Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը, հիմնանորոգման նպատակով, երկու ամսով փակվում է։ «Ավանի» և Ջիվանու թաղամասի բնակիչները տարակուսանքի մեջ են, թե ինչպես են մայրուղով, որտեղ չկա հետիոտնային ճանապարհ, հասնելու քաղաքի կենտրոն:
Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի հանկարծակի փակումը անակնկալի բերեց քաղաքի այս հատվածի բնակիչներին: Նրանք ուրախ են, որ կամուրջը վերջապես կվերանորոգվի, որը գտնվում էր անմխիթար վիճակում, նրանով անցնելն անապահով էր, սակայն, բնակչության համար կամրջի փակումը հանկարծակի էր, իսկ նրանց համար հետիոտնային կամրջին այլընտրանքային ճանապարհ է հանդիսանում նեղ ու ոլորուն (տվյալ հատվածում) Վաչիանի մայրուղին՝ առանց հետիոտնային ճանապարհի:
Ըստ կոպիտ հաշվարկների, նախկին զինվորական ավանում ապրում է շուրջ 2400 մարդ, իսկ Ջիվանու թաղամասում՝ մինչ 200 մարդ: Ճիշտ է, շատերն ունեն մեքենա, և նրանք օգտվում են մայրուղուց, բայց նրանց մեծ մասն անընդհատ օգտվում է հետիոտնային կամրջից: Շատերն աշխատում են քաղաքում, չհաշված տարբեր խմբակներ հաճախող երեխաներին (հաշվի առնելով, որ այժմ դպրոցներում արձակուրդներ են): Կամրջից այն կողմ կան նաև կազմակերպություններ, որոնց աշխատողներն ապրում են քաղաքում:
Նշենք, որ հետիոտնային կամրջից օգտվում են Ջիվանու թաղամասի, նախկին զինվորական ավանի, ինչպես նաև Չամդուրա գյուղի բնակիչները:
Մելսիդա Ժամկոչյանն աշխատում է քաղաքում, նա վրդովված է այն փաստից, որ բնակչությունը փակման մասին տեղեկանում է փակման նախորդ օրը, իսկ տեղական իշխանությունները կամրջին այլընտրանք չի նախատեսել:
«Ինչպես եմ վաղը աշխատանքի գնալու, ես այնքան գումար չեմ ստանում, որ երկու ամիս տաքսիով գնամ, իսկ աշխատանքս չեմ ուզում կորցնել, ինչպես ապրեմ, աշխատավարձս թողնեմ նրանց: Շատ տարօրինակ է, որ նրանք այդ մասին չէին մտածել նման որոշում կայացնելուց առաջ », – վրդովված ասում է Մելսիդա Ժամկոչյանը:
Ոչ բոլոր մարդիկ են սեփական մեքենայով շարժվում և միջոցներ ունեն տաքսիներից օգտվելու համար: Նկատենք, որ նախկին զինվորական ավան տաքսին տանում է 5 լարիով, այսինքն՝ մարդիկ միայն 10 լարի պիտի ծախսեն աշխատանքի գնալու և տուն վերադառնալու համար:
Երեք զավակների մոր խնդիրներն էլ ավելի շատացան: Երեխաները քաղաքում հաճախում են շախմատի, Երիտասարդական կենտրոն, մեկ երեխան՝ մանկապարտեզ: Ընտանիքի բոլոր անդամները տարբեր ժամանակների են աշխատում և աշխատանքի գնում:
«Միթե այսպես կարելի է, թող երթուղային կամ այլ տրանսպորտ տրամադրեն: Շրջանցումով քայլելը շատ վտանգավոր է, այնտեղ մայրուղի է, ինչ անենք, չաշխատենք թե աշխատենք, թե ամբողջ աշխատավարձը տաքսուն տանք: Միևնույն է ապրուստի միջոց չենք ունենա: Ես վախենում եմ իմ երեխաների համար, վտանգավոր է նրանց թողնել մայրուղով գնալ գալ», – դժգոհում է երեք երեխաների մայրը:
Նշենք, որ Վաչիանի մայրուղին, որը տանում է դեպի նախկին զինվորական ավան եւ Ջիվանու թաղամաս, նախատեսված չէ հետիոտների համար, մայթեր կամ հետիոտնային անցումներ չկան: Մայրուղով անցնում են մեծ բեռնատարները Թուրքիայից:
Jnews- ի այն հարցին, թե ինչպես է բնակչությունը հասնելու մինչ աշխատավայր և վերադառնալու տուն, և արդյոք տեղական իշխանությունները մտադիր են հասարակական տրանսպորտ կազմակերպել, մունիցիպալիտետի ղեկավարությունը չկարողացավ պատասխանել։ Ըստ ամենայնի, այդ հարցը քաղաքապետարանում ընդհանրապես չի քննարկվել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը վստահ է, որ վաղն այդ հարցն ինքնին կկարգավորվի, իսկ մասնավոր ավտոմեքենաների սեփականատերերն արդեն կսկսեն գումարի դիմաց սպասարկել բնակիչներին:
«Մենք ոչինչ չենք կարող անել, մենք երթուղային չունենք, որպեսզի հատկացնենք: Մեր հայտարարությունից հետո, կարծում եմ, վաղը երթուղայիններն այնտեղ կլինեն, և հարցը կլուծվի 2-3 օրվա ընթացքում: Կարծում եմ, երթուղային տաքսիները կսպասարկեն 50 թեթրիով: Դե, ինչ-որ կերպ պետք է դիմանալ, իսկ կամուրջը հնարավոր չէ վերանորոգել առանց այն փակելու: Եթե դա ինքնաբերաբար չկարգավորվի, մենք ինքներս կկանչենք և կխնդրենք, որ միկրոավտոբուսներն աշխատեն, իհարկե գումարի դիմաց », – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Քիչ անց քաղաքապետարանից Jnews- ին հայտնեցին, որ նրանք զանգահարել են մասնավոր վարորդներին և պայմանավորվել, որպեսզի նրանք կազմակերպեն բնակչության փոխադրումը: Դեռ հայտնի չէ, թե ինչպես, որ ժամերին և ինչ գումարի դիմաց է իրականացվելու բնակչության տրանսպորտային միջոցներով փոխադրումը: