Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի նախաձեռնությամբ երեկ՝ հունիսի 19-ին, Ախալքալաքում առաջին անգամ նշվեց Հայրերի օրը։
Տոնը սկսվեց ապագայի տանը։ Տոնին հրավիրված էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարությունը և Հայ առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի թեմի ներկայացուցիչները։ Ներկա էին ապագայի տան սաների ծնողները և հյուրեր։
Միջոցառումը բացեց Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային խորհրդի անդամ Սեդա Մելքումյանը։
«Մեր նպատակն է հիշեցնել պետական մարմիններին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, թե ինչ է նշանակում ծնողական հավասարություն, որքան կարևոր է ստեղծել և իրականացնել ընտանիքի աջակցության քաղաքականություն։ Այս օրը նշվում է ամբողջ աշխարհում, սա հասարակության զարգացման երաշխիքն է հանուն առողջ ընտանիքի։ Մենք նշում ենք և նշելու ենք ամեն տարի»,- ասաց Սեդա Մելքումյանը։
Նրա խոսքով, պետք է գնահատել հոգատար հորը, որպեսզի նպաստել ամուր ընտանիքի բարեկեցությանը։
«Կարծրատիպերը հաճախ խանգարում են հայրերին լինել ուշադիր հայրեր, ամուսիններ, ընտանիքի անդամներ»,- հավելեց Սեդա Մելքումյանը։
Դրանից հետո հյուրերին ողջունեց Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մայթեսյանը։
«Մեզ՝ հայերիս, վրացիներիս համար կարևոր տոն է, հայրը մեզ համար ընտանիքի ամենակարևոր անդամն է, նա ընտանիքի հենարանն է»,- ասաց Սաթենիկ Մայթեսյանը։
Տեղի ունեցավ համերգ Ապագայի տան սաների մասնակցությամբ։
Տոնը նշվեց նաև քաղաքապետարանի դիմացի պուրակում, գեղարվեստի դպրոցի երեխաների աշխատանքների ցուցահանդեսով, յուրաքանչյուր աշակերտ իր հայրիկին նկարել է այնպես, ինչպես պատկերացնում է նրան։
Ելույթ ունեցան նաեւ Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի սաները։ Քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչները և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Հայրերի օրը ԱՄՆ-ում առաջին անգամ նշվել է 1910 թվականին, 1966 թվականից ԱՄՆ-ում այն հռչակվել է որպես ազգային տոն և նշվում է հունիսի երրորդ կիրակին։
Վրաստանում տոնն առաջին անգամ նշվել է 2016 թվականի հունիսի 19-ին։ Հայրերի օրը նշվում է ՄԱԿ-ի հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից: Վրաստանն այս տարի այդ օրը նշեց հունիսի 18-ին։