Օլավերդ գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով գյուղի բնակիչ Հայաստան Գիլոյանը մասնակցել է ԵՄ ENPARD-2 ծրագրով LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթին և շահել հյուրատան կառուցման դրամաշնորհ։ Սակայն կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացումից հետո հյուրատուն այցելել է ընդամենը 10 հյուր։

Օլավերդ գյուղը գտնվում է լեռներում, Ախալքալաքից 14-15 կմ հեռավորության վրա։ Կլիման խիստ է, այնտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է, քան Ախալքալաքում։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Ալպյան բնությունը գեղեցիկ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։ Յուրաքանչյուր եղանակ ունի իր հմայքը: Ուստի Հայաստան Գիլոյանն ու նրա ամուսինը՝ Հովիկ Գիլոյանը, որոշել են զարգացնել լեռնային տուրիզմը։

Հովիկ Գիլոյանը հայրական հին տունը վերածել է հյուրատան։ Նրանք մրցույթը շահում են 2019թ.։ Ծրագրի ընդհանուր գումարը 93 501 լարի է, որից 44 977 լարին ինքնաֆինանսավորման մասն է, մնացածը՝ դրամաշնորհը։ Մինչ հյուրատունը կառուցվում է, սկսվում է COVID-19 համաճարակը, սահմանափակումները։ Կորոնավիրուսից հետո Գիլոյանները հյուրանոցում ընդունել են ընդամենը 10 մարդ։ Զբոսաշրջիկները եղել են Վրաստանի այլ շրջաններից, Ռուսաստանից և Ամերիկայից։

Գիլոյան Հովիկը իր հյուրատունը booking.com-ում (աշխարհում հյուրանոցների ամրագրման ամենամեծ կայքը) դեռ չի գրանցել։ Նրա խոսքով, ինքը ցանկանում է բարեկարգել հյուրատան բակը, նոր միայն գրանցվել։ Բայց բարեկարգումը ոչ մի կերպ չի ստացվում, Գիլոյանները դեռ չեն կարողանում դրամական միջոցներ գտնել։ Իսկ զբոսաշրջիկները գալիս են շատ հազվադեպ ու պատահական։

turizm olaverd

«Զբոսաշրջիկները եղել են Լևանա լճում, բարձրացել Աբուլ լեռ, քայլել լեռներում։ Այս վայրերի գովազդներն արդեն կան, մնում է, որ ես գովազդեմ իմ հյուրանոցային տունը, հենց սկսեմ բարեկարգումը, կզբաղվեմ հյուրանոցի զարգացման հարցով, որ զբոսաշրջիկները չհիասթափվեն»,- ասում է Հովիկ Գիլոյանը։

Մտադիր է տեղադրել տաղավարներ, նստարաններ, բարեկարգել բակը, ծաղիկներ աճեցնել բակում, ընդհանրապես, կարգի բերել։

Հովիկ Գիլոյանի խոսքով, հյուրատուն այցելած սակավաթիվ զբոսաշրջիկներին շատ է դուր եկել տեղի խոհանոցը, հատկապես ավելուկը (թրթնջուկը): Գիլոյանների, Օլավերդում, զբոսաշրջության զարգացման կարևոր նպատակը ի սկզբանե եղել է էկոտուրիզմի, լեռնային տուրիզմի և գաստրոնոմիական զբոսաշրջության համադրությունը: Գիլոյաններն իրենց հյուրերին առաջարկում են էկոլոգիական մաքուր, տեղական ուտեստներ և սնունդ՝ թարմ ձուկ, պանիր, ձու, տեղական բույսերից պատրաստված ուտեստներ, թոնրի հաց և շատ ավելին։

Հովիկ Գիլոյանը կարծում է, որ զբոսաշրջության զարգացումը կնպաստի Օլավերդ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Օլավերդ գյուղը ձմեռային տուրիզմի զարգացման ներուժ ունի, լեռներում ձյունը մնում է մինչև մայիսի վերջ։

Հովիկ Գիլոյանը կարծում է, որ Ջավախքում զբոսաշրջության զարգացումը չի կարող ընթանալ ինքնահոս, միայն անհատների ցանկություններով և ջանքերով, դրա համար անհրաժեշտ է նաև պետական ​​աջակցություն, ենթակառուցվածքների զարգացում պետական մասշտաբով։

turizmokaverd