Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են վարել։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ դիվանագետին։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, Ստամբուլում։

Ըստ POLITICO-ի աղբյուրի՝ դա ուղղված է եղել այն ջանքերին, որոնք պետք է գործադրվեին՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակմանը և թույլ տալ Հայաստանից հումանիտար օգնության մուտքը։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն ներկայացրել է Վաշինգտոնի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, իսկ ԵՄ-ն գործուղել է տարածաշրջանում իր ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ռուսաստանն ուղարկել է Իգոր Խովաևին, որը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնացն է։

Հրատարակությունը հանդիպումն հազվագյուտ է որակում այս բարձր մակարդակի շփումը Մոսկվայի և արևմտյան երկրների միջև անվտանգության թեմայով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո նման կապերը խզված էին։ Մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեմ առ դեմ հանդիպել էին Հնդկաստանում G20 հանդիպման շրջանակում, սակայն Մոսկվան պնդել էր, որ եղել է մտքերի փոխանակություն և որևէ բանակցություններ չեն եղել:

ԵՄ ներկայացուցիչը Politico-ի հետ զրույցում, մեկնաբանելով ռուսական կողմի հետ շփումը, նշել է, որ Բրյուսելի համար կարևոր է պահպանել կապի ուղիները Կրեմլի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու նպատակով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»: Սակայն խնդրին ծանոթ մի ամերիկացի պաշտոնյա նշել է, որ Մոսկվան դեռ վերահսկում է իրավիճակը Ղարաբաղում, ուստի Արևմուտքը պետք է հնարավորություն ունենա աշխատելու ռուսական կողմի հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico-ի հրապարակումը, ասել է, որ Ղարաբաղի հարցով շփումներ եղել են: Միաժամանակ, ըստ Պեսկովի, հոդվածը պարունակում է բազմաթիվ անճշտություններ և չի վերաբերում իրականում տեղի ունեցած բանակցություններին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը։

Նշելով, որ չգիտի՝ արդյոք հանդիպումը գաղտնի է եղել, Զախարովան ընդգծել է, որ հանդիպման անցկացման նախաձեռնությամբ իրենց են դիմել ԱՄՆ-ն ու Եվրամիությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ահա և վերջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Միջազգային իրավունքով Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս։ Շրջանի բնակչությունը հիմնականում էթնիկ հայերն էին կազմում։ 1990-ականների սկզբից Բաքուն չի վերահսկում տարածքի մեծ մասը, որտեղ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունեցել։ Հայ համայնքի ներկայացուցիչները հռչակեցին այն անկախ հանրապետություն, որը չճանաչվեց ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ 2020 թվականի վերջին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը Ղարաբաղի մի մասի նկատմամբ, սակայն կողմերի միջև խաղաղության պայմանագիր այդպես էլ չստորագրվեց։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքում, որտեղ ապրում էին տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով։ Սեպտեմբերի 20-ին չճանաչված տարածաշրջանի ղեկավարությունը կապիտուլյացիայի ենթարկվեց ՝համաձայնելով Բաքվի պայմաններին։

Հայ բնակչությունը, վախենալով հալածանքներից, զանգվածաբար լքեց իր տները։ Ըստ Երեւանի տվյալների՝ 120 հազար բնակիչներից ավելի քան 100 հազարը լքել է Լեռնային Ղարաբաղը։

Ադրբեջանի իշխանությունները կոչ են արել բնակիչներին մնալ շրջանում և հայտարարել, որ պատրաստ են բանակցել Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման շուրջ։

Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Ակնկալվում էր, որ գագաթնաժողովում կողմերը կքննարկեն Բաքվի և Երևանի միջև ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը։

Նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Ալիևը չեղարկել է այցը Գրանադա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքուն պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը, սակայն մերժում է ստացել։ Դրան դեմ են արտահայտվել, մասնավորապես, Ֆրանսիան ու Գերմանիան։

Որպես Ալիևի՝ հանդիպումից հրաժարվելու պատճառներից մեկը՝ լրագրողները նշում են հոկտեմբերի 3-ին Երևան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հայտարարությունները։ Դիվանագետը Հայաստանին մարդասիրական օգնություն է խոստացել և հայտարարել, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ պայմանագիր կնքել ռազմական տեխնիկայի մատակարարման մասին՝ անվտանգության երաշխավորման համար։

Բաքուն նշել է, որ իրենք իմաստ չեն տեսնում տարածաշրջանի խնդիրները քննարկել «տարածաշրջանից հեռու երկրների հետ», նշում է APA-ն։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ նախկին եռակողմ ձևաչափը՝ ԵՄ-ի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ, կվերածնվի, Բաքուն կկարողանա մասնակցել հանդիպմանը, բայց առանց Ֆրանսիայի մասնակցության։