Ախալքալաքում ավարտվեց «Փորձագիտական երկխոսություն» ծրագիրը, որի նպատակն էր տեղեկացնել Ախալքալաքի բնակչությանը` Վրաստանի որոշ օրենքների և երկրի եվրոինտեգրման մասին, ինչպես նաև բնակչությունից տեղեկատվություն ստանալ եվրոինտեգրման ոլորտում իրենց գիտելիքների մակարդակի մասին:
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի վերջ Ախալքալաքի շրջանում`«Քաղաքացիական զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը անցկացնում էր «Փորձագիտական երկխոսություն» նախագիծը, ECMI-ի (Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոն) ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում անցկացվել է 6 վարժանք(թրեյնինգ) և 6 հանդիպում Ախալքալաքի շրջանի գյուղերում` Դիլիսկա, Արագվա, Վաչիան, Կորխ, Բավրա և Կիրովական:
Դպրոցներում վարժանքներին մասնակցել են 10-րդ դասարանի աշակերտները և պատմության, աշխարհագրության և քաղաքացիական կրթության ուսուցիչները, հանդիպումներին` նույն գյուղերի բնակչությունը:
«Նպատակային խումբը պետք է կազմված լիներ 10 մարդուց, սակայն, հակառակ մեր սպասումներին որոշ գյուղերում ներգրավված էին ավելի շատ մարդիկ: Վարժանքի թեման էր ` «Ես Վրաստանի քաղաքացի եմ»: Մենք տալիս էինք տեղեկություն Վրաստանի օրենքների մասին, որոնք պետք է իմանա Վրաստանի քաղաքացին, Վրաստանի քաղաքացիության և ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքների մասին: Հանդիպումների ժամանակ, որոնք անցկացվում էին նույն գյուղերում, մենք տեղեկանում էինք, թե ինչքանով է իրազեկ բնակչությունը` Արևելյան գործընկերության, եվրոինտեգրացիայի և Եվրոմիության ու Վրաստանի համագործակցության և առանց այցեքարտի այցելության մասին», – ասում է «Քաղաքացիական զարգացման կենտրոնի» տնօրեն Անահիտ Ժամկոչյանը:
Ըստ նրա, Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին գիտելիքների մակարդակը տեղում շատ ցածր է, դրա պատճառը լեզվի չիմացությունն է, ինչի հետևանքով գյուղերում չեն նայում և չեն կարդում վրացական լրատվամիջոցներ: Նաև կարևոր գործոն է համարվում այն, որ մարդիկ ավելի լավ են ընկալում Եվրասիական միությունը, քան Եվրոմիությունը, դրա պատճառը` սերտ ընտանեկան և սոցիալական կապերն են Ռուսաստանի Դաշնությունում: