Վերջերս Շահումյան փողոցի բնակիչները դժգոհում էին, որ իրենց փողոցում անհայտ միջատներ են հայտնվել, որոնք ներթափանցում են իրենց տներ: Այսօր նույն խնդրին անդրադարձել են քաղաքի մեկ այլ հատվածում՝ 14-րդ զինվորական ավանից։
Ինչպես պատմում են թե՛ Շահումյան փողոցի, թե՛ 14-րդ զինվորական ավանի բնակիչները, մեծ քանակությամբ միջատները վերջին շրջանում են հայտնվել։ Ինչպես և առաջին դեպքում, կպչուն միջատներն արևի տակ չորանում են, իսկ երեկոյան ժամը 19.00-ից հետո մեծ քանակությամբ սողալով դուրս են գալիս ծակերից ու մտնում տներ։ Հետաքրքիրն այն է, որ նույն փողոցում գտնվող այս միջատները կարող են մի տեղ մեծ քանակությամբ լինել, իսկ մյուսում իսպառ բացակայել: Նաև կան վայրեր, որտեղ այս միջատները նկատվել են, գտնվում են անտառային գոտու մոտ՝ Փարվանա գետի լանջի մոտակայքում:
14-րդ ավանի բնակիչներն այս միջատին առաջին անգամ հանդիպել են 2 տարի առաջ, սակայն այդ ժամանակ նրանք շատ չէին, ինչպես այս տարի։ Նրանք այս միջատների հոտը նկարագրում են այսպես. «Ավելի վատ, քան կոյուղու հոտն է»: Բնակիչները Jnews-ի միջոցով դիմում են տեղական իշխանություններին՝ օգնելու նրանց հասկանալ, թե ինչ միջատ է, և ինչպես պայքարել դրա դեմ։
Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին խոստացել է վաղն ասել այս միջատի անունը և դրա դեմ պայքարի միջոցները, նա նաև ասել է, որ այս միջատը խաղողի համար է, ինչպես օրինակ Կոլորադոյան բզեզը՝ կարտոֆիլի։ Հիմնականում դա տարածված է Վրաստանի այն շրջաններում, որտեղ կան խաղողի այգիներ։
«Պետք է դեղ տանք, քիմիկատներ, ըստ երեւույթին, այս տարի որոշ պայմաններ բարենպաստ են եղել այս միջատի հայտնվելու համար մեր երկրում: Այն տարածված է Վրաստանում, որտեղ խաղող են աճեցնում: Դրա դեմ 15 անգամ դեղում են: Վաղը ես Ձեզ կասեմ, թե ինչ դեղամիջոց է պետք օգտագործել, որպեսզի դրանք վերանան»,- ասաց Ռամազ Խուցիշվիլին։