«Կանայք Ջավախքի ապագայի համար» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում սկսել է «Ճիշտ քայլեր դեպի հաջողություն» նախագիծը, որի նպատակն է խթանել տեղի բնակչության զբաղվածությունը բազմաթիվ ոլորտների հետ համագործակցության ճանապարհով։

Այս ծրագրի շրջանակներում համագործակցության առաջարկով կազմակերպիչները դիմել են տեղական փոքրաթիվ հասարակական կազմակերպություններին` նախագծից բարձր արդյունքներ ստանալու համար որոշ առաջարկություններ կատարելու առաջարկով։ Նախագծի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 13-ին, Ախալքալաքում, «Մեսխ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության գրասենյակում։

proetk2

Նախագիծը մեկնարկել է ապրիլին։ Այն ֆինանսավորվում է PIN կազմակերպության կողմից, որն իր հերթին ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից: Նախատեսվում է նպատակին հասնել` շահերի պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնես ոլորտի, լրատվամիջոցների և այն ակտիվիստների հետ, ովքեր հետաքրքրված են դրանով։

«Գումարած դրան, մենք անպայման ցանկանում ենք մեր գործունեության մեջ ներառել նաեւ ՄԻՊ գրասենյակը, իսկ ստորագրահավաքի միջոցով դիմել rda.gov.ge, jobs.ge և այլ կայքերի՝ ցույց տալով անհրաժեշտությունը և համագործակցությունը, որը կբերի նրանց օգտատերերի թվաքանակի ավելացմանը։ Մենք ուզում ենք քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստեղծել կենտրոն, որտեղ երկու լեզուների իմացությամբ կվալիֆիկացված մարդիկ կաշխատեն։ Որպեսզի այն մարդիկ, ովքեր աշխատանքի կարիք ունեն և չեն տիրապետում պետական ​​լեզվին ու համակարգչային հմտություններին՝ այցելելով այս կենտրոն, կարողանան տեղեկատվություն ստանալ թափուր աշխատատեղերի մասին, իսկ գործատուն կտեղեկացնի թափուր աշխատատեղերի մասին, որոնք ունի։ Այսինքն՝ դա կլինի աշխատուժի և գործատուի համագործակցություն՝ կենտրոնի օգնությամբ»,- ասում է ծրագրի ղեկավար, «Կանայք Ջավախքի ապագայի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ Լելյա Ռայիսյանը։

Կազմակերպությունն արդեն հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նախատեսում է հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։