Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսում է Օլավերդ գյուղի ճանապարհի ասֆալտապատումը: Սկզբում կասֆալտապատվի ճանապարհի 1836 մ.-ը: Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 1 159 817 լարի։ Աշխատանքների կատարման մրցույթն արդեն հայտարարված է։

Օլավերդ գյուղի ճանապարհը գտնվում է վատ, քանդված վիճակում, ինչը գյուղի բնակիչների դժգոհությունն է առաջացնում։ Սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանը հայտարարել է Օլավերդ գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների մրցույթ, շարունակելով ասֆալտապատումը Գոման գյուղից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 22-ն է։

Այս տարի մունիցիպալիտետը կվերանորոգի Գոման-Օլավերդ ճանապարհի 1836 մ երկարությամբ և 5,5 մ լայնությամբ մի հատված: Ճանապարհը վերանորոգվում է տեղական բյուջեի միջոցների հաշվին, հատկացվել է 1 159 817 լարի։

Ասֆալտն այս տարի Օլավերդ չի հասնի, սակայն քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնեցին, որ ճանապարհի ասֆալտապատումն անպայման կշարունակվի։

«Աշխատանքները կսկսվեն այս տարի, մոտ 200 000 լարիի աշխատանքներ կմնան հաջորդ տարի, չնայած եթե ստացվի՝ կանեն, եթե ոչ՝ հաջորդ տարի: Մյուս տարի կկազմենք մնացած ճանապարհի նախագիծը, տեսնեք, թե ինչպես կստացվի, ամեն ինչ կախված է ֆինանսներից: Այս տարի էլ մենք հույս չունեինք»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, շահող ընկերությունը պետք է աշխատանքը սկսի պայմանագրի կնքումից 60 օրացուցային օր հետո (մինչև եղանակի վատթարացումը), իսկ եղանակի բարելավումից հետո, 2024 թվականին՝ 30 օր հետո։

Ընկերությունը պարտավոր է աշխատանքները կատարել Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված շինարարական և բնապահպանական ստանդարտներին և կանոններին համապատասխան, նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան:

Կատարված աշխատանքների որակի երաշխիքային ժամկետը 3 տարի է, վերջնական ընդունման-հանձնման ակտի ստորագրման օրվանից: Երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում որևէ թերություն հայտնաբերելու դեպքում ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում, իր միջոցներով վերացնել այն։ Ժամկետը սահմանում է գնորդը ծանուցում ստանալուց հետո:

Նշենք, որ Օլավերդ գյուղ տանող ճանապարհը տեւական ժամանակ է դժվարանցանելի է։ Բնակիչները դժգոհում էին, որ նույնիսկ շտապօգնության մեքենան չի ցանկանում գյուղ հասնել հեռավորության և ճանապարհների վիճակի պատճառով։ Ձմռանը գյուղ տանող ճանապարհը օրերով փակ է լինում։

Օլավերդում ասֆալտապատ ճանապարհ են ուզում ունենալ

Օլավերդ գյուղի բնակիչները ոտքով հասել են քաղաք՝ արտահայտելու իրենց բողոքը