Այսօր՝ ապրիլի 19-ին, սկսվել են Ախալքալաքի կենտրոնում գտնվող Մաշտոցի հուշարձանի շրջակայքի բարեկարգման աշխատանքները։ Աշխատողների խոսքով, հուշարձանի տարածքի երկայնքով ծաղիկներ կտնկվեն։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հայտնեց, որ աշխատանքներն իրականացվում են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Թարմացված մունիցիպալիտետներ» նախագծի շրջանակներում։
«Նրանք ըստ նախագծի են իրականացնում, տեղական իշխանություններն այստեղ ներգրավված չեն: Նախագծում որոշ փոփոխություններ են եղել, մեզ նոր տեղեկություն չեն ուղարկել: Ամենայն հավանականությամբ, կտեղադրվեն կենսածառեր և այլ բույսեր»,- մեկնաբանեց նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագիրը, որի շրջանակներում ենթադրվում է քաղաքի կենտրոնական հրապարակի և գլխավոր փողոցի բարեկարգումը, այդ թվում նաև՝ շենքերի ճակատային մասերի։