Ախալքալաքի լողավազանը, որը տեղական բյուջեից է սուբսիդավորվում, տարվա ամենապիկ ամսին արձակուրդ է գնացել, պատճառը ամենամյա մաքրման աշխատանքներ են:
Օգոստոսի 1-ից Ախալքալաքի լողավազանը չի գործում, տնօրինության խոսքերով որեւէ արտառոց բան չկա դրանում:
«Ամեն տեղ այդպես է, միայն մեզ մոտ չէ, լողավազանն էլ է արձակուրդ գնում, ջուրն ենք դատարկում ու փոխում, մաքրման աշխատանքներ եւ այլն: Մինչեւ սեպտեմբերի մեկը, եթե հասցնենք, որովհետեւ թեթեւ խնդիրներ ունենք, կոյուղու հետ կապված, հարցը բարձրացված է, ղեկավարությունը որոշումը տվել է, որ սարքենք: Ջուրը շատ դանդաղ է դատարկվում, խցանում է երեւի, չգիտեմ », – ասաց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանը:
Քաղաքի միակ լողավազանը գործում է 2012 թվականից մինչ օրս: Վճարման տարիֆները տարիների ընթացքում փողոխության չի ենթարկվել: Ախալքալաքում լողի կարող են գնալ 7 տարեկանից սկսած, երեխաների ու մեծահասակների լողավազանները տարբեր են: 7-ից մինչեւ 13 տարեկանները մեկ ամսվա դիմաց վճարում են 10-ական լարի, 14-18 տարեկանները, 20-ական լարի, իսկ 18-ից բարձր տարիքի մարդիկ 40-ական լարի:
Լողավազանը տարեկան մոտավոր 130 000 լարի չափով սուբսիդիա է ստանում Ախալքալաքի տեղական բյուջեից: Իսկ տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 15 000 լարի: Ծախսերն էլ այդքան մեծ չեն: Հիմնականում բնական գազի գումարն է, եւ 15 աշխատակիցների աշխատավարձերը:
«Մեր եկամուտը շատ չնչին է, նույնիսկ ծախսած գազի գումարին չի հերիքում, մոտավորապես 10-15 000 լարի հազիվ է հավաքվում», – նշում է տնօրենը:
Եկամուտը քիչ է, որովհետեւ լողի Ախալքալաքում շատ մարդ չի գնում: Լողավազանը մշտական հաճախորդներ չունի:
«Մեզ մոտ կայուն բան չկա, հիմնական աշակերտ չկա, գալիս են մի քանի անգամ հետաքրքրությունը կորում է, այլեւս չեն գալիս: Կապված եղանակային պայմանների հետ ձմռանը հոսքը նվազում է: Ամենապիկ ամսին լողավազանը 100-150 մարդու է սպասարկում: Օգոստոսին են շատ գալիս, որովհետեւ արձակուրդ է, Ռուսաստանից բոլորը գալիս են, բայց հիմա էլ մենք ենք արձակուրդի մեջ », – ասում է Աշոտ Խանոյանը:
Տնօրենը չի դժգոհում, սակայն մատնանշում է լողավազանի խնդիրները: Վեց տարվա ընթացքում այդպես էլ Ախալքալաքի լողավազանը պրոֆեսիոնալ մարզիչ չունեցավ: Սա ամենակարեւոր խնդիրն է ըստ տնօրենի:
«Ախալքալաքի լողավազանը միշտ ունեցել է, եւ այսօր էլ ունի պրոֆեսիոնալ մարզիչի կարիք: Մեզ անընդհատ հրավիրում են տարբեր մրցույթների քանի որ չունենք պրոֆեսիոնալ կամ գոնե պրոֆեսիոնալին մոտ լողորդներ, չենք մասնակցում: Նույնիսկ տեղական մակարդակով մրցույթ չի ստացվում իրականացնել: Ուրիշ տեղերում 2 ամսականից լող են սովորեցնում, իսկ մենք 7 տարեկանից», – ասում է լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանը:
Մինչեւ Ախալքալաքի միակ լողավազանը նվազագույնը մեկ մարզիչ չունենա, մասնագիտացված լողորդների ու մրցույթների մասին խոսելը մեզանում դեռ վաղ է:
Աղունիկ Այվազյան