Մետաքսյա Քեյանն ընդամենը 12 տարեկան է, բայց կարողանում է երեք երաժշտական գործիք նվագել՝ դաշնամուր, կիթառ և դհոլ։ Հաճախում է երաժշտական, աշուղական և նկարչական դպրոցներ, նաև պարում է «Վաչիան» և «Զարթոնք» պարային համույթներում։ Սիրում է սովորել լեզուներ, ապագայում ծրագրում է խորանալ՝ թե մշակույթի, թե լեզուների մեջ։

Երաժշտության հանդեպ ձիրքը Մետաքսյայի մոտ գալիս է՝ թե հայրիկից, թե մայրիկից։ Հայրը՝ Նասլեթ Քեյանը «Վաչիան» և «Զարթոնք» համույթների պարուսույցն է, իսկ մայրը պարել է «Վաչիան» համույթում։

Մետաքսյային փոքրուց մշտապես կարելի էր տեսնել այն միջոցառումներին, որտեղ հայրն էր։ Փոքր հասակից պարում էր մեծերի հետ, փորձելով ոչ մի բանով չզիջել նրանց և գոհացնել հորը:

Մեր հերոսուհին պարել սկսել է երեք տարեկանից:

«Պարել եմ երեք տարեկանից մինչև հիմա։ Այն, որ հայրիկս այդ ասպարեզում է, և դրա համար եմ ես էլ պարում, այդպես չէ, ես փոքրուց սիրել եմ պարը։ Իհարկե, նշանակություն ունի, որ տանը պարում են, սակայն ես իմ մեջ ունեցել եմ պարելու ցանկություն։ Սկզբից հայրս դեմ էր, երբ փոքր էի, հետո երբ մեծացա, տեսավ, որ պարն իմ է»:

dhol

Առաջին երաժշտական գործիքը, որ նվագել է Մետաքսյան դաշնամուրն է եղել, հիմա արդեն Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի 3-րդ դասարանում է սովորում։ Մտքում միշտ սիրել է դհոլը և միշտ ցանկացել նվագել։

«Ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ երաժշտություն է լսվել։ Հայրիկս նվագում էր կոպալ դհոլ և իմ մեջ արթնացավ ինչ-որ բան։ Սկզբում միայն պարում էի, հետո սկսեցի ինձ փորձել երաժշտության մեջ և ընդունվեցի աշուղական դպրոց, որտեղ էլ սովորեցի դհոլ նվագել։ Հիմա տանը հայրիկիս հետ «կռիվ» ենք տալիս, որ ապագայում պետք է սովորեմ նաև կոպալ դհոլ նվագել»:

Մետաքսյան դհոլ նվագել սովորում է աշուղ Ալիքի մոտ, իրենց խմբում մոտ 10 աղջիկ են։ Առաջին անգամ դհոլով հանդես է եկել Ախալքալաքում Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ, այնուհետև՝ հունիսի 1-ին երեխանների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը։ Շաբաթվա ընթացքում երկու անգամ է հաճախում դհոլի դասերի՝ շաբաթ և կիրակի օրերին։

Մետաքսյայի հայրը՝ Նասլեթ Քեյանը, մեծ դեր է խաղացել աղջկա երաժշտական նախընտրությունների հարցում: Վերջինս նաև կոպալ դհոլ է նվագում, որտեղից էլ գալիս է փոքրիկ աղջկա հետաքրքրությունը դեպի այդ գործիքը: Մետաքսյան առանց վարանելու ընտրում է նաև դհոլը, չնայած, որ մայրն ու իր շրջապատում շատերը չեն ողջունել նրա որոշումը:

Մետաքսյայի մայրը պատմում է. «Մի օր եկավ տուն ու ասաց, որ ուզում է կիթառի գնալ, ես էլ ասացի՝ Մետաքսյա հերիք է, հայրը համաձայնվեց ու նա գնաց։ Ես էլ մտածեցի, որ շատ լավ է, հաստատ չի կարողանա նվագել և դուրս կմնա։ Մի օր էլ եկավ թե՝ մայրիկ ծնողական ժողովի ես կանչված: Ես ուրախ-ուրախ գնացի, մտածելով, որ ասելու են՝ չի ստացվում մոտը, էլ մի ուղարկեք։ Երբ ուսուցիչն ասաց, որ դուք տաղանդավոր աղջիկ ունեք, ես զարմացա, քանի որ այլ բան էի սպասում»:

Մետքասյան իրենից փոքր քույր ու եղբայր ունի, ինչպես ինքն է ասում՝ նրանք իր նման չեն, նրանց հետաքրքրություններն այլ են։

Ծիծաղում է՝ ընտանիքի անդամները բողոքում են, երբ նվագում է տանը:

«Ասում են՝ հերիք է Մետաքսյա, հիմնականում քույրս, բայց ինձ դա չի ազդում, ես շարունակում եմ, այնքան եմ պարապում, մինչև որ հասնեմ իմ ցանկալի արդյունքին»:

Մետաքսյային հոգեհարազատ է ոչ միայն երաժշտությունն ու պարը, այլև լեզուները։ Դպրոցն ավարտելուց հետո ուզում է կրթությունը շարունակել Թբիլիսիում և դառնալ լեզվաբան։ Հիմա հաճախում է անգլերենի և ռուսերենի պարապմունքների։ Դպրոցում նույնպես լավ է սովորում։