Ընդամենը 4 օրվա ընթացքում Վրաստանում տուգանվել է 82 վարորդ՝ արտանետումների տեսանելի չափորոշիչները գերազանցելու համար։ Այս մասին Netgazeti-ին տեղեկատվություն են տրամադրել բնապահպանական վերահսկողության վարչությունից։ Այս գերատեսչությունը վերահսկում է սեպտեմբերի 4-ից ուժի մեջ մտած օրենքի կատարումը։
Գերատեսչության տվյալներով՝ նրանցից 42-ը տուգանվել են Թբիլիսիում, 17-ը՝ Քութայիսիում և Բաթումիում, իսկ 6 վարորդ՝ Ռուսթավիում։
Հաղորդվում է, որ ողջ երկրում մշտադիտարկումն իրականացնում է տասը թիմ, հինգը՝ Թբիլիսիում, երկուական թիմ՝ Բաթումիում և Քութայիսիում, իսկ մեկը՝ Ռուսթավիում։
Այդ քաղաքների տարածքում մեքենա վարելը, որի արտանետումները չեն համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, առաջին դեպքում ենթադրում է 100 լարի տուգանք։
30 օրվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 300 լարի։ Եթե 15 օր հետո կրկին խախտում հայտնաբերվի, ապա տուգանքը կկազմի 600 լարի։
Իրավաբանական անձն առաջին անգամ կտուգանվի 500 լարիով, կրկնակի խախտման դեպքում՝ 1500, երրորդ անգամ՝ 3 հազար լարիով։
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և վնասակար նյութերի ավելցուկի հայտնաբերման դեպքում մեքենայի տերը, ով համաձայն չէ տեխզննման արդյունքներին, իրավունք ունի իր միջոցների հաշվին հավատարմագրված տեխզննման կետ տանել տրանսպորտային միջոցը՝ խախտումը հայտնաբերելուց հետո 2 ժամվա ընթացքում: Եթե արդյունքները տարբեր լինեն, այսինքն՝ տրանսպորտային միջոցի տեխզննման կենտրոնը խախտումներ չհայտնաբերի, տուգանքը կչեղարկվի։
Գերատեսչության տվյալներով՝ «տուգանքը 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով»։
Բացի այդ, «քաղաքացիները կկարողանան ստուգել տուգանքները բնապահպանական վերահսկողության վարչության կայքերում, իսկ տուգանքները կարող են վճարել ՆԳՆ կայքի միջոցով»։
Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում համապատասխան փոփոխությունները կատարվել են 2023 թվականի հուլիսին, և այն ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։