Կարտիկամ գյուղի բնակիչները «Ջավախ Ավտո Գզա» ընկերության ղեկավարության հետ բանակցելուց հետո, որը գյուղի ճանապարհով քարհանքներից ավազ է տեղափոխում, ձեռք են բերել ժամանակավոր համաձայնություն:
Նոյեմբերի 11-ին, Աբուլի քարհանքից ավազ փոխադրող բեռնատարների համար ճանապարհը փակած Կարտիկամ գյուղի բնակիչները, հանդիպել են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի հետ:
Ըստ Ձիրկվաձեի, ընկերությունը հանդիսանում է Աբուլի քարհանքի սեփականատերը, և հենց այս ընկերությունն է ավազ փոխադրում քարհանքներից: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, կեսօրին, Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքում:
«Ջավախ Ավտո Գզա» ընկերության ներկայացուցչի հետ հանդիպմանը ներկա են գտնվել Ախալքալաքի ոստիկանության պետը, Կարտիկամի տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանը և 10 գյուղի բնակիչ:
«Ջաբա Ձիրկվաձեն խոստացավ, որ իրենք չեն անցնի ծանրաբեռնված մեքենաներով, անպայման կփակեն այն տենտով (պարուսինածածկ) և մինչև նոյեմբերի վերջ կվերականգնեն ճանապարհի վնասված հատվածը, մինչև այլընտրանքային ճանապարհի հարցը լուծվի: Մենք առաջարկում ենք նրանց օգտագործել այլընտրանքային ճանապարհը, բայց նրանք դեռ չեն համաձայնվում: Եթե խախտումներ լինեն, մենք թույլ չենք տա, որ պայմանը խախտող մեքենաներն անցնեն», – ասաց Գենադի Էլիզբարյանը:
Ըստ նրա վերահսկողությունը իրականացնելու է գյուղի բնակչությունը:
Ջաբա Ձիրկվաձեն ասաց, որ իրանք մինյանց հասկացել են և ոչ մի անհասկանալի հարց չի առաջացել:
«Ամեն ինչ նորմալ է: Որտեղ ճանապարհ կա, մեր մեքենաներն այնտեղից կանցնեն: Ինչպես մարդիկ ասեն, մենք այդպես էլ կանենք, որպեսզի մարդիկ գոհ մնան: Մենք կվերականգնենք ճանապարհը: Այլընտրանքային ճանապարհն այդքան արագ չի կառուցվի, հարկավոր է նախ նախագիծ կազմել: Դա հավանաբար կորոշի քաղաքապետարանը», – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ջաբա Ձիրկվաձեն:
Կարտիկամ-Բավրա ճանապարհն ասֆալտապատվել է այս տարի: Մինչ այն շահագործման հանձնելը ճանապարհը փոսային նորոգման է ենթարկվել, այնտեղ կրկնակի վերանորոգում է իրականացվել նաև շահագործման հանձնելուց հետո: Գյուղի բնակիչները և ճանապարհը վերականգնող շինարարական ընկերությունն ասում են, որ այն քանդվել է բեռնատարների մեղքով, որոնք ծանրաբեռնված անցել են ճանապարհով, երբ նոր էր այն ասֆալտապատվել, և այժմ կրկին շարունակում են ծանրաբեռնված և անծածկ երթևեկել:
Նոյեմբերի 11-ին Կարտիկամի բնակիչները կրկին արգելափակել էին ճանապարհը, բողոքելով, որ բեռնատարներն անցնում են ծանրաբեռնված և առանց ծածկի:
Շուշան Շիրինյան