նորություններ 2 Սեպտեմբերի, 2026 • Մուրջախեթի երկու քարերի առասպելն ու առեղծվածը

Ախալքալաքի մունիցիպալիտետի ոչ այնքան մեծ Մուրջախեթ գյուղում երկու քար արդեն շատ սերունդներ շարունակ տեղ են գտել տեղացիների ավանդազրույցներում։ Բնակիչները դրանցից մեկին անվանում են «կաթ քար», և հավատում են, որ այն կարող է բուժել, կատարել ցանկություններ։ Ասում են, որ երկրորդ քարը նրա «եղբայրն» է։ Արդյոք այս քարերն իսկապես ունեն արտասովոր ուժ, և կարող էր դրանցից մեկը վերջին տասնամյակների ընթացքում փոխել իր դիրքը․ սա այն առեղծվածն է, որը տեղի բնակիչներն առաջարկում են գիտնականներին բացահայտել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, վրացական գերեզմանատան տարածքում, գտնվում է մեծ, ուղղանկյունաձև քար, որը, տեղի բնակիչների խոսքով, մեծ ուժ ունի․ այն կատարում է ցանկություններ, բուժում հիվանդներին և հատկապես օգնում է երիտասարդ մայրերին, ովքեր խնդրում են, որ իրենց կաթը շատ լինի՝ նորածիններին կրծքով կերակրելու համար։

Հենց այդ պատճառով էլ քարը ստացել է «կաթ քար» անվանումը։ Գյուղում նման երկու քար կա։ Երկուսն էլ շրջապատված են բազմաթիվ ավանդազրույցներով։

Մուրջախեթը բազմազգ գյուղ է։ Այստեղ ապրում են հայեր և վրացիներ։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղում բնակվել են նաև հույներ և թուրքեր։

Մուրջախեթի բնակիչ Ենոք Բաբաջանյանը պատմում է, որ գյուղի պատմությունը կապված է այնպիսի իրադարձությունների հետ, որոնց մասին տեղի բնակիչները սերնդեսերունդ պատմում են միմյանց։

Տեղի ավանդությունների համաձայն, XVI դարում գյուղի տարածքում տեղի է ունեցել մեծ ճակատամարտ՝ «Մուրջախեթի ճակատամարտը»։

«Այստեղ ամեն քայլափոխի կարելի է գերեզմաններ տեսնել», — իր պատմությունն ավարտում է Ենոք Բաբաջանյանը։

Գյուղում անհիշելի ժամանակներից գոյություն ունեն երկու քար, որոնք, բնակիչների խոսքով, օժտված են սրբազան ուժով։ Մուրջախեթցիներն այդ պատմությունները լսել են իրենց ծնողներից։ Պատմությունները փոխանցվել են սերնդեսերունդ ու բնակիչների հավատը հրաշագործ քարերի նկատմամբ դրանից չի նվազել։

Գյուղում տարածված ավանդազրույցի համաձայն, Մուրջախեթում ապրել են եղբայր և քույր։ Որպեսզի թշնամին չկարողանա սպանել նրանց, քույրը սկսել է աղոթել Աստծուն և խնդրել Ամենակալին, որ իրենց քարի վերածի։ Այդպես էլ տեղի է ունեցել։ Քարանալու պահին քույրը կանգնած է եղել, իսկ եղբայրը՝ պառկած։ Այդ պատճառով քարերից մեկը գտնվում է հորիզոնական, իսկ մյուսը՝ ուղղահայաց դիրքում։

kat qar brat

Դրանք միմյանցից բավական հեռու են գտնվում։ «Քույրը» գտնվում է նախկին վրացական գերեզմանատան տարածքում, իսկ «եղբայրը»՝ գյուղի բնակիչներից մեկի տան բակում։ Որոշ բնակիչներ պատմում են, որ մթնշաղից հետո այս քարի վրա լույս են տեսնում։

Գերեզմանատան տարածքում գտնվող քարը նաև անվանում են «վիշապաքար»։ Տարածված պատկերացումների համաձայն՝ նման քարերը տեղադրվել են այն վայրերում, որտեղ մոտակայքում ջուր է եղել, որպեսզի դրանք հեռվից տեսանելի լինեին, և առևտրականները կարողանային կանգ առնել ու հանգստանալ։

Ժամանակին, կանգնած քարը գլուխ է ունեցել, սակայն այն կոտրվել է։

Ենոք Բաբաջանյանի խոսքով, քարի վրա պատկերված պատկերները ոմանց խաչ են հիշեցնում, մյուսներին՝ մարդու, իսկ ոմանց էլ՝ կնոջ կուրծք։

katt kar

Վերևի հատվածից, կարծես «քույր» քարի կրծքից, ըստ գյուղացիների պատմածների, նախկինում երբեմն ջուր էր հոսում։ Սակայն արդեն երկար տարիներ՝ ավելի քան 15 տարի է ջուրը դադարել է հոսել։ Տեղի բնակիչները չեն կարողանում բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցել։

Ենոք Բաբաջանյանը նշում է, որ այս տարիների ընթացքում «կաթ քարը», ըստ նրա, կարծես թե փոխել է իր դիրքը։ Նա պնդում է, որ մանկության տարիներին քարը այլ կերպ էր երևում։

«Երբ փոքր էինք, ֆուտբոլ էինք խաղում։ Սյունը մեր դարպասն էր, և ես հստակ հիշում եմ, որ այդտեղից քարը ուղիղ մեր կողմն էր նայում։ Հիմա այս տեղից քարը այլևս ուղիղ չի երևում», — պատմում է Ենոքը՝ ցույց տալով այն վայրը, որտեղից մանկության տարիներին իրենք ֆուտբոլ էին խաղում։

kat-kar 2022
«Կաթ քարը» 2022 թվականին

Այսօր կան քարի 2016 և 2022 թվականներին արված լուսանկարներ։ Լուսանկարները համեմատելիս դժվար է միանշանակ որոշել, թե արդյոք փոխվել է քարի դիրքը։

kat qar 2016
«Կաթ քարը» 2016 թվականին

Քարը իրականում շրջվել է, թե ոչ՝ պարզելու համար անհրաժեշտ են գիտական ուսումնասիրություններ։ Մասնագետները կարող են համադրել հին լուսանկարները, շրջակայքի օբյեկտների դիրքը և քարի ներկայիս կոորդինատները, ինչպես նաև ուսումնասիրել քարի հիմքը։

Ենոք Բաբաջանյանի խոսքով, դեռևս 1970-ականներին Թբիլիսիից գիտնականներ էին եկել Մուրջախեթ։ Նրանք ցանկանցել են քարը տեղափոխել ու ուսումնասիրել։

«Երբ փոքր էի, 70-ականներին Թբիլիսիից գիտնականներ եկան, նրանք ցանկանում էին քարը տեղափոխել, բայց չկարողացան։ Փորեցին հիմքը գտնելու համար, բայց չգտան, մոտ մեկուկես մետր խորությամբ փորեցին։ Հետո ցանկացան ուղղաթիռով քարը քաշել, բայց մեր գյուղացիները հավաքվեցին և թույլ չտվեցին։ Հետո նորից եկան, գիպսից քարի կրկնօրինակը պատրաստեցին և տարան», — հիշում է Ենոքը։

Բնակիչների խոսքով, նման փորձ արվել է նաև երկրորդ՝ «եղբայր» քարի նկատմամբ։ Սակայն այն նույնպես չի հաջողվել տեղափոխել։

Մուրջախեթի բնակիչների համար այդքան էլ կարևոր չէ այն հարցը, թե արդյոք քարերն իսկապես գերբնական ուժ ունեն, նրանք պարզապես հավատում են։

Հավատը ծնողներից փոխանցվում է երեխաներին, իսկ պատմությունները՝ ավագ սերունդներից երիտասարդներին։ Տարիների ընթացքում ավանդազրույցների մանրամասները կարող են փոխվել, սակայն պատմությունները շարունակում են ապրել։

Եկեղեցական տոների ժամանակ բնակիչները գալիս են քարերի մոտ աղոթելու, մոմեր են վառում և խնդրում, որ իրենց ցանկությունները կատարվեն։

Տեղի բնակիչների խոսքով, աղոթելու համար անհրաժեշտ է կանգնել քարի մոտ և մեջքով հպվել նրան։ Գոյություն ունի նաև աղոթքի հատուկ կարգ․ իդեալական տարբերակում «եղբայրը» և «քույրը» պետք է միաժամանակ աղոթքի մեջ լինեն։ «Եղբայրը» պետք է գտնվի քարի արևելյան կողմում, իսկ «քույրը»՝ արևմտյան։

Ոմանց համար դրանք պարզապես հնագույն քարեր են, մյուսների համար՝ պատմության և մշակութային ժառանգության մի մասը, իսկ երրորդների համար՝ սրբավայր, որն ի զորու է օգնել մարդուն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝