նորություններ • 30 Սեպտեմբերի, 2026 • Խնդիրներից մինչև լուծում․ Ինչո՞ւ բիզնես գաղափարներն Ախալքալաքում չեն իրագործվում

Ախալքալաքում փոքր ու միջին բիզնեսը շարունակում է մնալ տեղական տնտեսության կարևոր բաղադրիչներից մեկը։ Սակայն նոր բիզնեսների ստեղծման և հատկապես՝ նոր գաղափարների փորձարկման հարցում քաղաքում դեռևս բազմաթիվ խոչընդոտներ կան։ Շատ գաղափարներ այդպես էլ չեն հասնում գործնական փուլ․ դրանց մի մասը կանգ է առնում հենց այն պահին, երբ պետք է առաջին գործնական քայլը կատարել։

Ի՞նչն է խանգարում մարդկանց Ախալքալաքում նոր բիզնես սկսելու հարցում։ Ֆինանսական ռեսուրսների պակա՞սը, փոքր շուկա՞ն, մրցակցությո՞ւնը, հաճախորդների պահանջարկի նկատմամբ անորոշությո՞ւնը, ձախողման վախը թե՞ ֆինանսական դաշտի անբավարար գիտելիքները։ Եվ որքանո՞վ է բիզնես միջավայրի վրա ազդում այն հանգամանքը, որ մարդիկ հաճախ նախընտրում են արդեն փորձված և ծանոթ ուղղությունները՝ նոր գաղափարներ փորձարկելու փոխարեն։

Այս հարցերի պատասխանները հասկանալու համար Jnews-ը փոքր ուսումնասիրություն է անցկացրել՝ զրուցելով Ախալքալաքում բիզնես սկսելու փորձ ունեցող մարդկանց հետ։ Մեր զրուցակիցների թվում են նրանք, ովքեր նոր գաղափար են ունեցել, փորձել են այն կյանքի կոչել, սակայն տարբեր պատճառներով ճանապարհի կեսից կանգ են առել։ Ինչպես նաևմարդիկ, ովքեր, չնայած ֆինանսական, կազմակերպչական և շուկայական դժվարություններին, շարունակել են իրենց գործը և այսօր ունեն գործող բիզնես։

Նրանց պատմությունները տարբեր են, սակայն դրանցում կան ընդհանրություններ․ բիզնես սկսելու ցանկություն, անորոշություն, առաջին քայլի դժվարություն, ձախողման վախ, շուկայի սահմանափակ հնարավորություններ և, միևնույն ժամանակ, սեփական գաղափարին հավատալու կամք։

Զարուհին այն մարդկանցից է, ում աշխարհընկալումն ու մտածողությունն առանձնանում են։ Նա ունի ստեղծագործ մոտեցում, նուրբ զգացողություն մանրուքների նկատմամբ և գաղափարներ, որոնք հաճախ դուրս են Ախալքալաքում ընդունված բիզնես պատկերացումներից։ Սակայն նոր գաղափար ունենալը դեռևս չի նշանակում, որ այն հեշտությամբ կարող է վերածվել բիզնեսի։

«Մեծ ցանկություն ունեի ձեռագործ զարդեր ստեղծելու, սակայն պետք էր ֆինանսական ներդրում։ Մեզ մոտ նմանատիպ զարդեր չկան, ինձ համար ռիսկային էր ստեղծել այդ զարդերը, քանի որ վստահ չէի, որ կկարողանամ դրանք ճիշտ ներկայացնել և, իհարկե, բավարար վաճառք ունենալ։ Ես հրաժարվեցի այդ մտքից։ Եվ հիմա երբ փորձում եմ վերլուծել այդ պահի իմ հոգեվիճակը, հասկանում եմ, որ խնդիրը չստացվող վաճառքը չէր, ես վախեցա այն մտքից, որ գուցե իմ պատկերացումներով ու զգացածով ստեղծվածը գուցե չընդունվի հասարակության կողմից»,- մեզ հետ զրույցում պատմեց Զարուհին։

Հարցին, թե գուցե ստեղծագործ մտքին պակասում էր ֆինանսական գրագիտությունն ու բիզնես մտածողությունը, գաղափարն առաջ տանելու համար, Զարուհին մի պահ մտածեց․

«Գուցե, եթե ունենայի բավականին գիտելիքներ ֆինանսական դաշտից ինչպես նաև բիզնես մտածողություն գրագետ բիզնես վարելու համար, հաղթահարեի ներքին վախերս և առավել վճռական մոտեցում ցուցաբերեի։ Սակայն դա այսուհետ նկատի կունենամ, քանի որ պլանավորում եմ ֆոտո ստուդիա բացել և մեծ հույս ունեմ, որ այս անգամ առավել վճռական քայլեր կձեռնարկեմ», — եզրափակեց Զարուհին։

Նարինեի պատմությունը մի փոքր այլ է։ Չնայած ֆինանսական հարթակի գիտելիքների բացակայությանը, նա չի վախեցել և գնացել է իր նպատակի հետևից․

«Հիշում եմ, երբ նոր էի բացել խանութս, հենց անծանոթ մարդիկ էին գալիս, վախենում էի, որ հարկայինից կլինեն, քանի որ գրանցած չէր իմ բիզնեսը և չգիտեի նույնիսկ, թե որտեղից պետք է սկսեմ հարկային դաշտ մտնելու համար։ Հետո հարկայինից եկան իմ խանութ և նրանք ուղղորդեցին ինձ։ Արեցի այն ամենը, ինչ նրանք ասեցին և առանց վախենալու սկսեցի աշխատել։ Եթե ունենայի հնարավորություն մինչև բիզնես սկսելը որոշակի գիտելիքներ ձեռք բերել հարկային դաշտ մտնելու և մի քանի այլ մանրամասների ու նրբությունների տիրապետեի, առավել ինքնավստահ կլինեի», — իր փորձով կիսվեց Նարինեն։

Հետաքրքիր է նաև Աննայի պատմությունը, ով տուրիզմի ոլորտում է գործնեություն ծավալում։

«Վախենում էի սկսել, քանի որ կարծում էի, եթե հենց սկզբից գրանցեմ, միանգամից պետք է հարկեր վճարեմ։ Իսկ ես չգիտեի, թե ինչքանով կստացվի իմ աշխատանքը։ Բոլորն էլ գիտեն, որ տուրերով զբաղվելը հատկապես սկզբնական  շրջանում, ոչ ստաբիլ է, և, իհարկե՝ սեզոնային։ Հետո սկսեցի հետաքրքրվել ու տեղեկացա, որ հարկ վճարել դեռևս պետք չէ։ Իսկ բիզնեսը գրանցելն ինձ շատ առավելություններ կտա ոլորտում տարբեր համագործակցությունների համար»,- պատմեց Աննան։

Երբեմն նույնիսկ լավ գաղափարները չեն հասնում գործնական փուլ։ Դրանց ճանապարհին կանգնած խնդիրներից մեկը ոլորտի, շուկայի, ֆինանսական հնարավորությունների և գործող կանոնակարգերի մասին բավարար տեղեկության պակասն է։ Գաղափարը կարող է լինել հետաքրքիր, սակայն դրա իրագործման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության բացակայությունը հաճախ մարդուն ստիպում է հրաժարվել այն փորձարկելուց։

Բայց ինչպիսի՞ն է իրավիճակը արդեն գործող բիզնեսների դեպքում։ Որքանո՞վ են Ախալքալաքի ձեռնարկատերերը տեղեկացված ֆինանսական հնարավորությունների, հարկային և իրավական պահանջների, պետական ծրագրերի ու բիզնեսի կառավարման այլ կարևոր բաղադրիչների մասին։ Արդյո՞ք տեղեկատվության պակասը շարունակում է մնալ գործող բիզնեսների զարգացման խոչընդոտներից մեկը։

Այս հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է ֆինանսիստ Ռիպսիմե Օվանօղլյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ մակարդակի վրա է այսօր Ախալքալաքում բիզնեսների ֆինանսական գրագիտությունը, ի՞նչ խնդիրների են առավել հաճախ բախվում ձեռնարկատերերը և ի՞նչ գիտելիքներ կարող են օգնել նրանց ոչ միայն պահպանել, այլև զարգացնել սեփական բիզնեսը։

«Իմ գործնեության շրջանակներում բազմաթիվ դեպքերի եմ հանդիպել, երբ չտեղեկացված լինելու պատճառով փոքր վճարումները չեն արել և մեծ տուգանքներ են վճարել։ Խնդիրը ոչ միայն ֆինանսական դաշտի, հարկայինի օրենքների չիմանալն է, խնդիր է նաև վրաց լեզվի չիմացությունը։ Սովորաբար տուգանքներից առաջ բազմաթիվ նամակներ ու զգուշացումներ են գալիս էլեկտրոնային փոստով և sms հաղորդագրությամբ, սակայն չհասկանալու պատճառով դրանք անտեսվում են։ Փոքր բիզնես վարելը բավականին հեշտ է, եթե ունես որոշակի գաղափար այս ոլորտից։ Մեր օրերում, դժվար չէ ձեռք բերել նվազագույն գիտելիքներ սեփական բիզնեսը վստահ վարելու համար»,- ասաց Ռիպսիմե Օվանօղլյանը։

Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները, հնարավորություններն ու դժվարությունները։ Նոր գործ սկսելու ճանապարհին անորոշությունն ու վախը բնական են, սակայն միայն դրանց պատճառով սեփական գաղափարից հրաժարվելը կարող է նշանակել բաց թողնել մի հնարավորություն, որը հետագայում կարող էր վերածվել հաջողված բիզնեսի։

Ախալքալաքի բիզնես միջավայրի զարգացման համար կարևոր է նոր գաղափարների ի հայտ գալը և դրանց փորձարկման մշակույթի ձևավորումը։ Ոչ բոլոր գաղափարներն են անպայման հաջողության հասնելու, սակայն չփորձելու դեպքում հնարավոր չէ նաև իմանալ՝ ինչ կարող էր ստացվել։

Գուցե հենց այն գաղափարը, որն այսօր թվում է չափազանց նոր կամ անսովոր, վաղը դառնա պահանջված ծառայություն կամ հաջողված բիզնես։ Հետևաբար, սեփական չկրկնվող գաղափարները զարգացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն համարձակություն, այլև գիտելիք, ուսումնասիրություն և հետևողականություն՝ հասկանալ դաշտը, պատրաստվել և վստահորեն առաջ շարժվել սեփական նպատակի ուղղությամբ։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝