Բիզնեսով զբաղվելու կանոններն ամբողջ աշխարհում նույնն են, բայց Ախալքալաքին դրանք չեն վերաբերում՝ այստեղ սպառողն ունի հատուկ նախասիրություններ, սովորություններ, ինչպես նաև սպառողական վարքագծի այլ հոգեբանություն։ Սա հանգեցնում է նրան, որ ձեռնարկատերերը հարմարվում են սպառողների առանձնահատկություններին և բացում, հիմնականում, նույն հիմնարկները՝ շահույթ ստանալու համար։ Jnews-ը Ախալքալաքի համար նորարարական հաստատությունների սեփականատերերից հետաքրքրվեց, թե ինչպես են նրանք ռիսկի դիմել բացվել և ինչ դժվարությունների են հանդիպել։
Այս տարվա հունիսին Ախալքալաքում բացվեց «coffee-to-go» ձևաչափով սրճարաններից առաջիններից մեկը՝ «Coffeex»-ը։ Չնայած այն հանգամանքին, որ բիզնեսը անսովոր էր Ախալքալաքի համար, ստեղծողները չվախեցան և ռիսկի դիմեցին իրականացնել իրենց ծրագրերը։ Սրճարան բացելու գաղափարը նրանց մոտ ծագել էր ձմռանը, երբ նրանք հանդիպել էին մի զբոսաշրջիկի, ով Ախալքալաքում փնտրում էր մի վայր, թե որտեղ տաք սուրճ կամ թեյ կարող էր խմել, և չէր կարողանում գտնել այդպիսի մի տեղ։
«Վերջում, երբ նա ոչինչ չգտավ, մի քիչ զայրացած ասաց՝ «էս ի՞նչ քաղաք է», իսկ ես մի քիչ հայրենասեր եմ, ո՞նց թե՝ մենք վատ քաղաք ունե՞նք, ու այդպես է միտքը ծնվեց, որ կարելի է մի տեղ բացել, որտեղ ամռանը սառը խմիչքներ կլինեն, իսկ ձմռանը՝ տաք»,- պատմում է սրճարանի համասեփականատեր Նահապետ Ակոջյանը։
Դժվարությունները կայանում էին նրանում, որ նրանց արտադրանքը անսովոր էր տեղի բնակչության համար, բայց նրանք ռիսկի դիմեցին, քանի որ գիտեին, որ բացի տեղի բնակչությունից, իրենց մոտ կգան զբոսաշրջիկներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր եղել են տարբեր քաղաքներում և ծանոթ են տվյալ մշակույթին։
«Մարդկանց առաջին հերթին պետք է սովորեցնել, թե ինչպիսին է ոչ ստանդարտ սուրճը, ինչ համեր կան: Մեզ մոտ ստանդարտ սուրճն արևելյանն է: Բայց հիմա՝ 4 ամիս անց, կարող եմ ասել, որ մարդիկ արդեն վարժվել են և գալիս են կապուչինո խնդրում առանց ճաշացանկի: Մերոնց համար նորություն էր նաև «coffee to go» ձևաչափը։
Նահապետ Ակոջյանը նախատեսում է նաև նոր բիզնես սկսել՝ Ախալքալաքի համար առավել անսովոր՝ դիջեյների ծառայություններ։ Նա հասկանում է, որ սա ռիսկային գործ է, բայց իր հայրենի քաղաքի զարգացումը վեր է դասում բիզնեսի շահութաբերությունից։
«Դիջեյն այնպիսի գործ է, որը հաշվարկված է երիտասարդների համար: Իսկ նրանց ծնողները՝ ավագ սերունդը, կարող են գալ և խնդրել, որ ավանդական երաժշտություն դնեն: Դեռ չգիտեմ, թե ինչպես կգնա, բայց կարծում եմ, որ դա մարդկանց դուր կգա: Ամեն դեպքում, ցանկացած բիզնեսի հիմնական կանոնն է՝ հաճախորդը միշտ իրավացի է, պետք է հարմարվել նրա պահանջներին, բայց նաև ցանկացած սկսնակ ձեռներեց, գոնե Ախալքալաքի նման վայրում, պետք է հասկանա, որ եթե իր բիզնեսի հիմքում զարգացումը չի դնում, ապա Ախալքալաքը կմնա նույն մակարդակի վրա»,- մեկնաբանում է նա։
Նահապետի խոսքով՝ ինքը պատրաստ է ինչ-որ բան զոհաբերել, որպեսզի չհաստատվեն Ախալքալաքի մասին կարծրատիպերը, որոնք վկայում են, որ «մենք ոչինչ չունենք», «մեզ մոտ ձանձրալի է», «նորմալ կյանք կա միայն Ախալքալաքից դուրս»։
«Ես մի քիչ սկզբունքային եմ այս հարցում, ինձ համար առաջնայինն Ախալքալաքի զարգացումն է»։
Ախալքալաքի համար ժամանցի ոլորտում մեկ այլ «նորույթ» էր մասնավոր կինոթատրոն «Cinema and emotion»-ը: Դրա հիմնադիր Դավիթ Աղաջանյանը պատմում է, որ կինոթատրոն բացելու գաղափարով ոգեշնչվել է Թբիլիսիում՝ տեսնելով նմանատիպ հաստատություն, ինչպես նաև լսել է, որ Ախալքալաքի շատ բնակիչներ կցանկանային կինոթատրոն ունենալ՝ իրենց ազատ ժամանակը այնտեղ անցկացնելու համար։ Մոտ 3 ամիս աշխատելուց հետո Դավիթը կարող է ասել, որ Ախալքալաքի համար «կրեատիվ» բիզնես վարելու հիմնական խնդիրն այն է, որ տեղի բնակչությունն այս ծառայությանը սովոր չէ։
«Կամ չգիտեն, կամ իրենց համար անսովոր է: Նրանք, ովքեր դրսից են եկել՝ գիտեն, թե ինչ է սա, հաճույքով գալիս են: Ապագայում տարածքն եմ ուզում մեծացնել, հիմա 8 հոգի է տեղավորվում, բայց ավելի լավ կլինի, եթե այն տեղավորի 18 հոգու: Էլ ավելի մեծ էկրան, ավելի լավ ձայնային համակարգ»,- մեկնաբանում է նա:
Այս պահին կինոթատրոնն ունի օրական 1 ցուցադրություն, սակայն նախկինում եղել է 3-4։
«Վնասի մեջ չեմ, վարձը ծածկում է, բայց մեծ եկամուտ էլ չունեմ»,- եզրափակում է Դավիթը։
Ախալքալաքում նորարար բիզնեսները ստիպված են «պայքարել գոյությունը պահպանելու համար»: Քաղաքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ Ախալքալաքը թերզարգացած է, սակայն, նոր հաստատությունների և ծառայությունների հայտնվելով, ձեռներեցները չեն բավարարում պահանջարկը, ինչի պատճառով այն ամենը, ինչ կազինո, բիստրո կամ գեղեցկության սրահ չէ, շուտով փակվում է։ Մեզ մնում է հուսալ, որ Ախալքալաքում երիտասարդ ձեռներեցների ոգևորության շնորհիվ շատ բան կփոխվի, և ոչ ստանդարտ բիզնեսը նույնպես այստեղ պահանջարկ կգտնի։