Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ։
Մայիսի 4-ին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը սադրիչ է անվանել «Վրացական երազանքի» հիմնադիր, այժմ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները, որոնք վերջինս արել էր ապրիլի 29-ի ելույթի ժամանակ։
Զուրաբիշվիլին դեսպաններին ասել է, որ Վրաստանում կրիտիկական փուլ է մոտենում, և անհրաժեշտ է նրանց կառավարությունների աջակցությունը։
«Կարծում եմ, որ այն փուլը, որը հիմա սկսվում է, կլինի շատ կրիտիկական, քանի որ մոտենում է «գործակալների օրենքի» երրորդ ընթերցումը։ Կարծում եմ՝ ամսաթվերի ընտրությունը մի քիչ սադրիչ է։ Այս ամենը տեղի է ունենում Զատկի շրջանում, որը պետք է լինի վերամիավորման և ապաբևեռացման ժամանակահատված…
Պարոն Իվանիշվիլիի ելույթը շատ սադրիչ էր՝ ձեր և Վրաստանի բնակչության վերաբերյալ։ Այս ամենը նշանակում է, որ մենք լարված իրավիճակում ենք», — ասել է նախագահը։
Նախագահը ներողություն է հայցել դեսպաններից «Վրացական երազանքի» կառավարության կողմից՝ դեսպանների երկրներին ուղղված խոսքերի համար, ինչպես նաև ասել է, որ Վրաստանի քաղաքացիները լավ են հիշում և գնահատում միջազգային գործընկերների օգնությունը։
Նախագահը դիմելով դեսպաններին՝ ասել է, որ նրանք մեծ դեր ունեն կայունության ապահովման գործընթացում, եվրոպական ուղին շարունակելու Վրաստանի ջանքերում և գիտակցելու, որ «Վրաստանը միայնակ չէ»։ Զուրաբիշվիլին նաև նշել է, որ կառավարության ձեռնարկած քայլերը հարձակում են Վրաստանի Սահմանադրության վրա, որտեղ «շատ հստակ գրված է, թե որն է Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը և ուղղվածությունը»։