Ախալքալաքում արդեն մի քանի օր է «խելացի տեսախցիկները» տուգանում են վարորդներին տարբեր խախտումների համար։ Սկզբնական շրջանում մեզ տրամադրած տեղեկության համաձայն, տեսախցիկները չէին տուգանում տեխզննում չանցած մեքենաներին, սակայն արդեն մի քանի օր է ինչ տեսախցիկները տուգանում են:
Պարեկային ոստիկանության միասնական սպասարկման կենտրոնից այսօր տեղեկացանք, որ «խելացի տեսախցիկները» ցանկացած տեսակի խախտում գրանցում և տուգանում են, այդ թվում՝ նաև տեխզննում չանցած մեքենաներին։
«Խելացի տեսախցիկները» աշխատում են ամբողջ Վրաստանի մասշտաբով:
Ախալքալաքում տեսախցիկները տեղադրված են քաղաքի մուտքերին, ինչպես նաև կենտրոնական փողոցում: Տեսախցիկները տեղադրվել են ՆԳՆ-ի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ: Քաղաքի 9 վայրում կա 18 միավոր տեսախցիկ:
«Խելացի» տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքների 60%-ը կփոխանցվի տեղական բյուջե, իսկ մնացած 40%-ը` կենտրոնական: Մունիցիպալիտետի «խելացի» տեսախցիկների սպասարկման համար հատկացրել է 48 000 լարի:
Նշենք, որ Ախալքալաքում «խելացի» տեսախցիկները մինչ հիմա էլ աշխատում էին, բայց խախտումներ չէին արձանագրում: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ենթակառուցվածքները և ճանապարհային նշանները նորմալ վիճակում չէին:
Գայանե Ակոջյան