Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում Խոզապինի լճի ճահճացումը խորանում է, լճի վիճակի վատթարացումը ակնհայտ է։ ԵՎ ձուկը, ինչպես հաստատում են տեղացիները, քչացել է։ Լիճը ներառված է Ջավախքի պահպանվող տարածքների մեջ։ Առայժմ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել լիճը «փրկելու» ուղղությամբ։

Խոզապինի լճի ճահճացումը սկսվել է մի քանի տարի առաջ: Լճի մակերեսը ծածկված է ճահճային բուսականությամբ, գործընթացը շարունակվում է։ Տարեցտարի ճահճացման գործընթացը շատանում է ու ավելի շատ տարածք է գրավում, և եթե մի քանի տարի այսպես շարունակվի, ապա լիճը կարող է վերածվել ճահճի և էկոլոգիական աղետի վտանգ կառաջանա։ Վտանգի տակ է ոչ միայն լճի ստորջրյա աշխարհը, այլև թռչունները, որոնք ապրում են լճում։

Լիճը գտնվում է Ջավախքի ազգային պարկի տարածքում։ Դեռ 2021 թվականին ազգային պարկի ներկայացուցիչներն ահազանգել էին լճի վիճակի մասին։ Լիճը մաքրման կարիք ունի։

Kardzax
Լիճը քոթեջների կողմից

JNEWS-ը բնապահպան փորձագետներից տեղեկացել է, որ ճահճացման հնարավոր պատճառ կարող է լինել օգտագործվող թունաքիմիկատները, որոնք օգտագործվում է մոտակա դաշտերի մշակման ժամանակ։ Հնարավոր պատճառ են անվանել նաև բազմաթիվ ցանցերը, որոնք ջրի տակ էին պահում ձկնորսները։

Խոզապինի լիճը գտնվում է վրաց-թուրքական սահմանին, լճի մի մասը գտնվում է Թուրքիայում, իսկ մյուս մասը՝ Վրաստանում։

Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունից անցյալ տարի JNEWS-ին հայտնել էին, որ 2023 թվականին նախատեսել են լիճը մաքրել։

kecax

Լիճը Կարծախ-Թուրքիա անցակետից

JNEWS-ը գործակալությունից հետաքրքրվեց, թե երբ և ինչպես են պատրաստվում մաքրման աշխատանքներն իրականացնել։ Սակայն այս հարցերի պատասխանը դեռ չենք ստացել։