Այս տարի գազիֆիկացվում է բարձրլեռնային Թախչա գյուղը, որն իրականացվում է գյուղի բարերարների և SJGC գազաբաշխիչ ընկերության համատեղ ֆինանասավորմամբ։
Թախչան Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենահեռավոր ու ամենափոքր գյուղերից է: Այստեղից 2000-ական թվականներին մեծ արտագաղթ է եղել, որի գլխավոր պատճառները գյուղում ապրելու համար տարրական պայմանների բացակայությունն է։
Այսօր Թախչայում ընդամենը 12 ընտանիք է ապրում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղից 19-ը գազիֆիկացված չէ, այդ թվում՝ Թախչան։
Ծնունդով Թախչա գյուղից բարերարներ Կարեն և Միսակ Ղազարյանները, Անդրանիկ Սուրմալյանը սեփական միջոցների ներդրմամբ ծրագրել և գրեթե ավարտին են հասցրել հայրենի գյուղի գազիֆիկացման նախագիծը, ինչն կնպաստի գյուղի զարգացմանը, կխոչընդոտի բնակչության արտագաղթին և բնականաբար գյուղի դատարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջից։
«Գազը քաշում են մեր գյուղի բարերարները։ Մեր գյուղից հետո բնական գազը կհասնի նաև Աբուլ, բայց՝ մյուս տարի։ Այսօրվա դրությամբ մեր գյուղում բնակվում է 11 տուն։ Հողի փորման աշխատանքները հասել են մինչև Թախչա, մնացել է խողովակաշարը տեղադրել, եղանակային պայմանններով պայմանավորված մոտավոր նոյեմբերի կեսերին աշխատանքներն ավարտին կհասցվեն», – ասաց Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Արարատ Այվազյանը։
Թախչայի գազիֆիկացման նախագծի արժեքը կազմում է մոտ 120 000 լարի, որը հավասարապես կիսում են բարերարներն ու գազաբաշխիչ SJGC ընկերությունը։
«Ծախսերը կիսելու ենք 50/50, կամ նույնիսկ կարող է մեծ մասը մենք վերցնենք մեր վրա: Այս տարի կավարտենք գյուղի գազիֆիկացման աշխատանքները, իսկ օգտատերերին գազը դժվար թե այս տարի հասնի։ Մինչ այդ պետք է օրենքով նախատեսված ընթացակարգեր անցնենք, որոնք պահանջում են ժամանակ», – Jnews-ին ասաց SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը:
Նրա խոսքով, մայրուղային գազատարը կառուցելուց հետո այն գրանցելու են, հետո ընկերությունը դիմելու է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովին կոնկրետ Թախչա գյուղի գազիֆիկացման հավաստագիրը ստանալու համար: Ինչից հետո նոր արդեն գազը կբաշխվի բնակիչներին:
Կարդացեք նաև՝
Գյուղը «պահողները»՝ Թախչայում Եփրիկյաններն են
Երկու աշակերտի դպրոց․ Ջավախքում արտագաղթը շարունակվում է
Մեռնող գյուղը. այստեղ տներն ավելի շատ են, քան բնակիչները