Կարտիկամն այն գյուղերից է, որտեղ երիտասարդների առօրյան միայն գյուղատնտեսական աշխատանքով չի սահմանափակվում։ Գյուղում ապրող պատանիների ու երիտասարդների կյանքում առանձնահատուկ տեղ ունի սպորտը, կրթությունը, ընկերական միջավայրը, և, ամենակարևորը, սեփական գյուղի հետ կապը։ Այստեղ երեխաների մեծանալը միայն տարիքի փոփոխություն չէ․ դա մի ճանապարհ է, որի ընթացքում նրանք սովորում են լինել նպատակասլաց, պատասխանատու և իրենց համայնքի լիիրավ անդամ։
Կարտիկամը հատկապես հայտնի է իր բռնցքամարտի դպրոցով։ Տարիների ընթացքում գյուղում ձևավորվել է բռնցքամարտի նկատմամբ յուրահատուկ մշակույթ, որի հիմքերը մեծապես կապված են Ատոմ Էլիզբարյանի անվան հետ։ Նրա ներդրումը գյուղում այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրության ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել։ Բռնցքամարտը Կարտիկամում պարզապես սպորտային խմբակ չէ․ այն դարձել է պատանիների կյանքի մի մասը։
«Թոռնիկս դպրոցից գալիս պայուսակը շպրտում ու վազում է բոքսի, իր համար ամենակարևոր զբաղմունքը դա է», — ասաց Կարտիկամի բնակչուհի Գալյա Չնավայանը։
Գյուղի բազմաթիվ երեխաներ դեռ փոքր տարիքից առաջին անգամ մտնում են մարզասրահ՝ սկզբում պարզապես հետաքրքրությունից, իսկ հետո արդեն մարզվելը դառնում է նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Մարզումները երեխաներին սովորեցնում են ոչ միայն բռնցքամարտի տեխնիկան։ Նրանք սովորում են կարգապահություն, համառություն, հաղթանակին արժանի վերաբերմունք, իսկ պարտությանը՝ որպես նոր փորձի և ավելի ուժեղ վերադառնալու հնարավորություն։
«Կարտիկամի համար սպորտը՝ բռնցքամարտն առաջնային է, քիչ է մնում ես էլ գնամ, այդքան սեր կա սպորտի մեջ», — ասաց գյուղի բնակիչ Գարեգին Իգիթխանյանը։
Կարտիկամի պատանիների համար մրցումները ևս կարևոր փորձառություն են։ Նրանք մասնակցում են տարբեր մակարդակի մրցաշարերի՝ ներկայացնելով ոչ միայն իրենց, այլև իրենց գյուղը։ Մարզական մրցումներում ձեռք բերած հաջողությունները գյուղում առանձնահատուկ ուրախությամբ են ընդունվում․ հաղթանակը դառնում է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ համայնքի ձեռքբերումը։
«Բռնցքամարտը մեր երեխաների համար ապրելակերպ է դարձել։ Մեկը մեկով ոգևորվելով զբաղվում են սպորտով»,- պատմում էին գյուղի կենտրոնում հավաքված մեծահասակները։
Կարտիկամում բռնցքամարտի հեռանկարների, երեխաների տարբեր մրցումներին մասնակցելու և ամենօրյա պարապմունքները պրոֆեսիոնալ հարթակներ տեղափոխելու մասին խոսեցինք Ատոմ Էլիզբարյանի հետ։
«Գյուղում այս պահին ունենք 2 խումբ, մոտ 60 երեխա ակտիվ զբաղվում են բռնցքամարտով, նրանցից 8-ը հավաքականի կազմում են, 40-ը մասնակցում են Վրաստանի մակարդակով տարբեր մրցումների, որտեղ միայն հաջողություններ գրանցելուց հետո կկարողանան մասնակցել տարբեր միջազգային առաջնությունների, իսկ մնացած երեխաները դեռ սկսնակ են»։
Այսպիսով կարելի է ասել, որ բռնցքամարտը Կարտիկամի երեխաների համար լոկ զբաղմունք չէ։ Սերը դեպի սպորտը նրանց հոգում շատ խոր արմատներ ունի, իսկ Վրաստանի, Եվրոպայի ու աշխարհի տարբեր առաջնություններում հաջողությունների հասնելը նրանց համար կարևորագույն նպատակ է։
Գյուղական համայնքում նման միջավայրերը մեծ նշանակություն ունեն։ Երեխաներն իրենց ժամանակը կազմակերպում են, ունեն ընդհանուր հետաքրքրություններ և նպատակներ։ Մարզասրահը նրանց համար դառնում է մի վայր, որտեղ կարելի է ոչ միայն մարզվել, այլև ընկերներ ձեռք բերել, սովորել պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար և հասկանալ, որ հաջողությունը գալիս է հետևողական աշխատանքից։
Այս ամենը կարևոր է հատկապես պատանեկության շրջանում, երբ ձևավորվում են մարդու բնավորությունը, արժեքներն ու ապագայի պատկերացումները։ Սպորտը նրանց օգնում է էներգիան ուղղել կառուցողական նպատակների, իսկ մրցումները՝ սովորել ինչպես հաղթել, այնպես էլ արժանապատվորեն ընդունել պարտությունը։ Հենց այս գաղափարներից էլ սկսվում է նրանց կյանքի հաջորդ կարևոր փուլը՝ դպրոցն ավարտելուց հետո է նրանցից շատերը որոշում են շարունակել կրթությունը և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել, ուսում ստանալ և վերադառնալ գյուղ՝ փորձելով այլ բնագավառներում ևս դառնալ հաջողված մասնագետներ։
«Մեր երեխաներից շատերը նաև բարձրագույն կրթություն են ստանում Թբիլիսիում և Երևանում, մեծամասամբ գյուղ են վերադառնում, աշխատանքի են տեղավորվում Ախալքալաքի հիվանդանոցում, բանկերում և այլ հաստատություններում»,- ասաց Հովհաննես Կուլախսզյանը։
Այս անցումը՝ գյուղի երեխայից մինչև հասարակության լիարժեք անդամ, տեղի է ունենում ընտանիքի, դպրոցի, սպորտի և համայնքի համատեղ ազդեցությամբ։ Եվ հենց այդ միջավայրն է ձևավորում այն սերունդը, որը վաղը պետք է շարունակելու Կարտիկամի պատմությունը։
Կարտիկամի պատանիների պատմությունը, հետևաբար, միայն բռնցքամարտի հաղթանակների կամ համալսարան ընդունվելու մասին չէ։ Այն գյուղական համայնքում մեծացող երիտասարդի ճանապարհն է՝ առաջին մարզումից մինչև առաջին մրցանակ, դպրոցական նստարանից մինչև համալսարան, գյուղից քաղաք գնալուց մինչև սեփական համայնք վերադառնալը։




