Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոզապինի լիճն արդեն մի քանի տարի է ճահճանում է։ JNEWS-ը դիմել էր Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալություն՝ պարզելու, թե ինչ գործողություններ են նախատեսվում այդ գործընթացը կանխելու համար։ Ըստ ստացված պատասխանի, այս տարի նախատեսվում է մաքրման աշխատանքներ, իսկ 2023-2024 թվականներին նախատեսվում է լճի գիտական ուսումնասիրություն։
Կարծախ կամ Խոզապինի լիճը Ջավախքի պահպանվող տարածքների մասն է հանդիսանում։ Լիճն անդրսահմանային լիճ է, որի մի մասը գտնվում է թուրքական կողմում։
Պահպանվող տարածքների գործակալության տվյալներով, Կարծախ լճում, իխտիոֆաունան ուսումնասիրելու նպատակով, 2019 թ.-ին համապատասխան հետազոտություն է անցկացվել: Ուսումնասիրությունների արդյունքում լճի ճահճացման խնդիր չի բացահայտվել, սակայն հետազոտության առաջարկություններից մեկը լճի մաքրման անհրաժեշտությունն է։ Գործակալությունը ստացել է առաջարկություններ, որի համաձայն արդեն իրականացրել է մաքրման աշխատանքներ և նախատեսում է կրկին իրականացնել։
«Համապատասխանաբար, ազգային այգու տնօրինության ներգրավմամբ լիճն արդեն մասամբ մաքրվել է: Այս տարի ևս նախատեսվում է իրականացնել մաքրման աշխատանքներ»,- ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ճահճացման գործընթացին, Գործակալությունից նշում են, որ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, տեղումների նվազմամբ, և որ նման իրավիճակ է ոչ միայն այս լճում, այլև տարածաշրջանի մյուս բոլոր լճերում։
«Վրաստանի տարածքում գտնվող մյուս լճերը նույնպես բախվել են այս իրողությանը, այս նկատառումով տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում, այդ թվում՝ լճի մաքրման ուղղությամբ։ Ընդհանրապես, կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է և համաշխարհային գլխավոր մարտահրավերներից մեկը»։
Գործակալությունից նաև հիշեցնում են, որ 2023-24 թվականներին նախատեսվում է Ջավախքի պահպանվող տարածքների լճերի ևս մեկ ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, կնախատեսվեն համապատասխան աշխատանքներ։ Ընթացիկ գիտական հետազոտություններն իրականացվում են 5-10 տարի հաճախականությամբ։
«Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը մշտապես իրականացնում է գործակալության կառավարման մեջ ընդգրկված յուրաքանչյուր տարածքի և կենսաբազմազանության հետազոտություն ու մշտադիտարկում, որի հիման վրա մշակվում է համապատասխան միջոցառումների պլան»,- ասվում է JNEWS-ի հարցման պատասխանում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում Խոզապինի լճի ճահճացումը ընդարձակվում է, լճի վիճակի վատացումը ակնհայտ է։ Դե ձկներն էլ, ինչպես հաստատում են տեղացիները, ավելի քչացել են։ Լիճը ներառված է Ջավախքի պահպանվող տարածքներում։ Խոզապինի լճի ճահճացումը սկսվել է մի քանի տարի առաջ: Լճի մակերեսը ծածկված է ճահճային բուսականությամբ, գործընթացը շարունակվում է։
Ջավախքի լիճը էկոլոգիական աղետի եզրին
Խոզապինի լճի ճահճացումը. այն կուսումնասիրվի 2023-2024 թթ.-ին
Թունաքիմիկատները որպես Խոզապինի լճի ճահճացման հնարավոր պատճառ