Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում առաջին անգամ հայտնվել է «Քաղաքացիական բյուջե» կետը։ Սա մունիցիպալիտետի «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրին մասնակցելու արդյունքն էր, որի շրջանակներում շարքային քաղաքացիներին հնարավորություն տրվեց մասնակցելու մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին:
Ծրագրի շրջանակներում բնակչությունից ստացվել էին մունիցիպալիտետի բարելավման գաղափարներ, ապա քվեարկություն էր կայացել և 2024 թվականին իրականացվելիք գաղափարի ընտրություն։ Քվեարկության արդյունքների հիման վրա ընտրվել էր «Ինտերակտիվ գովազդային վահանակ» նախագիծը։ Դրա իրականացման համար 2024 թվականի բյուջեի նախագծով հատկացվել է 30 000 լարի։
Ինչպես նշել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը, գաղափարը կիրականացվի հեղինակի ներկայացրած նախագծի համաձայն։
«Հատկացվել է 30 հազար լարի, քաղաքապետարանը դեռ նախահաշիվ չի կազմել, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նշված է նախագծում, նախ բյուջեն պետք է հաստատվի, հետո մենք կորոշենք, թե երբ դա կանենք»,- մեկնաբանեց նա։
Այս տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում իրավահավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակում շարքային քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին։
Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարելավմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցի 30 000 լարին։
Jnews-ը հետևողական է եղել ծրագրի իրականացման ընթացքին։ Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն նման հաղորդակցություն նախագծի ոչ մի փուլում դեռևս չի եղել։ Նախագծի մասին ի սկզբանե չէր հայտարարվել Ախալքալաքի կայքում ու ՏԻՄ սոցիալական ցանցերում, այսինքն՝ քաղաքացիները հնարավորություն չունեին տեղեկանալու այդ մասին։ Բացի այդ, HEKS EPER-ի և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) ներկայացուցիչների հետ հնարավոր գաղափարների հանրային քննարկումների ժամանակ հանդիպման մասին տեղեկատվությունը նույնպես չի տարածվել բնակչության շրջանում, ուստի դրան հիմնականում մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:
Քաղաքացիների կողմից քաղաքապետարան է ներկայացվել 4 նախաձեռնություն քաղաքային ժամացույց, ինտերակտիվ գովազդային վահանակ, լողափի կազմակերպում Փարվանա գետի ափին, դիտահարթակ Ախալքալաք քաղաքի մուտքի մոտ: Վերջին երկու նախագծերը մաղվել են «տեխնիկական անհամապատասխանության» պատճառով հանձնաժողովի նախնական նիստում։ Նշենք, որ նախագծերի հեղինակները չեն ստացել արձագանք իրենց գաղափարների վերաբերյալ և պաշտոնապես չեն ծանուցվել տեխնիկական որակազրկման մասին:
Քվեարկության օրվա հայտարարությունը քաղաքապետարանի կայքում տեղադրվել է ընտրություններից 2 օր առաջ։ Բուն նախագծերի մասին մանրամասն տեղեկությունները, դրանց նկարագրությունները ոչ մի ճանապարհով չեն տարածվել։