Ախալքալաքի շրջանում ընտրողների նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված կա Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորի (Սակրեբուլո) 7 թեկնածու: Jnews.ge-ն պարզել է, թե ովքեր են նրանք, որտեցից են ու ինչու են որոշել առաջադրվել պատգամավորության թեկնածու:
Քաղաքում, №40.01.02-ի տարածքային շրջաններում այլ պատգամավորության թեկնածուների հետ միասին ընտրողների ձայների համար կպայքարի 1964 թ. ծնված անկախ թեկնածու Վրեժ Սահարյանը: Նրա ընտրական համարն է 42-ը:
Ծնվել է Ախալքալաք քաղաքում: Բանակից հետո սովորել է շինարարական ինստիտուտում: Սվերդլովսկ քաղաքում աշխատել է որպես ինժեներ: Այնուհետև իրավաբանական կրթություն է ստացել, և սկսել է աշխատել որպես իրավաբան:
1998 թվականին անցել է ստաժավորում և 2000-ից մինչ 2014 թվականը Ախալքալաքում աշխատել է որպես նոտար: 2000 թ.-ին Գումբուրդոյի տարածքային շրջանից ընտրվել է շրջանի Սակրեբուլոյի անկախ պատգամավոր: Վրեժ Սահարյանը ամուսնացած է, ունի երեք երեխա:
«Որոշեցի մասնակցել ընտրություններին մեր շրջանը ավելի շատ զարգացնելու համար: Իմ ծրագրում առաջին տեղը նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես երիտասարդների համար: Ինչպես նաև ներդրումների ներգրավումը, որպեսզի հարուստ մարդիկ իրականացնեն կոնկրետ ծրագրեր», – ասում է Վրեժ Սահարյանը:
Կոթելիայի տարածքային շրջանից (№40.12) միանգամից երկու անկախ թեկնածու կա: Նրանցից մեկը Թեյմուրազ Խմալաձեն է:
Նա ծնվել է 1982 թ. Կոթելիա գյուղում: Ունի բարձրագույն կրթություն: Թեյմուրազ Խմալաձեն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ոչ մի տեղ չի աշխատել ու պատգամավորության թեկնածու է առաջադրվում առաջին անգամ:
Նրա խոսքերով, ցանկանում է պատգամավոր դառնալ, իր գյուղացիների մակարդակը և բարեկեցությունը բարելավելու համար: Թեյմուրազ Խմալաձեն ամուսնացած է ու ունի երեք երեխա: Նրա ընտրական համարն է` 43:
Կոթելիայի երկրորդ անկախ թեկնածուն 1974 թ.-ին ծնված Մալխազ Աչելաշվիլին է, ապրում է Կոթելիայում: Նա ֆերմեր է: Նա ոչ մի տեղ չի աշխատել, ավարտել է բժշկական քոլեջը: Նրա խոսքերով, մտադիր է հանել իր թեկնածությունը: Մեր հարցին, թե ինչու, եղել են արդյոք սպառնալիքներ, նա պատասխանեց, որ գտել է մեկ այլ աշխատանք: Նրա համարն է` 42:
1969 թ.-ին ծնված Դավիթ Թաքթաքիձեն իր թեկնածությունն է առաջադրել Գոգաշենի №40.06 տարածքային շրջանից: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Նա գյուղում զբաղվում է ֆերմերությամբ: 4 տարի եղել է Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր: Պատգամավոր է դարձել «Նոր աջեր» կուսակցության կողմից, հետո տեղափոխվել է «Վրացական երազանք» կուսակցություն: Դավիթ Թաքթաքիձեն ամուսնացած է:
Ուշանգի Օքրոաձեն Հոկամի(№40.15) տարածքային շրջանի պատգամավորության անկախ թեկնածուն է: Ծնվել է 1964 թ.-ին: Կրթությունը տեխնիկական է և թերի բարձրագույն:
Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր եղել է երեք անգամ` 2006 թվականից: Առաջին անգամ Սակրեբուլո է մտել նախաձեռնող խմբի կողմից, 2009 թվականին «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, 2012թ.-ից տեղափոխվել է «Վրացական երազանք» կուսակցություն: Այս տարի նա կրկին առաջադրվել է նախաձեռնող խմբից:
«Ես ուզում եմ օգնել իմ գյուղին: Գյուղում շատ խնդիրներ կան», – ասաց նա: Ուշանգի Օքրոաձեն ամուսնացած է, ունի երկու երեխա:
Սողոմոն Ասլանյանը անկախ թեկնածու է Խոսպիոյի տարածքային շրջանից (№ 40.22): Նա ծնվել է 1995 թվականին Բավրա գյուղում: Սողոմոն Ասլանյանն ուսանող է, սովորում է Թբիլիսիի Ջավախիշվիլիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` երրորդ կուրսում:
«Ես ուզում եմ ինչ-որ լավ բան անել իմ գյուղի համար: Գյուղում ենթակառուցվածքների հետ կապված շատ խնդիրներ կան, մեծ գումարներ են ծախսվում, բայց արդյունք չկա: Կարծում եմ իմ մոտ կստացվի: Համալսարանը ինձ թույլ է տալիս և սովորել և աշխատել», – ասաց հեռախոսով Սողոմոն Ասլանյանը:
Քերոբյան Հովհաննեսը առաջադրվել է Կաջոի (№40.13) տարածքային շրջանից: Ծնվել է 1995 թվականին: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նա աշխատանքային փորձ չունի:
«Ես ուզում եմ, որ մարդիկ ապրեն բարեկեցիկ, լինեն ապահովված ու ես իմ ժողովրդի համար ուզում եմ դա անել համագործակցելով պետության հետ, քանի որ ես լինելու եմ ժողովրդի ներկայացուցիչը պետական կառույցում», – ասաց Հովհաննես Քերոբյանը:
Շուշան Շիրինյան