Երկու շաբաթ առաջ՝ հունիսի 7-ին, Ճանապարհային վարչության փոխտնօրեն Պավլե Գամկրելիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում խոստացել էր, որ մի քանի օրից Աղմաշենեբելի փողոցի ճանապարհի վտանգավոր հատվածում (որտեղ անընդհատ տեղի են ունենում վթարներ և վրաերթեր) կհայտնվեն գծանշումներ, զեբրաներ, հայելիներ: Նա նաև հայտնեց, որ եթե մինչև հունիսի 12-ը «Ջավախավտոգզա» ընկերության կողմից աշխատանքները չավարտվեն, ապա ընկերությունը կտուգանվի։
Երկու շաբաթ անց, ճանապարհի վտանգավոր այս հատվածում այդպես էլ չհայտնվեցին գծանշումներ, զեբրաներ և հայելիներ:
Աղմաշենեբելիի վտանգավոր հատվածը. Ինչո՞ւ են վթարները հետևում մեկը մյուսին
«Մենք անպայման քայլեր կձեռնարկենք: Ընկերությունը կտուգանվի: Որպեսզի հաջորդ անգամ նման բան չլինի։ Մենք կզանգենք և կտեղեկացնենք տուգանքի մասին, խոստանում եմ, որ շատ շուտով կկատարեն գործը։ Տուգանքի չափը նշված է պայմանագրում։ Միգուցե ես սխալվում եմ՝ այն պետք է կազմի պայմանագրի ընդհանուր արժեքի 0,1%-ը։ Կապ չունի քանի անգամ, մենք կարող ենք տուգանել, կարող ենք շաբաթը մեկ անգամ, քանի դեռ չեն անում։ 2-3 տուգանքներից հետո կարող ենք խզել պայմանագիրն այս ընկերության հետ»,- ասում է Պավլե Գամկրելիձեն։
Ընդգծենք, որ սկսած Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից մինչև «Ավերսի» դեղատուն, Աղմաշենեբելի փողոցի մոտ 1000-1500 մետր ճանապարհահատվածին, որը նաև մայրուղի է հանդիսանում, բազմահարկ տներ են տեղակայված։ Այստեղ երկու կողմից տեղակայված են բազմաթիվ խանութներ, ավտոտեխսպասարկման կենտրոններ և հանդիսությունների սրահներ։ Չնայած սրան, փողոցի ողջ երկարությամբ գոնե մեկ հետիոտնային անցում չկա, թեև ցուցանակներ կան մի քանի տեղերում։ Ճանապարհը, որով մեքենաները շարժվում են մեծ արագությամբ, մարդիկ անցնում են որտեղից պատահի։ Եթե վարորդներից մեկը զիջում է հետիոտնին, ապա երկրորդը, ով հետևում է դրան, կարող է գետնին տապալել անցորդին։ Հետիոտնին վրաերթի ենթարկելու վերջին դեպքը տեղի է ունեցել օրերս, կինը ողջ է մնացել, թեև լուրջ կոտրվածքներ ունի։
Աղմաշենեբելի փողոցը հիմնովին վերանորոգվել է 2019-2020թթ.-ին, աակայն աշխատանքները հանձնվել են առանց վերականգնման նախագծով նախատեսված գծանշումների և ճանապարհային նշանների ոչ ամբողջական տեղադրմամբ։ Աշխատանքների հանձնումից հետո ավտոճանապարհի տեխնիկական սպասարկման շրջանակներում մեքենաների և հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։ Վերականգնումը, որպես կապալառու, իրականացրել է «Ջավախավտոգզա»-ն, որը հենց սպասարկող ընկերությունն է հանդիսանում։