Ջավախքում սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների միակ ինտեգրացիոն կենտրոնը Rhea Union կենտրոնի մասնաճյուղն է, գործում է Վրաստանի ՀԱԵ Սամցխե-Ջավախքի թեմի Առաջնորդական Փոխանորդության ենթակայությամբ, աշխատում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինանսական աջակցությամբ: Այս կենտրոնը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա, պետք է գրանցվի նաև «Օտար ուժերի շահերը վարող կազմակերպությունների» ռեգիստրում, այսինքն՝ անվանվում է, այսպես կոչված, օտարերկրյա գործակալ:
Ախալքալաքի ինտեգրացիոն կենտրոնը բացվել է 2010 թվականին և գործում է մինչ օրս։ Սակայն այս ընթացքում եղել են տարիներ, երբ կենտրոնը չի գործել դրամաշնորհների բացակայության պատճառով։ Այդ տարիներին Ախալքալաքի սահմանափակ կարողություններով երեխաները զրկված էին ինտեգրման և սոցիալականացման միակ հնարավորությունից։
Այսօր Ախալքալաքի ինտեգրացիոն կենտրոն է հաճախում 12 երեխա։ Այս կենտրոնը գործում է, որպեսզի սահմանափակ կարողություն ունեցող երեխաները կարողանան զբաղվել արտ-թերապիայով՝ հիմնականում բրուտագործությամբ, խեցեգործությամբ, թաղիքագործությամբ, նաև աշխատում են գույնգույն թղթերով։ Ուսուցչուհիներ Ռուզաննա Երեմյանն ու Երանուհի Մակարյանը խաղում են երեխաների հետ՝ առողջ ապրելակերպ պահպանելու համար։ Այստեղ երեխաները սովորում են նաև բանաստեղծություններ, մասնակցում միջոցառումներին, ստանում են ինտեգրման դասեր, ինչը նշանակում է, որ տարբեր դպրոցների երեխաները քաղաքացիական դաստիարակության դասերի շրջանակներում շփվում են Կենտրոնի սաների հետ:
Եթե դրամաշնորհներ չլինեն, այս երեխաները կրկին կզրկվեն այս ամենից։
«Նոր օրենքը, իհարկե, վերաբերում է նաև մեզ, քանի որ մենք ունենք արտասահմանյան դրամաշնորհներ, որոնց օգնությամբ մենք անում ենք այս հրաշալի բաները։ Եթե ֆինանսավորումը դադարեցվի, մեծ խնդիր կլինի։ Այս դրամաշնորհներն օգնում են ավելի կատարյալ դարձնել ծառայությունը, սա շատ կարևոր է երեխաների և մեզ համար: Եթե օրենքն ինձ պարտավորեցնում է, իսկ ես ապրում եմ այս երկրում, հո չեմ կարող բողոքել այս օրենքի դեմ, ուզեմ, թե չուզեմ, ստիպված եմ գրանցվել»,- ասում է Rhea Union-ի վարչության նախագահ Էլիսո Ռեխվիաշվիլին։
Նա նաև հավելեց, որ հույս ունի մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորման, քանի որ դրամաշնորհների բացակայության դեպքում Կենտրոնը պարզապես չի կարողանա աշխատել։
Ինտեգրացիոն կենտրոնի երեխաները պատրաստել են թղթե ծաղկեփնջեր
Էլիսո Ռեխվիաշվիլիի խոսքով, ամիսը 2-3 անգամ Կենտրոն է բերում լավագույն մասնագետների, որպեսզի նրանք երեխաներին մասնագիտություններ սովորեցնեն։ Կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել հատուկ կարիքներով երեխաների մասնագիտական հմտությունները:
«Տարբեր արհեստանոցներ կան, որտեղ սովորում են աշխատել խեցիի, թղթի հետ։ Սա նույնիսկ վերականգնում չէ, սա ավելի բարձր աստիճան է, սա աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացում է։ Երեխաները գալիս են, զարգանում են, սոցիալականացվում են: Մենք այս կենտրոնում ոչ միայն կանոնավոր պարապմունքներ ենք անցկացնում, այլև, օրինակ, մարդկանց տանում ենք ներառական ճամբարներ, որոնք կազմակերպում ենք Ասպինձայում։ Մենք նրանց սովորեցնում ենք ապրել անկախ, որպեսզի ունենան աշխատանքային զբաղվածություն»,- ասում է Էլիսո Ռեխվիաշվիլին։
Ախալքալաքի ինտեգրացիոն կենտրոնը երեխաներին ընդունում է շաբաթական երկու օր՝ 3 ժամով։
Rhea Union-ը համագործակցում է ՀԱԵ-ի հետ, պարապմունքների տարածքը տրամադրում է ՀԱԵ Սամցխե-Ջավախքի թեմի Առաջնորդական Փոխանորդությունը, որը հոգում է նաև Կենտրոնի կոմունալ ծախսերը: