Ախալքալաքում «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցները հունիսի 27-ին գծանշումներ են արել, որտեղ պետք է լինեին ճանապարհային գծանշումներ հետիոտնային անցումների համար։ Սակայն ընկերությունը ուշացել է, և Ավտոճանապարհային վարչությունը ծրագրում է դրա համար տուգանել։

Ճանապարհների գծանշման անհրաժեշտությունը սկսեց սուր զգացվել Աղմաշենեբելի փողոցում բազմաթիվ անգամներ կրկնվող, այդ թվում՝ մահվան ելքով պատահարներից հետո։ Jnews-ը բազմիցս գրել է Ախալքալաքի փողոցների և հատկապես Աղմաշենեբելիի հետիոտնային անցումների վտանգավորության մասին։

Մեր լրագրողները բազմիցս դիմել են Վրաստանի ճանապարհային վարչություն, քանի որ կենտրոնական ճանապարհը գտնվում է նրանց հաշվեկշռի վրա։ Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 19-ին, Ճանապարհային վարչության փոխտնօրեն Պավլե Գամկրելիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում խոստացել էր, որ մի քանի օրից Աղմաշենեբելի փողոցի վտանգավոր հատվածում կհայտնվեն գծանշումներ, զեբրաներ, հայելիներ։ Նա նաև հայտնել էր, որ եթե «Ջավախիավտոգզա» ընկերությունը աշխատանքները չկատարի, ապա այդ ընկերությունը կտուգանվի։

Այս թեմայով՝

Աղմաշենեբելիի վտանգավոր հատվածը. Ինչո՞ւ են վթարները հետևում մեկը մյուսին

Հնարավոր է «Ջավախավտոգզա» ընկերությանը տուգանեն

Հունիսի 27-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածվեց, որ ընկերությունը աշխատակիցներ է ուղարկել հետիոտնային անցումները գծանշելու համար:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ավելի վաղ կենտրոնական ճանապարհին տեղադրվել են «Հետիոտնային անցում» նշաններ, իսկ ճանապարհների վրա հետիոտնային անցումների գծանշումը չի կիրառվել, այն բանից հետո, երբ Սակրեբուլոն և Ախալքալաքի քաղաքապետարանը դիմել են ճանապարհը սպասարկող «Ջավախավտոգզա» ընկերությանը, սկսվել են փողոցների գծանշման աշխատանքները: Այս փուլում 25 վայրերում կգծանշվեն հետիոտնային անցումներ, հետո քաղաքի կենտրոնական ճանապարհին ևս ճանապարհային գծանշումներ կարվեն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահը, քաղաքապետը, ինչպես նաև սակրեբուլոյի ու քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ ճանապարհային աշխատողների հետ միասին քայլել են կենտրոնական ճանապարհով և նշել հետիոտնային անցումների վայրերն ու նշանները։ Կենտրոնական ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը», – ասվում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում։

Վրաստանի ճանապարհային վարչության տեղակալ Պավլե Գամկրելիձեի խոսքով, եթե նույնիսկ ընկերությունն արդեն սկսել է թերությունները վերացնելու աշխատանքները, միևնույն է, կտուգանվի։

«Տուգանքներ լինելու են: Նույնիսկ այն բանից հետո, որ ընկերությունը սկսել է աշխատել, այն կտուգանվի, քանի որ այդ աշխատանքները նրանք պետք է սկսեին անել 2-3 շաբաթ առաջ: Դա առանձին ընթացակարգ է, դեռ չեն տուգանել, բայց կտուգանեն», – ասաց նա:

Հիշեցնենք, որ Աղմաշենեբելի փողոցը հիմնովին վերանորոգվել է 2019-2020թթ.-ին, աակայն աշխատանքները հանձնվել են առանց վերականգնման նախագծով նախատեսված գծանշումների և ճանապարհային նշանների ոչ ամբողջական տեղադրմամբ։ Աշխատանքների հանձնումից հետո ավտոճանապարհի տեխնիկական սպասարկման շրջանակներում մեքենաների և հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։ Վերականգնումը, որպես կապալառու, իրականացրել է «Ջավախավտոգզա»-ն, որը հենց սպասարկող ընկերությունն է հանդիսանում։