Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 28-ին, լիագումար նիստում հաստատեցին 2023 թվականի բյուջեի հերթական փոփոխությունը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը։
Բյուջեի փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
Բյուջեի փոփոխությունը կազմում է 639 255 լարի։ Փոփոխությունների համաձայն, Մուրջախեթ, Կարծախ, Սուլդա, Դադեշ, Կուլիկամ գյուղերում ֆուտբոլային հրապարակների կառուցման համար հատկացվել է 606 955 լարի։
Պատգամավորները հավանություն տվեցին նաև հատուկ տեխնիկայի (էքսկավատորի) գնմանը, որի գումարը կազմում է 260 հազար լարի, ամբարձիչի գնմանը՝ 80 հազար լարի և կոյուղու վակուումային հատուկ տեխնիկայի գնմանը՝ 180 հազար լարի։
Պատգամավորները հաստատեցին քաղաքապետարանի կողմից պահանջված 6000 լարի գումարը։ 4000 լարի դարակների տեղադրման համար և 2000 լարի սարքավորման ձեռքբերման համար, նաև 11 300 լարի՝ Կորխ գյուղում սպորտդահլիճի շինարարական ծախսերի համար:
Հաստատվեց Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության աշխատակազմի հաստիքացուցակը։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանն առաջարկեց դիմել քաղաքապետարան, գյուղերի մուտքերին ցուցանակներ տեղադրելու եւ գյուղերի անուններն ուղղելու համար։ Շիրինյանն առաջարկեց նաև ավտոմեքենաների երթեւեկության անվտանգության համար քաղաքի մուտքի մոտ երկու տեղում ճանապարհային հայելիներ տեղադրել, մասնավորապես, մեկը՝ Խուլգումո-Ախալցիխե խաչմերուկում, մյուսը՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի ներքևում գտնվող շրջադարձին։
Նշենք, որ ապրիլի 27-ին բյուրոյի նիստում Սակրեբուլոյի փոխնախագահ, պատգամավոր Գայոզ Լոմսաձեն բարձրացրել էր Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու թանգարանի ֆինանսավորման հարցը, ինչպես նաև բյուրոյի նիստի ընթացքում Սոցիալական, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սողոմոն Ասլանյանն առաջարկել էր ստեղծել երիտասարդական խորհուրդ և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խորհուրդ։
Այսօրվա նիստի ընթացքում տվյալ հարցերը չքննարկվեցին։
Սակրեբուլոյում Ջիվանու թանգարանի ֆինանսավորման առաջարկ է եղել