Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում 6 ընտանիք է ապրում (20 մարդ)։ Այստեղ գրեթե բոլորը տարիքով մարդիկ են: Ինչպես գյուղացիներն են ասում՝ ծերանոց է։

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Ասում են` կյանքը դժվար է, բայց չեն պատրաստվում հեռանալ՝ արդեն վարժվել են «դատարկ» գյուղում ապրելու դժվարին գոյությանը։

Թախչա մտնելիս քար լռություն է տիրում, մինչև հասնում ես գյուղի միակ բազմազավակ ընտանիք, որտեղ 6 երեխա է մեծանում: Նրանցից մեկն էլ գյուղի դպրոցի երկու աշակերտներից մեկն է:

Գյուղում պայմաններ չլինելու պատճառով տարիների ընթացքում բնակիչներն այլ երկրներ են արտագաղթել՝ իրենց հետևից թողնելով հերթական կողպված դուռը:

«Տարեցտարի մեր գյուղի վիճակը դեպի վատն է գնում: Բոլորը գնացին, մի քանի ընտանիք ենք մնացել, այդ մնալն էլ հարաբերական է, որովհետև տարեցները ձմռանը գնում են իրենց երեխաների մոտ և միայն ամռանն են վերադառնում գյուղ: Մարդիկ տեսան, որ այստեղ բան չկա, թողին գնացին Ռուսաստան, Հայաստան… արտագաղթեցին»,- նշում է գյուղի բնակիչներից Վարդուհին:

qandvac chbnakeli tner

Թախչա, փակ տուն

Թախչայի խնդիրների շարքից գյուղացիներն առանձնացնում են գյուղ տանող ճանապարհի հարցը:

«Այսօրվա դրությամբ գյուղի ամենառաջնային խնդիրը, դա ճանապարհ չունենալն է, ինչպես նաև դպրոցի հարցը, մասնագետներ չունենք: Իհարկե խնդիրները շատ են, բոլորս էլ ուզում ենք գնալ, սակայն չենք ուզում, որ մեր գյուղն անտեր մնա, դառնա ինչ-որ ամայի տարածք, թե չէ բոլորս էլ ջահել ենք, ուզում ենք լավ կյանքով ապրել, որ գնանք դպրոցը կփակվի», – ասում է գյուղի երիտասարդ բնակչուհի Վրադուհի Եփրիկյանը։

Թախչայի դպրոցը 9-ամյա է, հիմա դպրոցն ունի ընդամենը մեկ՝ 3-րդ դասարան, որտեղ էլ սովորում է երկու աշակերտ։ Վարդուհու որդին և նրա եղբոր դուստրը։ Իսկ ուսուցիչները 4-ն են։

takhcha dproc

Թախչա գյուղի 9-ամյա դպրոցի շենքը

Վահան Եփրիկյանը 16 տարեկան է, ավարտել է 9-րդ դասարանը, զբաղվում է գյուղական գործերով՝ խոտ է հնձում, կարտոֆիլ մշակում և այլն։ Չի ուզում գյուղից գնալ, սիրում է իր ծննդավայրը, բայց միևնույն ժամանակ ուզում է կրթություն ստանալ և լավ կյանքով ապրել։

Սրտնեղում է, գոնե երիտասարդների համար մի զբաղմունքի վայր լիներ. «Երիտասարդ ենք, մենք էլ ենք ուզում սպորտդահլիճ ունենալ, բայց երկու հոգու համար ո՞վ կբացի»:

Փոքրիկները ցանկություն չունեն գյուղից գնալու, ասում են՝ սիրում են իրենց գյուղը:

«Շատ սիրուն է մեր գյուղը, այստեղ ամեն ինչ լավ է»,- վստահեցնում են փոքրիկները:

erexaner takhcha

Գյուղի երեխաները

Թախչան գազաֆիկացված չէ, բնակիչները գիտակցում են, որ 6 ընտանիքի համար այդքան աշխատանք չեն կատարի։ Շնորհակալ են տեղական ինքնակառավարման մարմիններին, որ ձմռանը ոչ մի օր գյուղի ճանապարհը փակ չեն թողնում, բայց ուզում են, որ այն գոնե բարեկարգվի:

Բանն այն է, որ Ախալքալաք քաղաքից Թախչա գյուղ հասնելու համար տաքսու վարորդները 40-ից մինչև 60 լարի են ուզում, կամ ընդհանրապես չեն քշում այս գյուղ:

«Գոնե տրանսպորտ հատկացնեն, շաբաթը կամ ամիսը մի անգամ քաղաք գնանք, երեխաներին տանենք գեղարվեստի դպրոց կամ որևէ սպորտաձևի, մերոնք էլ են երեխա», – ավելացնում է Վրադուհին։
chanaparh takhcha

Գյուղամիջյան ճանապարհը

Երևանաբնակ Նադեժդա Ալեքսանյանը երեխաների հետ եկել է հայրենի Թախչա։ Դրսում բնակվող թախչացիներն իրենց ծննդավայրի հետ շատ են կապված, ամռանը գալիս են գյուղ, մի քանի օր մնում և կրկին հեռանում։

«Ամեն տարի գալիս եմ, երեխաներիս մանկությունն այստեղ է անցել, նայեք մեր գյուղի բնությանը, վայելում ենք, մաքուր օդ շնչում։ Բարեկամներ էլ չունեմ, բոլորը գնացել են, միայն քեռիս է այստեղ և հենց նրա տուն էլ գալիս եմ», – ասում Նադեժդա Ալեքսանյանը։

hushahamalir

Թախչայի հուշարձանը, որը վկայում է, թե երբ է գյուղը հիմնադրվել

Ամռավա մեջ միայն մեկ օր ծննդավայր են վերադառնում բոլոր թախչացիները և նշում գյուղի օրը: Հավաքվում են գյուղի մուտքի մոտ տեղադրված հուշարձանի մոտ և մատաղ անում: Այդ օրվանից հետո Թախչան կրկին դառնում է անաղմուկ՝ իր կիսադատարկ ու արդեն քանդված շեներով: