Հեռվում միահարկ և լքված տներ են երևում: Մեր մեքենան կանգնում է հենց առաջին տան մոտ, որտեղ անսովոր աշխուժություն է տիրում: Այստեղ է ապրում Թախչայի ամենամեծ ընտանիքն ու գյուղի ամենափոքր բնակիչը՝ Նարեկը:

taxcha1

Պատկերն առավել ամբողջական է դառնում, երբ զարմացած ու հետաքրքրասեր հայացքները մեզ՝ անծանոթներիս են նայում: Որոշ ժամանակ անց հասկանում ենք, որ օրերն այս գյուղում նույնքան կանխատեսելի ու կրկնվող են, որքան հազվադեպ են անծանոթ մեքենաներ կամ մարդիկ հայտնվում: Պատահական չէ, որ Թախչա գյուղ տանող դժվարանցանելի ճանապարհին ոչ մի մեքենա չնկատեցինք:

Taxcha5

Թախչայում աշխուժություն ապահովողները Եփրիկյանների երեխաներն են՝ Թեոնան, Ռաֆիկը, Սյուզաննան, Արծվիկը, Քրիստինեն ու Նարեկը: Նարեկն ընդամենը 6 ամսական է: Գյուղի 32 բնակիչներից, 10-ը Եփրիկյաններն են:

Դպրոցն ընդամենը 4 աշակերտ ունի: Նոր ուսումնական տարում դպրոցի միակ առաջին դասարանցին Արծվիկն է, Եփրիկյանների 4-րդ երեխան: Թախչայի դպրոցի վրացերենի ուսուցիչը՝ Արծվիկի տատիկը առանձնակի հպարտությամբ թոռնուհուն արտասանել է տալիս այն ոտանավորը, որն արդեն դպրոցահասակ երեխան պետք է արտասանի առաջին զանգին: Արծվիկը չարաճճի աչքերով մեզ է տնտղում և խոստանում, որ դպրոցում լավ է սովորելու: Իսկ այն հարցին թե ի՞նչ է դառնալու, պատասխանում է՝ տատիկիս հարցրեք:

Arcvik

Այս ընտանիքում բոլոր հարցերի պատասխանն ունի միայն տատիկը, որը բոլորին ասում է ով, ինչ պետք է անի, և ինչպես: Թեոնան Եփրիկյանների երկրորդ երեխան այս տարի գյուղի 9-ամյա դպրոցն է ավարտել, տատը նրան Գյումրի է տարել: Այսուհետ նա կրթությունը կշարունակի Գյումրիի Մանկավարժական քոլեջում:

Taxcha2

Ծովի մակերևույթից 1960 մ բարձրության վրա գտնվող Թախչա գյուղում 32 մարդ է ապրում: Տեղանքը հարմար է հատկապես անասնապահությամբ զբաղվելու համար: Ուղիղ գծով Ախալքալաքից գտնվում է ընդամենը 13 կմ հեռավորության վրա, սակայն պայմանների բացակայության պատճառով օր օրի նվազում է գյուղի բնակչությունը: Եթե 2002 թվականի մարդահամարի տվյալներով, այս բնակատեղին 106 բնակիչ է ունեցել, 2014 թվականին՝ 47, իսկ այսօր գյուղում ապրում է ընդամենը 32 հոգի:

lvacq

«Հրաշալի բնություն ունենք, ամեն ինչից կարելի է ապրուստի միջոց ստեղծել, բայց մեր դաշտերն այսօրվա դրությամբ թուրքերին են տվել վարձակալությամբ, իսկ մենք մնացել ենք առանց արոտավայրի: Տեսեք, մեր գյուղում ամեն միրգ աճում է: Երկու օր առաջ սալորով կոմպոտ փակեցինք: Բայց, մեր գյուղում ոչ բոլորն են դիմանում»,- ասում է տիկին Թեոնան, ով դասավանդում է գյուղի դպրոցում:

Taxcha

Հեռավորությունը, ճանապարհների անմխիթար վիճակը, բերքի իրացման դժվարությունները, տրանսպորտի և աշխատատեղերի բացակայությունը պատճառ են դարձել, որ բնակիչներն աստիճանաբար լքեն հայրենի օրրանը:

«Գալուց տեսաք, թե ինչ ճանապարհ է: Մեքենան փոսն է ընկնում, չի երևում, ամենագնաց է հարկավոր: Փոքր գյուղ ենք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ընտրություններին եկան խոստացան, որ ճանապարհը Թորիա գյուղով կսարքեն, բայց չարեցին, ո՞վ է հիշում մեզ»,- նշում է Ռաֆիկը:

Taxcha3

Թախչան Ախալքալաքի շրջանի մեռնող գյուղերից է, սակայն տարվա մեջ մեկ օր այստեղ տոն է, այդ օրը գյուղի օրն է, երբ բոլոր հեռացած երբեմնի բնակիչները վերադառնում են ծննդավայր՝ մեկ օրը վերապրելու մանկության հուշերը:

Այս տարի գյուղը դեռ չի նշել իր տոնը, սպասում են, որ բարերարներին հարմար լինի, որ գան ու միասին տոնեն:

Աղունիկ Այվազյան