Ամառ է, սկսվել են դպրոցական արձակուրդները, երեխաներն ամբողջությամբ թողնված են իրենց կամքին: Այնուամենայնիվ, ամառային ամիսներն օգտակար անցկացնելու համար շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են տարբեր խմբակներ ու ճամբարներ, և բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչ ամառային ճամբարներ են գործելու Ախալքալաքում:
Ախալքալաքում այս տարի երեխաների համար ճամբար չի նախատեսվում:
«Տավշանկա» ճամբարի համար այս տարի Ախալքալաքի բյուջեում գումար նախատեսված չէ: Արդեն մի քանի տարի է, կորոնավիրուսի համաճարակից սկսած Ախալքալաքում ճամբարը չի կազմակերպվում: Քաղաքապետարանի Սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, փոփոխություն հնարավոր է, բայց քիչ հավանական:
Սուրբ Խաչ եկեղեցու ճամբարը նույնպես դեռ չի ծրագրվում: Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի խոսքով, իրենք դեռ ֆինանսավորում են փնտրում և, հնարավոր է հուլիսին կամ օգոստոսին ճամբարը լինի:
Երեխաներին մնում է հաճախել մունիցիպալ արտադպրոցական մշակութային կրթական հաստատություններ: Արձակուրդում կլինի միայն Երաժշտական դպրոցը, մնացածը՝ Ապագայի տունը, Նկարչական դպրոցը, Մարզահամալիրը, Սպորտ դպրոցը, Մշակույթի տան կից խմբակները կշարունակեն աշխատել ամռանը: