Օլավերդը Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերից է։ Ախալքալաքից հեռու է 14 կմ։ Քարքարոտ ճանապարհների պատճառով գյուղ հասնել դժվար է: Բնակիչները միաբերան նշում են, որ իրենց ամեն ընտրության ժամանակ խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն մինչև հիմա ճանապարհներն նույն վիճակում են։

Օլավերդում ապրում է 154 ընտանիք: Մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Իսկ հիմնական եկամտի աղբյուրը արտագնա աշխատանքն է։ Կատակով ասում են՝ գյուղում ոչինչ չկա, ամենալավ զբաղմունքը Ռուսաստանում է գտնվում՝ խոպան:

Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն բնակիչներն առաջնահերթություն են համարում ճանապարհների հարցը: Նշում են՝ հատկապես ձմռանը իրավիճակը խրթին է։

«Ինչու մյուս գյուղերի ճանապարհները ասֆալտապատում են, մերը՝ ոչ։ Ընտրությունների ժամանակ գալիս ասում են՝ ձայներդ տվեք խոսքի Կիրակոսին, աշնանն անպայման կսկսենք ճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Քանի՞ այդպիսի աշուն է անցել։ Դրա համար էլ մենք չենք վստահում և հավատում կառավարության ներկայացուցիչների խոսքերին», – ասում են Օլավերդի բնակիչները։

Գյուղի ճանապարհները հիմա հարթեցված էր, որն իրականացվել է գյուղի բարերարի միջոցներով։ Նոր հարթեցված ճանապարհով երթևեկելիս գյուղում փոշի է բարձրանում։

qarqarot chanpa

«Որ եկաք ճանապարհները հարթեցված էր, բայց դա մեր գյուղացին էր արել, ով բարերար է։ Ձմռանը միշտ փակվում է, այս տարի 5 օրից ավելի փակված մնաց։ Ճանապարհի խնդիր միշտ ենք ունեցել, լավ կլինի, որ վերջապես մեր գյուղում մի բան անեն, գոնե ճանապարհները ասֆալտապատեն», – ասում է գյուղի բնակիչ Մարտին Քթրյանը։

Ինչպես Jnews-ին ասաց Օլավերդ գյուղի մասնագետ Եսայի Ներսեսյանը, գյուղի ճանապարհները պետական միջոցներով հարթեցվել է գարնան սկզբին, իսկ վերջին անգամ հարթեցվել է պետության և բարերարի ջանքերով։

Գյուղի մասնագետի խոսքով, խոստացել են մյուս տարի ասֆալտապատել իրենց գյուղի ճանապարհը. «Եթե այս տարի տենդերներից գումար տնտեսվի, երևի 1 կմ-ի չափով արվի, հնարավորության չափով պիտի անեն, եթե՝ ոչ, ապա մյուս տարի ճանապարհների ասֆալտապատման հարցը 100 տոկոս կլուծվի»:

Հարկ է նշել, որ Օլավերդ գյուղի ճանապարհի ասֆալտապատում 2022 թվականի Ախալքալաքի մունիցիպալիտետի ծրագրերում չկա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտ ամսին Օլավերդի բնակիչները 14 կմ ճանապարհը ոտքով անցել հասել էին քաղաքապետարան և պահանջում էին բացել իրենց գյուղի արդեն 6 օր, ձյան պատճառով փակ ճանապարհները։

Կարդացեք նաև՝

Օլավերդ գյուղի բնակիչները ոտքով հասել են քաղաք՝ արտահայտելու իրենց բողոքը