես, քանի որ պատարագի պատրաստությունը նախօրոք ինքն է կազմակերպում։ Ինչպես յուրաքանչյուր քահանայի, այդպես էլ ինձ համար, իսկապես ուրախալի է, որ որոշում են կայացնում, որ գնան ճեմարան, որովհետև մեր եկեղեցու սպասավորները իբրև օծյալ հոգևորական առավել են մոտենում Աստծուն։ Առհասարակ ես մեր խորան բարձրացող երեխաներին ոչինչ չեմ պարտադրում, ընդամենը խոսում ենք, խորհուրդ եմ տալիս։ Հիմա Սերյանն այն մարդկանցից մեկն է, որ ինքն իր կամքով ցանկություն է հայտնել ուսումը շարունակել ճեմարանում։ Ըստ ինձ, Սեյրանը կարող է սովորել այնտեղ, ճեմարանում առաջնայիններից է կարգապահությունը, որը նա ունի, չուշանալ պատարագից, արարողություններից», – ասում է Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը։
Սուրբ Խաչ եկեղեցու խորան է բարձրանում 20-25 պատանի, սակայն Սեյրանը եզակիներից է, ով ոչ մի արարողություն բաց չի թողնում, ամեն օր հաճախում է եկեղեցի։ Մեր հերոսը միշտ պահում է Մեծ Պահքը և շատ կարևորում այն։ Սկսել է Աստվածաշունչ ընթերցել։
Սեյրանը սովորում է Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանում։ Մինչ եկեղեցի հաճախելը նա մտադրություն է ունեցել շարունակել իր հայրիկի գործը և դառնալ ոստիկան, սակայն հետո մտափոխվել է։ Դպրոցում նույնպես աչքի է ընկնում իր պատասխանատվությամբ և առաջադիմությամբ։
Սեյրանի ընտանիքը դեմ չի եղել նրա որոշմանը։ Մայրը՝ Մարիա Մակարյանն ասում է՝
«Ինձ համար շատ հաճելի է, որ իմ որդին ընտրել է Աստծո ճանապարհը։ Ես շատ ուրախ եմ, որ նա հաճախում է եկեղեցի ու մտադրություն ունի ուսումը շարունակել ճեմարանում: Իհարկե, մենք դեմ չենք, քանի որ դա իր որոշումն է, կարևորն այն է, որ նա իր նպատակներին հասնի կյանքում»։
Սեյրանը երբեք չի դժգոհում, ասում է՝ չկա ոչ մի դժվարություն, երբ ամեն ինչ արվում է մեծ սիրով։
«Եթե մարդ ցանկություն ունենա, ապա ամեն ինչ կկարողանա անել»։