Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում կատարված աշխատանքների մասին զեկուցեց տարածաշրջանային DMO-ն (Սամցխե-Ջավախքի նպատակակետի կառավարման կազմակերպություն):

Զեկույցը ներկայացրեց Սամցխե-Ջավախեթի DMO կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Մումլաձեն։ Նա խոսեց այն մասին, թե ինչ է արվել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ 2021, 2022 և 2023 թվականներին։

«Մենք մոտ 150 000 լարիի դրամաշնորհ ենք շահել զարգացման համար: Այդ գումարից ֆինանսավորվել է 240 կմ զբոսաշրջային արահետների կառուցումը, որոնցից ամենամեծ թվով արահետները կառուցվել են Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Այդ արահետները գտնվում են Լևանա լճի տարածքում և Աբուլ լեռան մեգալիթյան բերդի մոտ: Նաև մեկից ավելի տեղեկատվական շրջայցեր են անցկացվել Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում՝ այս մունիցիպալիտետները հանրահռչակելու նպատակով: Ինչը դրական է աշխատել մասնավոր հատվածի համար, մեծացել է հյուրանոցների զբաղվածությունը: Մեր հիմնական նպատակն այն է, որ մեր շրջանում զբոսաշրջային սեզոնը չսահմանափակվի միայն ամառով, այլ տևի կլոր տարին»,- իր խոսքում ասաց Դավիթ Մումլաձեն։

Զեկույցի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութներ, որոնք պատրաստվել էին շրջանի յուրաքանչյուր մունիցիպալիտետը հանրահռչակելու համար, ինչպես նաև պատգամավորները ծանոթացան գրքույկներին և ուղեցույցներին, որոնցում խոսվում է շրջանում զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերի մասին: Դավիթ Մումլաձեն ավելի մանրամասն խոսեց նաև այն մասին, թե ինչ է արվել զբոսաշրջությունը հանրահռչակելու ուղղությամբ։ Նրա խոսքով, տեղեկատվական շրջայցներ են եղել տարբեր երկրների լրագրողների, բլոգերների, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար։ Նաև այն մասին, թե ինչպես է Սամցխե-Ջավախքի DMO-ն մասնակցել Բաթումիի, Գերմանիայի և այլ երկրների PR արշավներին` շրջանը հանրահռչակելու նպատակով:

Դավիթ Մումլաձեն նշեց, որ շրջանի բոլոր մունիցիպալիտետներն ավելացրել են տարեկան ներդրումը։ Շնորհակալություն հայտնելով տեղական իշխանություններին աջակցության համար՝ նա հույս հայտնեց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը կավելացնի իր ներդրումը տարածաշրջանային DMO-ում։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից DMO-ի ֆինանսավորումը կազմել է 15 000 լարի։ DMO-Սամցխե-Ջավախքի նպատակակետի կառավարման կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետների կողմից՝ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության և Վրաստանում USAID Zrda Activities-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Կազմակերպության հիմնական նպատակները հետևյալն են.

  • Մշակել եզակի զբոսաշրջային ապրանքներ և ծառայություններ բոլոր վեց մունիցիպալիտետներում
  • Համակարգել գործունեությունը և միջոցառումները մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև կազմակերպության անդամների միջև, որոնք միտված են տարածաշրջանի զարգացմանը. մշակել նոր զբոսաշրջային արտադրանք, խրախուսել պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը և գործընկերությունը զբոսաշրջության խթանման համար
  • Բարձրացնել տարածաշրջանի հեղինակությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով
  • Աջակցել տարածաշրջանում գործող բիզնեսների որակի բարելավմանը
  • Խթանել այցելուների ծախսերի ավելացմանը և տարածաշրջանում մնալուն: