Կրթության նախարարության տվյալներով, վերջին շաբաթում Վրաստանում կրճատվել է հեռավար ռեժիմով աշխատող դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այսօրվա դրությամբ՝ հեռավար ուսուցում ընթանում է 172 դպրոց և 408 առանձին դասարան։
Գերատեսչության տվյալներով, ռիսկային խմբի 196 ուսուցիչ հեռավար է դասավանդում դպրոցները բացվելուց հետո։
Ըստ ԿԳ նախարարության՝ հանրակրթական հաստատություններում COVID-19-ի տարածման առումով իրավիճակը կայուն է։
«Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների մեկ տոկոսի և աշակերտների 0,4 տոկոսի մոտ։ Ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 70%-ն այս փուլում պատվաստված է։ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տարբեր ուղղություններով ակտիվ աշխատանքներ է տանում դպրոցներում Covid-19 վիրուսի տարածումը կանխելու համար։ Ուսուցիչները նույնպես ակտիվորեն թեստավորվում են Covid-19-ի դեմ։ Դպրոցները լիովին հագեցած են համաճարակի կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսներով մինչև ուսումնական տարվա վերջ։
Կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ողջ դպրոցական հանրությանը հնարավորինս հետևել առողջապահության ոլորտի հանձնարարականներին, ակտիվորեն ներգրավվել պատվաստման գործընթացում»,- ասվում է ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: