Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքների շուրջ 34 տոկոսն ավարտվել է, մնացած գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ երեք գյուղում մրցույթը չկայանալու պատճառով աշխատանքները դեռ չեն սկսվել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, քաղաքապետարանը երկու անգամ մրցույթ է հայտարարել այդ աշխատանքների համար, սակայն հայտեր չեն եղել։ Երեք գյուղի աշխատանքներն էլ հայտարարվել է մեկ մրցույթով: Վերջին անգամ այս աշխատանքների մրցույթը հայտարարվել է օգոստոսի 24-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է սեպտեմբերի 4-ը ։

Այդ աշխատանքները հետևյալն են.

1. Չամդուրա գյուղի երիտասարդական կենտրոնի վերականգնում – 13559 լարի.
2. Վաչիան գյուղի երիտասարդական կենտրոնի վերականգնում – 22769 (ՕԳԾ՝ 16949 լարի, տեղական բյուջե՝ 5820 լարի)
3. Խանդո գյուղի մարզադահլիճի շինարարական աշխատանքների շարունակություն՝ 16949 լարի։

Կիրովական, Հոկամ, Ազմանա գյուղերում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված և ընդունված են համապատասխան հանձնաժողովի կողմից, մյուս գյուղերում աշխատանքները 60-70 տոկոսով են ավարտված։

21 գյուղում աշխատանքները 100 տոկոսով ավարտված են, սակայն հանձնաժողովն ընդունման ընթացակարգը դեռ չի սկսել։ Դրանք հիմնականում գյուղերի լուսավորության աշխատանքներն են։

«Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 000 լարի։ Գյուղացիները ժողովների միջոցով որոշում են, թե ինչպես ծախսել այս ծրագրով հատկացված գումարը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20000 լարի։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղ ընտրել է 83 առաջնահերթություն: