Բնապահպանության վերահսկողական Սամցխե-Ջավախքի տարածքային բաժնի աշխատակիցները Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխի լճից նմուշ են վերցրել, որպեսզի ստուգեն ձկների անկման պատճառը։

«Տարածքի ուսումնասիրությունների և տեղացիների հարցման արդյունքների հիման վրա, այս փուլում կոնկրետ խախտումներ չեն արձանագրվել, քանի որ լճում ջրի ցամաքման պատճառը հավանաբար պայմանավորված է բնական գործընթացներով (բարձր ջերմաստիճան): Գործի վարույթը սկսված է, վերցված նմուշների արդյունքները ստանալուց հետո, կիրականացվեն օրենքով նախատեսված միջոցառումներ», – ասվում է Բնապահպանության վերահսկողական ծառայության հաղորդագրությունում։

Հարկ է նշել, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերներից մեկը տեղադրել է լուսանկար և տեսանյութ, որտեղ երևում է, որ ծանծաղ լճում ձուկ է սատկել: Ձկները տարբեր են և տարբեր չափերի: Դատելով տեսանյութից՝ լճի ջրի մակարդակը կտրուկ նվազել է, ինչն էլ ձկների անկման պատճառ է դարձել:

IMG_9795

Տուրցխում կա երկու ջրամբար՝ «Վերին» և «Ստորին»: Վերին, մեծ ջրամբարը լցվում է հիմնականում ձնհալի ջրով: Այս ջրամբարը կառուցվել է մոտ 40 տարի առաջ: Այս ջրամբարից լցնում են «Ստորինը», որը հիմնականում ծառայում է անասուններին ջրելու համար, ինչպես նաև պոմպերով ջուրը մղում են ոռոգման համար:

Ինչպես ասում է քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանը, այդ լիճը ժամանակին ստեղծվել է, ոչ թե ձուկ պահելու, այլ դաշտերը ոռոգելու համար։

IMG_9805

«Գյուղացիներով այդ լիճը ստեղծել ենք նրա համար, որ դաշտերը ոռոգենք, և քանի որ ոռոգման սեզոնն է գյուղացիները դաշտերն են ոռոգում, այդ իսկ պատճառով լիճը ցամաքել է։ Սկզբից լճում ջուրը հավաքվում էր Բուռնաշեթից, բայց մի քանի տարի է, ինչ մենք ենք այն լցնում ձնհալքի ժամանակ, քանի որ Բուռնաշեթի ջրերը նույնպես քչացել են։ Այդ լիճը նախատեսված է դաշտերը ոռոգելու և անասուններին ջրելու համար։ Երբ սկսեցինք դաշտերը ոռոգել, բնականաբար ջուրը քչացավ, իսկ մեր գյուղում այս տարի մի կաթիլ անձրև չի տեղացել, որ գոնե լիճը մի քիչ լցվեր։ Այսօր բուռնաշեթցիներին խնդրել եմ, որ գիշերը դաշտ չոռոգեն, բաց թողնեն ջուրը, որ մի քիչ լցվի մեր լիճ, որ առավոտյան անասունների համար ջուր լինի», – ասում է Աննա Ղևենյանը։

Ինչպես նշեց Աննան, սատկած ձկները երիտասարդները հանել են լճից, իսկ ավելի փոքրերին, որոնք դեռ կենդանի են, թողել են լճում տեղ-տեղ մնացած ջրերի մեջ։