Ախալքալաք քաղաքի բնակչուհի, 80 տարեկան Գալյա Հակոբյանը բոլորիս օգնության ու հոգատարության կարիքն ունի։ Հունիսի 16-ից նա անկողնուն է գամված,  ընկել ու կոնքոսկորն է ջարդել, վիրահատության համար միջոցներ չունի:

Գալյան Հայաստանի քաղաքացի է, և չի կարող օգտվել Վրաստանում պետական բժշկական արտոնություններից, իսկ վիրահատությունը թանկ է, որի վճարման հնարավորությունն իրենք չունեն։ 80 տարեկան տատիկն ապրում է աղջկա՝  Անահիտ Հովհաննիսյանի հետ:

«Ես տանը չէի, ընկել ու կոնքի ոսկորն է ջարդել, ինքը համ էլ ինսուլտ տարած է, գլխապտույտ էր ունեցել ու ընկել։ Շտապ օգնություն կանչեցի, եկան տարան ռենտգեն արեցին, ասացին, որ ջարդված է, պետք է պառկած մնա այդպես, չգիտեմ ինչքան պետք է մնա պառկած, ընթացքում մկան կառաջանա և հնարավոր է ցավերը վերանա», – ասում է դուստրը:

Ցավերից տատիկը չի կարողանում քնել, չի կարողանում տեղաշարժվել, չշարժվելու պատճառով էլ մեջքի հատվածում խոց է առաջացել։

Քանի որ տատիկը ՀՀ քաղաքացի է, աղջիկը նրան տարել է Գյումրի, այնտեղ ասել են, որ վիրահատությունն անվճար կանեն, սակայն իմպլանտ է պետք, որն էլ, ըստ աղջկա արժե 400 000 ՀՀ դրամ։

Աղջկա խնդրանքը մեկն է՝ բարի մարդիկ հանգանակություն անեն և օգնեն, որ իր մայրիկը կարողանա ոտքի կանգնի: Գոնե կարողանա մեկ ամիս խնամակալ վարձել, որպեսզի Անահիտը գնա Հայաստան վիրահատվելու, նա նույնպես առողջական խնդիրներ ունի:

Տատիկը Հայաստանից է ստանում թոշակ՝ 35 000 դրամ է, որը կազմում է մոտ 236 լարի, ինչն էլ հազիվ սննդին է բավարարում: Աղջիկը՝ Անահիտ Հովհաննիսյանն աշխատում է, անհատական դաշնամուր է պարապում, սակայն ինչպես ինքն է նշում, ամսական ընդամենը 100-200 լարի է ստանում։

Նրանք խնդրում են օգնել իրենց, դուրս գալու դժվարին իրադրությունից։

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել +995 574 86 13 50 հեռախոսահամարով: