Լիլիթ Կարախանյանն այն երիտասարդներից է, ով ավարտելով համալսարանն անմիջապես սկսել է աշխատել որպես երկլեզու կրթության ուսուցչուհի։ Իր սիրելի աշխատանքը համատեղելով սիրելի զբաղմունքի հետ։ Ուրախությամբ նշում է, որ արդեն սկսում է տեսնել իր աշխատանքի արդյունքները։

Լիլիթն ավարտել է Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալասարանում, ընտրել է ուսուցչի մասնագիտությունը։ Հիմա արդեն աշխատում է,  թիվ 4 դպրոցում  արվեստ առարկայի 2-ից 4-րդ դասարանների երկլեզու կրթության ուսուցչուհին է։

«Մինչև 7-րդ դասարան վրացերեն ընդհանապրես չգիտեի, հետո սիրեցի ուսուցչուհուս և լեզուն նույնպես, սկսեցի ավելի խորացված հետաքրքրվել ու սովորել։ Զբաղվել եմ նաև ինքնակրթությամբ։ Դասերից դուրս շատ եմ զբաղվել։ 10-րդ դասարանում արդեն նորմալ խոսում էի, և հենց այդ ժամանակ էլ որոշեցի դառնալ վրացերենի ուսուցչուհի։ Մասնակցում էի տարբեր նախագծերի,  շփվում էի վրացիների հետ, ինչը շատ էր օգնում ինձ բարելավել վրացերենի իմացությունը»,- ասում է Լիլիթը։

Լսելով երկլեզու կրթության նախագծի մասին  մեր հերոսուհին տեսել է աշխատանքային հաստիքի հայտարարությունն ու որոշել է ուժերը փորձել։ Դիմել է՝ և մանկապարտեզում, և դպրոցում դասավանդելու համար։

«Նախագիծը բաղկացած էր երեք փուլից։ Առաջին փուլում CV-ի պետք է նեկայացնեի, երկրորդում՝ հարցազրույց էր, իսկ երրորդ փուլն արդեն իրենց կողմից նախատեսված դասընթացները պետք է անցնեինք, քննություն հանձնեինք և հետո տեղեկանայինք արդյունքների մասին»։

1

Հաջողությամբ հաղթահարելով բոլոր փուլերը Լիլիթը տեղեկանում է, որ անցել է թե մանկապարտեզում, թե դպրոցում, սակայն ընտրել դպրոցը։

Սկզբից մտածել է, որ դժվար է լինելու, քանի որ տարրական դասարններում է։

«Երբ սկսեցի աշխատել, իրոք սկզբից դժվար էր, նոր միջավայր ու շատ աշակերտներ։ Կամաց-կամաց ընտելացա, հիմա արդեն հեշտացել է՝ թե արվեստի ուսուցանումը, թե լեզվի։ Երեխաները նույնպես ընտելացան, այդ իսկ պատճառով ավելի հեշտացավ և հիմա արդեն կարող եմ ասել, որ արդյունք տեսնում եմ։ Առաջ չէին կարողանում պատասխանել, հիմա արդեն վրացերենով պատասխանում են, լինում է պահ դասարան մտնելուց մոռանում եմ և հայերենով եմ բարևում, իրենք վրացերենով են պատասխանում»,- ավելացնում է նա։

Լիլիթը նշում է՝ հիմնական ուսուցչի հետ արդեն կազմել են դասաժամն անցակցնելու իրենց ցանկը, որի արդյունքում ընթացքում խնդիրներ և տարաձայնություններ չեն առաջանում։

Նախքան վրաց լեզվի ուսուցիչ դառնալը, նա երազել է ոճաբան դառնալ կամ ընտրել նկարչի մասնագիտությունը։ Հիմա ժպիտով է նշում, որ կարողացել է համատեղել երկու սիրելի զբաղմունքներն աշխատանքի հետ։

«Արվեստը շատ եմ սիրել, և կարծես թե սա շատ լավ հնարավորություն էր ինձ համար համատեղել մասնագիտությունս, սիրելի զբաղմունքի հետ։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ հանձնել երկու քննություն՝ վրացերեն լեզվի ուսուցչի և արվեստ առարկայի, որպեսզի հետագայում շարունակեմ աշխատանքս հենց արվեստ առարկայում»։

Շատ անգամներ է եղել, երբ մտածել է փոխել մասնագիտությունը, դուրս գալ համալսարանից, սակայն այդ փուլը հաղթահարել է, ինքն իրեն հարց է տվել կարո՞ղ է աշխատել երեխաների հետ։ Եվ երբ գործի է անցել ստանալով երեխաների սերն ու հարգանքը, համոզվել է, որ ճիշտ ընտրություն է կատարել։

Լիլիթ Կարախանյանը տիրապետում է հինգ լեզվի՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն, խոսակացական անգլերեն և որոշ չափով կորեերեն լեզուներին։

Համալսարանն ավարտելուց հետո միանգամից աշխատանք չի գտել։ Այդ շրջանը դժվար է եղել է, դիմել է մի քանի տեղ, սակայն մերժում է ստացել, կամ Թբիլիսիում է եղել աշխատավայրը, չի հանձնվել, շարունակել է պայքարը և ի վերջո գտել է իր սիրելի աշխատանքը։

Չնայած զբաղվածությանն ու խիտ գրաֆիկին Լիլիթը ժամանակ է գտնում կորեական ֆիլմեր, սերիալներ նայելու համար։ Շատ է սիրում կորեական երաժշտություն, ասում է՝ BTS կորեկան խմբի երգերը նրան ուժ են տալիս։

Երազում է լինել և շրջել Կորեայում, ծանոթանալ նրանց մշակույթին ու սովորույթներին։

2

Լիլթը կարծում է, որ եթե երիտասարդները ցանկանան Ախալքալաքում նույնպես կկարողանան զարգացնել իրենց գիտելիքները, մասնակցելով տարբեր նախագծերի և թրեյնինգների։ Երիտասարդներին խորհուրդ է տալիս մասնագիտության ընտրության ժամանակ լավ մտածել, չհուսահատվել, միշտ փնտրել նոր ուղիներ, և որ ամենակարևորն է զբաղվել ինքնակրթությամբ։