Հունիսի 5-ին Աղմաշենեբելի փողոցում տեղի ունեցած հերթական վթարից հետո, որի հետևանքով տուժել էր հետիոտնը, Ախալքալաքի այս խիտ բնակեցված, ակտիվ հատվածում կրկին հրատապ դարձավ երթեւեկության անվտանգության հարցը։ Ինչո՞ւ են տեղի ունենում բազմաթիվ վթարներ, իսկ տեղական և կենտրոնական իշխանություններն անտեսում են երթևեկության անվտանգության հարցը։ Ի՞նչ են խոստացել Ճանապարհային վարչությունից:
Սկսած Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից մինչև «Ավերսի» դեղատուն, Աղմաշենեբելի փողոցի մոտ 1000-1500 մետր ճանապարհահատվածին, որը նաև մայրուղի է հանդիսանում, բազմահարկ տներ են տեղակայված։ Այստեղ երկու կողմից տեղակայված են բազմաթիվ խանութներ, ավտոտեխսպասարկման կենտրոններ և հանդիսությունների սրահներ։ Չնայած սրան, փողոցի ողջ երկարությամբ գոնե մեկ հետիոտնային անցում չկա, թեև ցուցանակներ կան մի քանի տեղերում։ Ճանապարհը, որով մեքենաները շարժվում են մեծ արագությամբ, մարդիկ անցնում են որտեղից պատահի։ Եթե վարորդներից մեկը զիջում է հետիոտնին, ապա երկրորդը, ով հետևում է դրան, կարող է գետնին տապալել անցորդին։
Հետիոտնին վրաերթի ենթարկելու վերջին դեպքը տեղի է ունեցել օրերս, կինը ողջ է մնացել, թեև լուրջ կոտրվածքներ ունի։
Նման դեպք արձանագրվել էր նաև վերջերս, կինը մի քանի ամիս գամված էր անկողնուն կոտրվածքներով և կապտուկներով, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այս ճանապարհին այնքան մահեր են եղել, որ այս հատվածում երթեւեկության անվտանգության մասին մտահոգվելու առիթ իրապես կա։
Իսկուհի Հակոբյանը տուժածներից մեկն է, ով գիշերային ժամերին ճանապարհի այս հատվածում վթարի է ենթարկվել: Նրա խոսքով, այս դեպքում ճակատագրական դեր է խաղացել այն, որ ճանապարհը վատ է լուսավորված, և այն, որ ճանապարհի հակառակ կողմում վուլկանացման կետի մոտ ապրում է շների ոհմակ:
«Նույնիսկ մայթ չկա, որտեղից անցնենք: Երեկոյան ժամը տասնմեկն էր, մութ էր, լուսավորությունը թույլ էր: Ես հասա վուլկանիզացիայի մոտ, այնտեղ շներ կային, որոնք հարձակվում են, որոշեցի անցնել ճանապարհի մյուս կողմը, նայեցի չորս բոլորս, մեքենա չկար։ Ես ճիշտն ասած ճիշտ չարեցի, անցա կենտրոնով, անցում չկար, ու մեքենան հարվածեց ինձ: Այն հիվանդանոցի կողմից իջնում էր, այնտեղից տեսանելիությունը վատ է»,- ասում է Իսկուհի Հակոբյանը։
Մարդիկ, ովքեր անընդհատ անցնում են այս ճանապարհով, ասում են, որ այս փողոցը հարմարեցված չէ բնակիչների համար։ Բնակիչներն իրենք ուղակի անցնում են այնտեղից, որտեղից պատահի, քանի որ Ախալքալաքում դրա համար տուգանքներ չկան, ինչպես այլ վայրերում է։
«Այս փողոցում փաստացի մայթ չկա, բոլոր մեքենաները կանգնած են, ամբողջ ճանապարհով լցակայաններ են, խանութներ, որտեղ մեքենաները կայանված են մայթին, հարսանյաց սրահներ, և այստեղ էլ բոլոր մեքենաները կանգնած են, ավտոլվացարաններ և մինչև հասնում ես… Վերջերս երկու մեքենա վթարի էին ենթարկվել, այստեղ հաճախ է լինում նման բան: Թող հետիոտնային անցումներ կազմակերպեն, որ մարդիկ գոնե իմանան որտեղից անցնեն»,- ասում է բնակիչը, ով անցնում էր Աղմաշենեբելի փողոցով։
Մայրուղին գտնվում է Ճանապարհային վարչության պատասխանատվության տակ, և շինարարության ընթացքում անտեսվել են բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են ջրահեռացման բացակայությունը, հետիոտնային անցումները և այլն: Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի խոսքով, տեղական նախագծերը վերահսկվում են «Քրիզոլիտ»-ի և քաղաքապետարանին կից վերահսկողության բաժնի կողմից, սակայն տեղական իշխանությունները չգիտեն, թե ով է վերահսկում պետական նախագծերը։
«Եթե հետևել թե այս փողոցում, այս 15 000 մետրի վրա քանի վթար է լինում… Այդպիսի ամիս չկա, որ ավտովթարի կամ հետիոտնին վրաերթի ենթարկելու 1-2 դեպք չլինի, ինձ թվում է, որ խնդիրն այն է, որ հետիոտնային անցումներ չկան ճանապարհային նշանների հետ մեկտեղ, վարորդների համար զգույշ լինելն ավելի հեշտ կլինի, եթե դրանք լինեն։ Այս տարածքը խիտ բնակեցված է: Այնտեղ նաև կա միայն մեկ լուսացույց: Սա մայրուղի է, և գուցե այնտեղ լուսացույցի անհրաժեշտություն կա: Վատն այն է, որ վթարային դեպք է լինում, մարդկանց մեքենաները հարվածում են, և խնդիրներ են առաջանում, իսկ մենք լուծումներ չենք կարողանում գտնել, և չգիտենք, թե երբ կլուծվի տվյալ խնդիրը։ Եթե դա լիներ տեղական իշխանությունների գործը, ապա մենք դա վաղուց կանեինք։ Քաղաքապետարանի հետ ցանկացած տեղական խնդիր ավելի արագ կլուծենք, բայց երբ խոսքը գնում է պետական խնդիրների մասին, ապա սկսվում է նամակավարություն»,- ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Աղմաշենեբելի փողոցը հիմնովին վերանորոգվել է 2019-2020թթ.-ին, աակայն աշխատանքները հանձնվել են առանց վերականգնման նախագծով նախատեսված գծանշումների և ճանապարհային նշանների ոչ ամբողջական տեղադրմամբ։ Աշխատանքների հանձնումից հետո ավտոճանապարհի տեխնիկական սպասարկման շրջանակներում մեքենաների և հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։ Վերականգնումը, որպես կապալառու, իրականացրել է «ՋավախԱվտոԳզա»-ն, որը հենց սպասարկող ընկերությունն է հանդիսանում։
Պարզելու համար, թե ինչու այս ճանապարհը պատշաճ կերպով չի սպասարկվում, Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի ճանապարհային վարչության հետ։ Ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեն խոստացավ զբաղվել այս հարցով։
«Ես զանգեցի «ՋավախԱվտոԳզա», նրանք շատ արագ կսկսեն այդ գծանշումներն անել, զեբրաները և այլն, նրանք ասացին, որ անպայման պետք է հայելիներ տեղադրեն, մոտ 5 հատ: Մյուս շաբաթվա սկզբին Դուք մեզ զանգահարեք և կտեսնեք, եթե նրանք այդ ամենը չանեն՝ կտուգանենք: Նա ասաց, որ անպայման շատ արագ կսկսի անել այս ամենը»,- ասաց Պավլե Գամկղրելիձեն։
Jnews-ը հետեւողական կլինի, արդյոք խոստացված աշխատանքները կկատարվե՞ն։