Այսօր քչերն են ընտրում անասնաբույժի մասնագիտությունը, անհատներ են իրենց կյանքի կոչումը համարում անասնաբուժությունը։ Նրանցից մեկն էլ Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղից երիտասարդ Իշխան Վարդանյանն է։ Նա սիրում է այս մասնագիտությունը, սովորում է այս ուղղությամբ և միաժամանակ աշխատում, օգնելով համագյուղացիներին և այլոց։ Նա պրակտիկա է անցել Գերմանիայում և 2023 թվականին, Վրաստանում Իսրայելի դեսպանատան կողմից, ստացել է «Քոլեջի լավագույն ուսանող» մրցանակը։
Իշխան Վարդանյանը 22 տարեկան է: Մանկուց զբաղվել է անասնապահությամբ, օգնել է հորը։ Հայրը՝ Ծուղրութ գյուղի դպրոցի տնօրեն Արամ Վարդանյանը, աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաեւ անասնապահությամբ։ Այստեղից էլ եկել է Իշխանի սերը կենդանիների նկատմամբ։
Նա հպարտանում է իր ընտրած մասնագիտությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ախալցիխեի «Օփիզարի» անասնաբուժական քոլեջը։
«Մեր ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, ես սիրում եմ շփվել կենդանիների հետ, ծնողներիս հետ միշտ ակտիվ զբաղվել եմ նրանցով»,- ասում է Իշխան Վարդանյանը։
Քոլեջում սովորելուն զուգահեռ նա ընդունվում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։
Սակայն, մրցույթն ու 2022 թվականին Գերմանիա մեկնելը օգնում են նրան վերջնականապես ընտրել մասնագիտություն։ Գերմանիայից վերադառնալուց հետո թողնում է բիզնեսի կառավարման ֆակուլտետը և ընդունվում նույն համալսարանի անասնաբուժական ֆակուլտետը։
«Ես մասնակցել եմ մի ծրագրի, որտեղ ուսանողներին ուղարկում էին Գերմանիա, այնտեղ անցա անասնաբուժական պրակտիկան: 6 ամիս ապրել եմ Մյունխենում անասնաբույժ ֆերմերի տանը: Վերադառնալուց հետո փոխեցի ֆակուլտետը»:
Ըստ Իշխանի, Վրաստանում անասնաբուծությունը շատ է տարբերվում Գերմանիայի անասնաբուծությունից: Պրակտիկայից հետո նա եկել է այն եզրակացության, որ կովի վիճակը կախված է անասնակերից։
Իշխանն այժմ սովորում է Սամցխե Ջավախքի պետական համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի առաջին կուրսում: Հինգ տարի հետո, մագիստրոսի կարգավիճակով, նա կավարտի ուսումը։
Երիտասարդները դժկամությամբ են ընտրում անասնաբույժի մասնագիտությունը: Տարածաշրջանում և ողջ Վրաստանում մասնագետների պակաս կա, իսկ նրանք, ովքեր աշխատում են հիմնականում արդեն տարեց են։ Սամցխե-Ջավախքի համալսարանի բժշիկ-անասնաբույժի ֆակուլտետում Իշխանի հետ սովորում են 15 ուսանող, բայց ոչ բոլորն են եկել այնտեղ, մասնագիտական կոչումով: Ոմանք զինծառայության չգնալու համար ընդունվում են այս ֆակուլտետը, ֆակուլտետում մրցակցությունը շատ չէ, այնտեղ հեշտ է ընդունվել։
Իշխան Վարդանյանն արդեն 4 տարի է, ինչ գյուղում աշխատում է որպես անասնաբույժ, բուժում է կենդանիներին, օգնում է բոլոր գյուղացիներին։
Անցյալ տարի քոլեջի ուսուցիչներից մեկը Իշխանին առաջարկում է մասնակցել «Քոլեջի լավագույն ուսանող» մրցույթին։ Իշխանն ուղարկում է փաստաթղթերը, նա հաղթահարում է առաջին երկու փուլերը, հետո հարցազրույց անցնում Թբիլիսիում։
«Մասնակցում էին տարբեր քոլեջների ուսանողներ, Իսրայելի դեսպանին շատ է դուր գալիս իմ հարցազրույցը, և նա որոշում է, Իսրայելի դեսպանատան կողմից, ինձ հատուկ մրցանակ շնորհել»,- ասում է Իշխան Վարդանյանը։
Յուրաքանչյուր մասնագիտություն կարևոր և հետաքրքիր է, եթե սիրես այն այնպես, ինչպես Իշխանն է սիրում անասնաբույժի մասնագիտությունը։